Այս ուսումնական տարին շատ բուռն է մեկնարկել. վարչապետը Գիտելիքի և դպրության օրվա առիթով «խուճուճ» ձևակերպումներով ուղերձ է հրապարակել, տարբեր տրամաչափի պաշտոնյաներ մի քանի տեսախցիկների ուղեկցությամբ այցելել են կրթական հաստատություններ, ԿԳՄՍ նախարարի շնորհակագրով պարգևատրվել է քրեական հեղինակությունը, նախարարը թիվ 122 դպրոցի ղեկավարի իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հրաման է ստորագրել, և, որ ամենակարևորն է, առաջին դասարան է գնացել վարչապետի կրտսեր դուստրը՝ Արփին:
Վերջին լուրն իբրև լուրջ իրադարձություն լայնորեն տարածվել է ոչ միայն մամուլում, այլև սոցցանցերում ու «վաստակել» տարաբնույթ՝ ընդհուպ կոպիտ մեկնաբանություններ, ինչն անընդունելի է: Արփին երեխա է, և չգիտի, որ իր հոր անունը կապվում է մեր հայրենիքի մեծ մասի կորստի ու հազարավոր մարդկային զոհերի հետ, նա մեղավոր չէ, որ իր հայրը փորձում էր թոշակի ուղարկել այն կրթօջախի տնօրենին, որտեղ ինքը հիմա սովորում է: Արփին նաև տեղյակ չէ, որ սեպտեմբերին շատ բալիկներ չկարողացան իր նման գեղեցիկ հագնված դպրոց հաճախել, որովհետև իրենց տները, խաղաղալիքները, հագուստները, ընտանեկան լուսանկարներն ու գրքերը մնացել են այնտեղ, որտեղ հիմա թշնամին է տնօրինում, ու կան նաև երեխաներ, որոնց հայրերը չեն վերադարձել պատերազմից, և նրանց սեպտեմբերի 1-ին դպրոց են ուղեկցել հայրիկների ծառայակիցները:
Բայց կյանքը շարունակվում է այնպես, ասես ոչինչ էլ չի եղել, ու Արփիի հայրը տարբեր ուղերձներ, շնորհավորանքներ ու ցավակցություններ է հղում նաև այս կամ այն երկրի վարչապետին ու նախագահին, անգամ բազմազբաղության մեջ նկատում է Թուրքիայից եկող «դրական ազդակները»: Նա որոշել է, որ շատ երեխաների հայրերը, եղբայրները, հորեղբայրներն ու քեռիները, որոնք դեռևս ադրբեջանական գերության մեջ են, մի քանի ամիս էլ կսպասեն ու կներեն, քանի որ իր համոզմամբ՝ «Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար»:
Անցյալ ուսումնական տարվա սկզբին թշնամին վաղ առավոտյան պատերազմ սկսեց մեր դեմ, ու 44-oրվա ընթացքում կորցրինք մեր լավագույն տղաներին: Շատ երեխաների ու մանկավարժների սեպտեմբերը հարամվեց… Բայց Արփիի հոր համար դա հիմա կարեւոր չէ: Նա ասում է` կեցցեն մեր զոհերը, իսկ պատերազմական օրերին «պաշտոնական» կեղծիք տարածող Արծրուն Հովհաննիսյանը, որ ամեն ասուլիսին հայտարարում էր՝ «հաղթելու ենք», հիմա էլ դարձել է քովիդի դեմ պատվաստանյութի հպարտ քարոզիչ:
Արեգ Արևյան