copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:14 02-09-2021

Այժմ համագործակցում ենք միայն ԱԱԾ-ի հետ, որովհետև մնացած կառույցներից հույս չունենք. անհայտ կորած զինվորի ծնող

Օրեր առաջ անհայտ կորած զինծառայողների ծնողները հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել այս անգամ արդեն ԱԱԾ շենքի դիմաց:

Հերթական անգամ հարյուրավոր անհայտ կորածների ծնողների միևնույն հարցերին՝ ի՞նչ լուր կա մեր զավակներից, ինչու՞ չեք գտնում, լսվեց հերթապահ պատասխանը, ինչը որ ասվում է արդեն 11 ամիս շարունակ. «Մենք օր ու գիշեր աշխատում ենք անհետ կորածների խնդրով…: Մենք ինտենսիվ որոնողական աշխատանքներ ենք տանում… Մի քիչ էլ համբերությամբ սպասեք և այլն… Ադրբեջանը հրաժարվում է տվյալներ տրամադրել ռազմագերիների, պահվող անձանց վերաբերյալ»:

Ծնողների և որևէ պատկան կառույցի հետ հանդիպումները, ծնողներից մեկի բնորոշմամբ, հիշեցնում է երկու տարբեր նպատակ ունեցող կողմերի անհասկանալի բախում, երբ մի կողմը քնում ու արթնանում է մի երազանքով, աղոթքով՝ կյանքը դարձրած ապրող-չապրողի հիվանդ սպասում, մյուս կողմն էլ իր վրա դրված պարտականությունը կատարելու անկարողությունից ուշքն ու միտքը կենտրոնացրել է, որ իրենց դեմ բողոք, աղմուկ չբարձրացվի, կարողանան արագ լռեցնել, պետության անզորությունը կամ անգործությունը ծածկեն, որ հանկարծ ղեկավարությունը չվարկաբեկվի:

Ծնողների ներկայացմամբ, անհետ կորած զինվորներն այնքան շատ են, որ բաժանվում են տարբեր խմբերի՝ ծնողների և զինվորականների հավաքագրած փաստական տվյալների հիման վրա: Մեր զրուցակցի խոսքով, ԱԱԾ-ի դիմաց բողոքողները, որի մասնակից էր նաև ինքը, հիմնականում Ստեփանակերտի զորամասերից մեկի երկու տասնյակի հասնող անհայտ ճակատագիր ունեցող զինվորների ծնողներն ու հարազատներն էին, որոնցից 8-ի դիերն արդեն գտնվել և դատաբժշկական քննությամբ հաստատվել են:

- Ի՞նչ պատասխան ստացաք Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից վերջին հանդիպման ժամանակ: Ինչու՞ այլևս չեք համագործակցում ՊՆ-ի հետ, և բողոքի ցույցերը իրականացնում եք ԱԱԾ-ի մոտ:

-Նույն պատասխանը ստացանք. մեծ ջանքերով, հետևողական զբաղվում են մեր տեղեկությունների քննությամբ, մեր զավակների մասին հստակ տեղեկություն գտնելու խնդրով: Պետք է համբերատար սպասենք, հենց նորություն լինի, կհաղորդեն: ՊՆ-ի հետ խզել ենք մեր կապը, որովհետև նախնական տեղեկություններ տալուց հետո, տեսել ենք լիովին անգործություն այս հարցում. գրեթե ոչինչ չեն արել անհետ կորած երեխաներին որոնելու, գտնելու ուղղությամբ: Ամբողջ ընթացքում մեր ծնողներն անձամբ իրենց հետաքննություններով, ջանքերով ու միջոցներով են պարզել շատ փաստեր, որոնումներ են կատարել անդադար: Գիտեմ անգամ ծնողների, որոնք անձնական նախաձեռնությամբ հասել են Իրան, երբ լսել են, որ հավանականություն կա՝ այնտեղ շրջապատման մեջ հայտնված հայ զինվորներ կան: Մեր ունեցած տեղեկությունները նաև ռուս խաղաղապահներին ենք փոխանցել, այս պահին, բացի ԱԱԾ-ից, համագործակցում ենք Զինվորական դատախազության, Քննչական կոմիտեի հետ: Հուսանք` շուտով տեղեկություններ կստանանք:

Անհետ կորած զինվորը Նառա Մելիքյանի միակ զավակն է, ում մեծացրել է միայնակ, արժանապատիվ, լավ դաստիարակությամբ, կրթությամբ: Մայրը պատմեց, որ իր տղան առողջական խնդիր է ունեցել և ենթակա է եղել զինվորական ծառայությունից ազատման, սակայն դա չի խանգարել, որ իր տղան կարգապահությամբ, առանց գանգատվելու իր պարտքը կատարի հայրենիքի առաջ, իսկ պատերազմի ժամանակ որպես հրետանավոր` ամենավտանգավոր մարտական առաջադրանքների է գնացել իր ծառայակիցների հետ: Մայրիկի խոսքով, պատերազմի ընթացքում միայն իրեն հանգստացրել է, եղել է շատ մարտական, անվախ, մի քանի բառ է ասել, անգամ տեղափոխությունների, գտնվելու վայրի մասին ոչ մի բան չի ասել: Սպասված զանգը չի հնչել 2020-ի հոկտեմբերի 10-ից հետո: Մայրն ասաց, որ իրենց հավաքած տեղեկությունների, վկայությունների հիման վրա՝ պարզել են, որ իրենց երեխաներին անհասկանալի պատճառներով տարել են Հադրութ այն ժամանակ, երբ արդեն գրավված է եղել այն, այնպիսի վայր, որտեղ հրետանի չպետք է կանգներ, ապա վերադաս սպաները, դասալիք դավաճանի պես, անտեր են թողել իրենց զավակներին ու փախել՝ իրենց կաշին փրկելու համար: Արդյունքում մի քանիսը նրանց հետևից լքել են մարտական դիրքը, մնացած 21 տղաները մնացել են և ընկել շրջափակման մեջ:

Արցունքից խեղդված ձայնով տիկին Նաիրան սահմռկած ասաց, որ վկաների պատմածով իր տղային վրաերթի ենթարկելով են փախել վերադաս սպան ու ևս մի քանի հոգի, այլ հանգամանք պարզ չի ո՛չ իր տղայից, ո՛չ էլ նրա ծառայակիցներից: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հանցավոր դեպքի հիման վրա քննչական մարմնում գործ հարուցվել է: Նրանք պատասխանեցին՝ այո, հարուցվել է, նախաքննական փուլում է դեռևս գտնվում, հավելյալ տեղեկություն չեն կարող ասել, բայց եթե չբացահայտվի, և մեղավորները արժանի պատիժ չստանան, ուրեմն իմացել են պատերազմի ելքը և ստորաբար իրենց երեխաներին թողել են բախտի քմահաճույքին՝ իրենց թանկ զավակներին ուղարկելով իզուր, անիմաստ զոհվելու:

«Խայտառակ անկառավարելի, քաոսային վիճակ է եղել բանակում, որի համար որևէ մեկը դեռ պատասխան չի տվել: Պատմում են, որ զինվորների մի խմբի ԱԹՍ-ի հարվածի տակ բաց բեռնատարով են տեղափոխել, և մինչև հիմա այդ լույս տղաների ճակատագիրը անհայտ է մեր տղաների պես»,-հուզված ավելացրեց տիկին Անահիտը՝ զինվորի մորաքույրը, որը հարցազրույցի ընթացքում օգնում էր հուզված քրոջ խոսքը կիսատ չմնա: Որպես վերջաբան՝ տիկին Նաիրան նորից շեշտեց, որ իրենց որդիներն այս ճակատագրին չէին արժանանա, եթե նախևառաջ ՊՆ-ն, Հայոց բանակի, Արցախի ՊԲ-ի հրամկազմը, սպաներն իրենց տեղում լինեին, որովհետև զինվորի անմիջական պատասխանատուն նրանք են, այսպես չէր լինի, եթե ղեկավարությունը կարողանար նորմալ կառավարել: «Բոլորն են պատասխանատու և մեղավոր, բոլորին էլ անվստահությունս եմ հայտնում, նրանք թույլ են տվել կոպտագույն սխալներ, տգիտություն, եսասիրություն են ցուցաբերել, մասսայաբար անմարդկային վերաբերմունք, դավաճանություններ, փախուստ, դասալքություններ են եղել»:

Ամենից շատ դիտված