«Նաիրի» կինոթատրոնի անունից հանդես է գալիս վարձակալության դիմաց չվճարած ու խախտումներ կատարած ընկերություն. փաստաբան
copy image url

«Նաիրի» կինոթատրոնի անունից հանդես է գալիս վարձակալության դիմաց չվճարած ու խախտումներ կատարած ընկերություն. փաստաբան

Ներքին 3 տարի առաջ - 22:52 26-08-2021

«ՆԱԻՐԻ կինոթատրոն» անվամբ ֆեյսբուքյան էջը վարում են մի ընկերության աշխատակիցներ, որոնք ժամանակին վարձակալել են կինոթատրոնի դահլիճը, բայց «Նաիրի կինոթատրոն» ապրանքանիշի հետ կապ չունեն և չունեն դրա իրավունքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «ՆԱԻՐԻ կինոթատրոն» ՍՊԸ փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Հիշատակված ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակվել առ այն, որ սեփականատեր Սմբատ Նասիբյանի կողմից, ըստ հրապարակման, անօրինական փակվել է «ՆԱԻՐԻ» կինոթատրոնի մուտքի դռները և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենքի տարածք, և որ տևական ժամանակ խոչընդոտվում է կինոթատրոնի աշխատանքը:

Փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ տվյալ ընկերության տնօրենը՝ Հենրի Քոչարյանը, քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, բավական երկար ժամանակ հետախուզման մեջ էր գտնվում, և բերման է ենթարկվել վարույթ իրականացնող մարմին:

«Ընկերությունը ամիսներ շարունակ չի վճարում վարձավճարը, զավթել էր տարածքներ, որոնք չէր վարձակալել, պահանջներ էր ներկայացրել այլ վարձակալների առ այն, թե իբր ինքն է սեփականատերը, և մյուս վարձակալները պետք է դուրս գան շենքից: Բացի այդ, իրենց կողմից չվարձակալված տարածքների պատերին պաստառներ են փակցրել, ընկերության տնօրենը արարքներ է կատարել, որոնց առնչությամբ հանցագործության մասին հաղորդումներ են տրվել ինքնիրավչության, գույքի վնասման, խուլիգանության դրվագներով:

Իրականությունը ճիշտ հակառակն է՝ ընկերության դրամարկղի վրա հարկադիր կատարողի կողմից արգելանք է դրված, Քոչարյանը հայտարարել է, որ գույք չունի, արձանագրվել է, որ հակահրդեհային կանոնները ընկերությունը չի պահպանել՝ այցելուների կյանքի համար ռեալ վտանգ է ստեղծվել, դիմակների կրման պարտադիր պահանջը ևս չի պահպանվել, հոսանքի օգտագործման համար առանձին բաժանորդ չի դարձել, ինչի պարտավորություն ունեցել է, ավելին՝ օգտագործել է տանիքը, շենքի արտաքին մակերեսը պաստառներ փակցնելու համար, իսկ դա քաղաքային իշխանության կողմից վերահսկվող ոլորտ է, ու կարող է խոշոր տուգանքի պատճառ դառնալ: Ախր այդ դրոշը տեղադրելու համար սեփականատերը պետք է պատասխանատվություն կրի, եթե դու չես վճարում վարձավճարը, դա չի նշանակում, որ կինոթատրոնին չեն տուգանքի ապօրինի պաստառ կամ դրոշ փակցնելու համար»,- նկատեց Մկրտչյանը:

Փաստաբանը հայտնեց, որ միջնորդություն է ներկայացրել քննիչին, որպեսզի ընկերության ղեկավարին ենթարկեն դատահոգեբուժական փորձաքննության, որովհետև նրա ներկայացրած հաղորդագրությունները, այդ թվում՝ հանրային դեմքերի վերաբերյալ, կարծում են, խնդրահարույց է:

«Նորմա մարդը նման բանի ընդունակ չէ: Ասում է՝ չեք թողնում մտնել տարածք, Կենտրոնի ոստիկանություն դիմում են ներկայացրել, բայց, կներեք, ինչու՞ պետք է թույլ տրվի, եթե վարձը չես վճարում, կանոները չես պահպանում, քեզ սեփականության իրավունքով չպատկանող գույք ես օգտագործում, այլ վարձակալների բնականոն աշխատանքը խանգարում ես, քաղաքացիների և ընկերության աշխատակիցների հասցեին հայհոյանքներ ես հնչեցնում: Նրանք վարձակալել են բացառապես դահլիճը, ֆիլմեր ցուցադրել՝ սեփականատիրող էկրանի վրա, աթոռներով, սարքավորումներով, և դրա դիմաց չեն վճարել այդպես էլ, դեռ մի բան էլ կասկածի տակ են դնում տարիներ առաջ կատարված սեփականաշնորհման գործընթացը»,- նկատեց փաստաբանը: