copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:18 26-08-2021

Ի՞նչ սպասել այս ծրագրից և, ընդհանրապես, սպասե՞լ ինչ-որ բան. «ոտքերով» ապագան. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր քաղաքական «մշակույթի» մեջ ամենօրյա երևույթ է դարձել խոսել հավակնոտ ծրագրերից, որոնք թույլ են տալու Հայաստանն ուղղակի դարձնել երազանքների երկիր։ Եվ հենց այս տրամաբանության շրջանակներում է, որ Փաշինյանի կառավարությունը հանրության դատին է ներկայացնում բազմաթիվ օդային խոստումներով պարուրված 2021-2026 թվականների ծրագիրը։ Սակայն սա առաջին ծրագիրը չէ, որ օրակարգ է բերում ՔՊ-ական կառավարությունը։ 2018 թվականի հունիսին և 2019 թվականի փետրվարին ևս Փաշինյանը խրոխտ կեցվածքով ներկայացնում էր կառավարության ծրագրերը։ 2018 և 2019 թվականների կառավարության ծրագրերի շրջանակներում Փաշինյանը խոստանում էր Հայաստանի զարգացման բոլորովին նոր հեռանկար բացել, բայց խոստումներով չէ, որ պետք է տալ կառավարության և ընդհանուր առմամբ իշխանությունների գործունեության գնահատականը։

Ի վերջո, տեսանք, թե իշխանությունների վարած քաղաքականությունն ինչպիսի արդյունքների հանգեցրեց։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը կապիտուլ յացիոն պարտության է ենթարկվել, որի արդյունքում կորցրել է իր հայրենիքի մի մասը, ունեցել հազարավոր վիրավորներ ու զոհեր։ Իսկ պարտության առաջ բերած հոգեբանական բարդույթը դեռ երկար ժամանակ մեզ ուղեկցելու է։ Սրան գումարում ենք նաև այն հանգամանքը որ արդեն ամիսներ շարունակ հակառակորդի զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, որի արդյունքում խախտված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Փաշինյանը կարող է հազար ու մի պատճառ բերել իր իշխանության ձախողումներն արդարացնելու նպատակով, թե նախկիններն են մեղավոր, հանգամանքներն այնպես չդասավորվեցին, ինչպես պետք է լիներ, և այլն, բայց փաստը մնում է փաստ, որ նախկինում իրենց ներկայացրած ծրագրերը ընդամենը թղթի կտորի նշանակություն են ունեցել և իրենց բուն նպատակին՝ երկրի զարգացմանը չեն ծառայել։

Իսկ հիմա արդեն լիովին անմտություն կլինի մտածել, թե կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը Հայաստանում մեծ հաշվով նոր դրական փոփոխությունների առիթ է դառնալու։ Քիչ չէ, որ թշնամական երկրի զորքերը օկուպացրել են Հայաստանի տարածքները, հիմա էլ պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը, որն էլ իր հերթին հանգեցնում է նոր զոհերի ու վիրավորների։ Հակառակորդի սադրանքների արդյունքում սահմանամերձ շատ բնակավայրեր ուղղակի կանգնած են հայաթափման վտանգի առաջ, իսկ Փաշինյանը, որի իշխանությունն ի վիճակի չէ ապահովել մեր քաղաքացու անվտանգությունը և զբաղված է միայն մեկ անձի անվտանգության պաշտպանությամբ, դեռևս խոսում է ծրագրում արտացոլված երկարատև խաղաղության, կայունության ու Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման անհրաժեշտության մասին։ Ի՞նչ սահմանազատման մասին է խոսքը, երբ Ալիևը հայտարարում է, թե որտեղ ուզեն, այնտեղ էլ կկանգնեն, Զանգեզուրն ու Սևանն իրենց տարածքներն են։

Թերևս Հայաստանում պարտված իշխանությունների վերարտադրությունը Ադրբեջանին հնարավորություն է տվել շարունակել կոշտ հռետորաբանությունը։ Պատահական չէ նաև, որ Ալիևը հայտարարում է, թե Հայաստանի իշխանությունները համակերպվել են իրենց կրած պարտության հետ։ Եվ հարկ է ընդգծել, որ, կարծես, այդ համակերպումն արտացոլված է նաև կառավարության ծրագրում, քանի որ դրա մեջ որևէ խոսք անգամ չկա Արցախից օկուպացված տարածքները, առաջին հերթին Շուշին ու Հադրութը Արցախի վերահսկողության ներքո հետ բերելու մասին։ Այսինքն, Փաշինյանն ու իր թիմակիցները կատարվածն արդեն անշրջելի իրողություն են համարում։ Դրա համար էլ Ադրբեջանի իշխանությունները առաջնորդվում են այն տրամաբանությամբ, թե քանի դեռ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն որևէ կերպ հակազդել իրենց, առանց ժամանակ կորցնելու պետք է Հայաստանին մեկը մյուսի հետևից նոր կապիտուլյացիոն պայմաններ պարտադրել։

Բայց եթե «քայլական» իշխանությունները լռության ուխտ են արել Ադրբեջանից եկող հոխորտանքներին պատասխանելու հարցում, միևնույն ժամանակ անողոք են ընդդիմությանը հակադարձելու ու ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ տարատեսակ ճնշումներ բանեցնելու հարցում։ Խորհրդարանում տեղի ունեցող գործընթացները հենց դրա մասին են վկայում։ Իշխանություններն այնքան են իրենց չափ ու սահմանն անցել, որ արդեն հասել են պատգամավորների նկատմամբ ֆիզիկական բռնություններին։ Չնայած, դա հասկանալի է, քանզի նրանք ի վիճակի չեն մտավոր առումով հակադարձել ընդդիմադիրներին, մնում են միայն ոտքերն ու ձեռքերը, այլ միջոց նրանք պարզապես չգիտեն: Մնում է հասկանալ՝ կառավարության ծրագիրն էլ են միայն ոտքերով կյանքի կոչելո՞ւ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան