Երևան +30°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:14 25-08-2021

Ադրբեջանական կողմը տևական կրակահերթեր է արձակել Շուշիի մոտակայքում հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից օգոստոսի 24-ին՝ օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր ադրբեջանական կողմը ակտիվորեն և տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի դիմաց տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից տարբեր զինատեսակների բեկորները հասել են գյուղի բնակելի հատված, իսկ օգոստոսի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Շուշիի հատվածից արձակված կրակոցներից տուժել է համայնքի բնակիչներից մեկի տունը։

«Ադրբեջանի վարքագիծը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը պետք է հեռացվեն բնակավայրերից այնպիսի հեռավորության վրա, որտեղից հնարավոր չի լինի ուղիղ դիտարկմամբ նշանառության տակ պահել քաղաքացիական բնակավայրերը, քանի որ դրանք անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համար։

Ադրբեջանական զինված ուժերի անօրինական գործողությունների պատճառով խաթարվում է սահմանամերձ դարձած բնակավայրերում խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը։

Եվս մեկ անգամ ընդգծում եմ միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրման կարևորությունը, ինչը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին և կանխել դրանց հետագա կրկնությունը»,- նշել է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Ֆոտոշարք