Երևան +17°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:16 25-08-2021

Ինչո՞ւ վարչապետ Ն. Փաշինյանն Արտաքին գործերի նախարար չէր նշանակում՝ շրջանցելով Սահմանադրության պահանջը

Համաձայն ՀՀ Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում:

Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Ինչպես տեսանք, Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում նշանակվեց օգոստոսի 2-ին, որից հետո, վերոնշված հոդվածի համաձայն, վերջինս մինչև օգոստոսի 7-ը նախագահին պետք է ներկայացրած լիներ կառավարության ողջ կազմը: Մինչև օգոստոսի 16-ը վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի ստորագրությամբ նշանակվել էին բոլոր նախարարները և փոխվարչապետները՝ բացի Արտաքին գործերի նախարարի, ինչը եզակի հանդիպող երևույթ էր մեր քաղաքական պրակտիկայում:

Օրենքի նմանօրինակ խախտումը, սահմանված ժամկետում այդ առանցքային պաշտոնին համապատասխանող թեկնածու չնշանակելը, փաստում էր լուրջ և ուշագրավ խնդիրների մասին՝անկախ նրանից, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փորձել է դա բացատրել, որ «Ըստ նույն Սահմանադրության՝ կառավարությունը ձևավորված է համարվում, եթե նախարարների 2/3-ը նշանակված են»:

Խնդրի խորքային է, ուղիղ կապ ունի աղետալի պատերազմից հետո ստեղծված աննախադեպ բարդ, ցավալի իրավիճակի, սահմաններում չնվազող լարվածության, անավարտ պատերազմական դրության, արտաքին քաղաքականության շատ դժվար հաղթահարելի,անկանխատեսելի մարտահրավերների հետ:

Ինչքան էլ իշխանության ներկայացուցիչներն այս հարցին խուսափողական, հաճախ մանիպուլյատիվ պատասխաններ էին տալիս կամ ընդհանրապես չէին պատասխանում, դրան հակառակ՝ մամուլում և սոցիալական կայքերում էր ակտիվորեն բարձրաձայնվում, քննարկվում, ծաղրվում քաղաքական տարբեր փորձագետների, գործիչների,նույնիսկ իրավագետների կողմից՝ հնչեցնելով տրամագծորեն հակառակ և նման կարծիքներ: Այս թեմայի շուրջ մենք զրուցեցինք քաղաքագետ,իրանագետ Արմեն Վարդանյանի հետ:

-Պարո´ն Վարդանյան, նախքան հարցս ձևակերպելը՝ փորձեմ ընդհանուր ներկայացնել այս թեմայի շուրջ քաղաքագետների,փորձագետների ծավալած քննարկումները, առավել տարածված տեսակետները,վերլուծությունները:

Գերակշռող կարծիք կար, որ վարչապետ Փաշինյանի նախընտրած թեկնածուն ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատար,ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր, որի թեկնածությանը դեմ է եղել ՌԴ-ն, որը մեր իշխանությունների կողմից վարած 30 տարիների արտաքին քաղաքականության և հատկապես անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա ողբերգական, արյունալից պատերազմի հետևանքով դառնալով այս խնդրի գլխավոր խաղացող միջնորդ,Արցախի՝հայկական կողմին մնացած մասում խաղաղապահ ուժեր տեղակայելով, Հայաստանի վրա չափից դուրս մեծ ազդեցությունն է ձեռք բերել, և վերջինիս սպասված «դաբրոն»չի եղել՝այս հարցում հաշվի առնելով Ա. Գրիգորյանի «սորոսական» լինելը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նրա հետ աշխատանքային հարաբերությունները, հատկապես՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո,արդյունքում մեր սուբյեկտայնության,ինքնավարության մակարդակն այնքան է ցածրացել, որ չենք կարող անգամ ինքնուրույն ԱԳՆ նշանակել:

Նաև կարծիք կա, որ դիվանագիտական կորպուսը նույնպես բացասական է վերաբերել նրա նշանակմանը: ԱԳՆ չնշանակման համար, որպես ընդգծված փաստարկ, նշվում, որ կադրային դիվանագետները, քաջ գիտակցելով՝ ինչ է սպասվում իրենց այդ պաշտոնում, չեն ցանկանում ստեղծված ծանր պայմաններում ստանձնել այն կամ չեն ցանկանում աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում:

Ըստ որոշ լուրերի՝ արդեն ԱԳՆ նշանակված Արարատ Միրզոյանը ևս հրաժարվել է ստանձնել այդ ծանր պարտավորությունը՝ աչքի առաջ ունենալով նաև նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունից հետո իր դեմ կատարված մահափորձը, բայց քանի որ բոլոր կողմերի համար միակ ընդունելի թեկնածուն էր, ի վերջո հաստատվեց նրա թեկնածությունը: Ըստ ընդդիմախոս քաղաքագետների՝ բոլոր թեկնածուները հետևություններ են անում ոչ թե Փաշինյանի խոսքից, հավաստիացումներից, այլ՝ ՌԴ նախագահ Վ.Պուտինի, որը բաց ակնարկել է՝ առաջիկա ամիսներին սպասվում են «բարդ, զգայուն, ցավոտ լուծումներ»: Նկատի ունենալով այս բազմազան, տարաբևեռ կարծիքները,վերլուծությունները,Ձեր ունեցած տեղեկատվությունը՝ ի՞նչ կարծիք ունեք Դուք, ինչո՞ ւ ԱԳՆ ժամկետի խախտումով նշանակվեց:

- Ես կարծում եմ՝ նախևառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին այս կարևոր պաշտոնին պատրաստ չէր համարում,թեև իսպառ չեմ բացառում ռուսական «դաբրոյի» գործոնը, հետո էլ հարմար թեկնածու չէր գտնում, որովհետև, իմ համոզմամբ, կադրային լավ դիվանագետների հանդեպ վստահություն չուներ,բացի դրանից՝ պարզ և հասկանալի է, որ դիվանագետներից շատերը խուսափում են դառնալ արտգործնախարար այս չափազանց բարդ ժամանակահատվածում, որովհետև պատասխանատվությունն աննկարագրելի մեծ է:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի «դաբրոյին», ապա ես հակված չեմ կարծելու, որ դա Ռուսաստանի «դաբրոյից» էր կախված: Չեմ ժխտում՝ պետք է ընտրվեր այնպիսի մարդ, որ կարողանար լավ աշխատել ռուսական կողմի հետ, բայց վերջին խոսքը կառավարության ղեկավարինն է:

Երբ Արմեն Գրիգորյանը դարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար, շատերը կրկին հայտարարում էին, որ ռուսական կողմը չի վստահում Արմեն Գրիգորյանին, բայց նա, ընդհանուր առմամբ, կարողանում էր աշխատել ռուսական կողմի հետ և մնաց այս պաշտոնում մինչև 2021 թ. հունիսի ընտրությունները»:

Ձեզ գուցե հետաքրքրի