Ներքին 5 տարի առաջ - 19:55 09-08-2021

Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է աշխատանքից

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կատարող Վլադիմիր Սիմոնյանն ազատվել է աշխատանքից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչպես է նշանակվել այդ պաշտոնին, Կարապետյանը նշեց, որ տվյալները վերջերս են ի հայտ եկել:

«Այդ տվյալները փաստում են այն մասին, որ փաստաթղթերով Սիմոնյանը չի համապատասխանում տնօրենին ներկայացվող պահանջներին: Այդ պատճառով տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու անհրաժեշտություն առաջացավ: Որոշում է կայացվել ԺՊ նշանակել Արևիկ Մկրտչյանին, ով զգալի փորձ ունի ոլորտում՝ աշխատել է Կենդանաբանական այգում, բացի դրանից, ոլորտում փորձառու և որակյալ մասնագետ է»,- նշել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը:

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն օգոստոսի 9-ին բողոքի ակցիա էին իրականացնում՝ դեմ արտահայտվելով տնօրենի նոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի նշանակմանը: Աշխատակիցները նշում էին, որ Մկրտչյանը նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու թիմակիցն է, և պնդում, որ թույլ չեն տալու նախկինների վերադարձը:

Հարցին, արդյոք այդ ամենը համապատասխանում է իրականությանը, Կարապետյանը բացասական պատասխան է տվել:

«Այո, Արևիկ Մկրտչյանն աշխատել է նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ: Թյուրընկալումներից խուսափելու համար պետք է արձանագրել, որ կենդանաբանական այգում այսօր աշխատողների մեծ մասը նույնպես աշխատել է այդ ժամանակ: Ցանկանում եմ փարատեմ այն մտայնությունը, որ Արևիկ Մկրտչյանը գալու է ու կատարի Ռուբեն Խաչատրյանի ծրագրերը. այդպիսի բան չի լինի»,- ասել է Կարապետյանը:

Անդրադառնալով այն լուրին, թե Վլադիմիր Սիմոնյանին, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում, չի ծանուցվել աշխատանքից ազատման մասին, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է, որ բանավոր նրան այդ մասին մի քանի անգամ հայտնել են:

«Տնօրենի պարտականությունները կատարողին այդ լիազորությունների դադարեցման մասին ծանուցման կարգ օրենսդրությամբ չի նախատեսվում: Մինչև հիվանդանոց գնալը, պարոն Սիմոնյանը բանավոր տեղեկացել է այդ մասին և տեղյակ է եղել»,- ընդգծել է Կարապետյանը:

Ավելի վաղ, կենդանաբանական այգու աշխատակիցները լրագրողների հետ զրույցում հայտնել էին, որ իրենք կշարունակեն բողոքի ակցիան այնքան, մինչև իրենց բարձրացրած խնդիրը չլուծվի:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա