Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:13 04-08-2021

Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնության ու բուժսպասարկման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է հետևյալը․

«Ի տարբերություն զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերի՝ ծառայության ընթացքում զինծառայողների համար օրենքով ամրագրված չեն առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում: Խնդիրն ի հայտ է եկել զինվորական հոսպիտալներ կատարված այցերի, բողոքների քննարկումների և օրենսդրության ուսումնասիրության արդյունքում:

Այլ կերպ ասած՝ ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ՝ հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում:

Մինչդեռ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորական պարտականությունների կատարմանը նրանց արագ ներգրավման անհրաժեշտությունը՝ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում:

Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում:

Խնդիրը քննարկվել է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ միմյանց միջև փոխհամագործակցության շրջանակում արվում է առավելագույնը զինծառայողներին անհրաժեշտ հետազոտությունները և բուժական միջամտություններն առանց հերթագրման կազմակերպելու համար: Նաև նշել են, որ խնդիրը լուծելու համար Կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ բժշկական կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի:

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի, հարցի համակարգային լուծման նպատակով հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով:

Առաջարկվում է՝

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտություններ հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից