Երևան +16°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:05 31-07-2021

Այդ փոփոխությունները ԱԺ հևիհև բերելուն 2 պատճառ կա․ Գեղամ Մանուկյան

7-րդ գումարման Ազգային ժողովը իր հոգեվարքի մեջ «ափալ-թափալ» մի քանի նախագիծ անցկացրեց։ Նա իրենց «գրպանի փողը» 50 հազարից դարձին 250 հազար, ապա հայհոյանքը քրեականացնելու օրինագիծ բերեցին ԱԺ։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանին հարցրինք, թե ի՞նչու են այսպես հապճեպ նախագծեր բերում և անցկացնում․ « 250 հազար դրամների վերաբերյալ «Հայաստան» դաշինքի բազմաթիվ պատգամավորներ հենց առաջին օրվանից էին ահազանգ հնչեցնում, և ի վերջո «Հայաստան» դաշինքի պաշտոնական տեսակետն արտահայտեց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ խորհրդարանի գործունեության մեկնարկից անմիջապես հետո նախաձեռնելու ենք օրենսդրական փոփոխությամբ չեղարկել այդ 250 հազար դրամների՝ արդեն օրենքի ուժ ստացած ձևակերպումը՝ վերադառնալով նախկին ձևակերպմանը։ Դրա համար մի քանի պատճառ կա․ նախ արդար չէ, երբ ԱԺ պատգամավորներին ուղղակի առանձնացնում են Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությունից, երբ ուսուցչի, բժշկի, մյուս մասնագիտությունների տեր մարդկանց աշխատավարձերում փոփոխություն չկա։ Այստեղ «գրպանի գումար» ձևական ասվածը, այդ գումարը ի վերջո հավելվում է պատգամավորների աշխատավարձին։ Երկրորդ հարցը․ ինչո՞ւ շտապես «Իմ քայլը» դաշինքը՝ վերջին օրերին հևիհև այդ փոփոխությունը բերելով․ 2 պատճառ կար․ առաջինը՝ սրանով փորձում էին ապագայում պատգամավորներին պարգևավճարներով հավելյալ գումար տալու այդ արատավոր գործելաոճից խուսափել, որովհետև հասկանում էին, որ խորհրդարանում է լինելու «Հայաստան» դաշինքը, և ամեն մի նման փորձն ուղղակի աղմուկ է դառնալու, ուղղակի հանրությունը շատ արագ տեղեկանալու է։ Երկրորդը՝ եթե ապագա խորհրդարանում հարցը քննարկվեր, ուղղակի շատ դժվար կլիներ իշխանությանը հալած յուղի պես այդ նախագիծը անցկացնել։ Ի դեպ, մաթեմատիկական հաշվարկով այդ 250 հազար դրամը, որն ամսեկան տրվելու է պատգամավորին, գրեթե նույն ծավալի գումար է, ինչ նախկինում պատգամավորին տրվել է պարգևավճարների ձևով։ Նույնը իշխանության կողմից կատարվեց Երևանի ավագանիում, բայց այստեղ ավելի պարզ, շիտակ ու անբռնազբոս ասացին՝ այն գումարները, որ առաջ պարգևավճարներ էին տրվում, հիմա դառնում են աշխատավարձ։ Սա իշխանության 3 տարվա գործունեության «լավագույն» դրսևորումներից մեկն է, երբ հպարտանում են, թե իրենք չեն թալանել, մինչդեռ թալանածի հետ մեկտեղ նման անհավատալի օրինական կերպով բյուջեի թալանով են զբաղված եղել 3 տարի շարունակ, հիմա էլ նոր ձևով ուզում են այդ ամենն օրինականացնել»,- ասաց Մանուկյանը։

Հարցրինք նաև, թե ի՞նչ դիրքորոշում ունի «Պատիվ ունեմ» դաշինքի այն առաջարկի վերաբերյալ, որ ԱԺ-ում պետք է ստեղծվի Արցախի հարցերի մշտական հանձնաժողով․ «Մշտական հանձնաժողովի ձևավորմանը մենք կողմ կարտահայտվենք, որովհետև իրականում 44 օրյա պատերազմից հետո Արցախն իշխանությունների ջանքերով և գործունեության արդյունքում կարծես դուրս է մնացել հայկական օրակարգից, ավելի ճիշտ՝ միայն հայաստանյան օրակարգից, որովհետև սփյուռքի մեր համայնքները, մեր լոբիստական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները շարունակում են իրենց համառ ջանքերը հանուն Արցախի, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման, պաշտպանունակության, և պատահական չէ, որ միջազգային ատյաններում վերջին շրջանում նման բազմաթիվ բանաձևեր, որոշումներ․․․, Արդբերջանի դեմ Կոնգրեսի բանաձև է ընդունվում, նմանատիպ տարբեր ձևակերպումներ և՛ եվրոպական ատյաններում, և՛ արևմտյան երկրներում։ Հատկապես հիմա շատ կարևոր է Արցախի Հանրապետության, Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունն ամբողջովին խոշորոացույցի տակ պահել, մի վայրկյան Արցախը չպետք է միայնակ մնա թշնամու դեմ։ Այն, ինչ հիմա փորձում են իշխանություններն իրականացնել, և ընդհանրապես փորձում են հայկական քաղաքական օրակարգից Արցախյան հարցը դուրս մղել»,- նշեց Մանուկյանը։