Երևան +16°
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:15 13-07-2021

ՍԴ-ում ընտրությունների հարցի քննությունը՝ «լակմուսի թուղթ». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ընթացքից պարզ է դառնում, որ լիովին թյուր է իշխանությունների կողմից տարածվող այն միֆը, թե հունիսի 20-ի ընտրությունները եղել են ազատ ու թափանցիկ։ Դատաքննության ժամանակ ընդդիմության դիրքորոշումը ներկայացնող իրավաբանները, մասնավորապես Դավիթ Հարությունյանը և Արամ Վարդևանյանը, ոլորտի մասնագետների համոզմամբ, իրավագիտության իսկական «մաստեր կլաս» տվեցին և ներկայացրեցին այնպիսի իրավական փաստարկներ, որոնք հիմք են դատարանի համար ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ մանդատների բաշխման կարգը փոխելու համար։ Այսինքն, ընտրությունների արդյունքները ամբողջովին կասկածի տակ դնելու տեսանկյունից առկա են բոլոր անհրաժեշտ իրավական հիմնավորումները։

Ընդ որում, փաստերն այնպիսին են, որ կարող են ազդել նաև մեր հետագա իրավական պրակտիկայի վրա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է այն փաստին, որ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո այդ պաշտոնը զբաղեցնող անձը չէր կարող արդեն վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնել։ Հրաժարականն իրենից ենթադրում է պաշտոնեական լիազորություններից հրաժարում, իսկ մենք ունենում ենք դեպք, երբ հրաժարական ներկայացրած, ապա ԱԺ-ի կողմից փաստացի երկու անգամ «մերժված» անձը շարունակում է իրականացնել նույն լիազորությունները։ Սա նշանակում է, որ Փաշինյանը ոչ օրինական հիմքերով է զբաղեցրել այդ պաշտոնը։ Դրան գումարած՝ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ կուսակցության նախընտրական քարոզչությունն ու հավաքներն աչքի են ընկել բարձրաստիճան պաշտոնյաների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների աննախադեպ ներգրավվածությամբ և ուժի ցուցադրմամբ։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի վարքագծում դրսևորվել են վարչական ներգործության, իր մրցակիցների նկատմամբ ատելության, բռնության, սպառնալիքների և վրեժխնդրության տարրեր։ Սրանով իրեն վարչապետի պաշտոնակատար համարող անձն ակնհայտորեն վերազանցել է իր լիազորությունները։

Եվ հետաքրքրական է, որ անգամ ՄԻՊ-ն է մտահոգություն հայտնել վարչապետի կողմից արտաբերվող ատելության խոսքի առնչությամբ։ Սակայն շատ չխորանանք իրավական խնդիրների մեջ, հատկապես, որ ընդդիմադիր ուժերը հարյուրավոր էջերով փաստեր են ներկայացրել ՍԴ: Հիմա շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում կունենա Բարձր դատարանը, ավելի ստույգ՝ դատավորները՝ իրավակա՞ն, թե՞ քաղաքական: Ընդունենք, որ սահմանադրական օրինականություն հաստատելու տեսանկյունից ՍԴ դատավորները շատ լուրջ պատասխանատվություն են վերցրել իրենց ուսերին։ Բայց այս համատեքստում աչքի է զարնում այն իրողությունը, որ բոլոր դատավորները չէ, որ ելնում են սահմանադրական օրինականության ապահովման շահերից։ Այդպես, օրինակ՝ դատավորներից բացասական առումով առանձնանում է Վահե Գրիգորյանը։ Նա փաստացի ավելի շատ հանդես է գալիս ոչ թե որպես իրավաբան, այլ որպես քաղաքական գործիչ՝ չթաքցնելով իր սուբյեկտիվ դիրքորոշումը այն հարցերում, որտեղ առկա է իշխանությունների շահը։

Ու ամենամեծ զավեշտն այն է, որ նա որակումներ է տալիս իր գործընկերներին, նույնիսկ վիրավորում նրանց ու ցանկանում այլ որակի ՍԴ ունենալ: Հետաքրքիր է՝ ի՞նչ որակի ՍԴ է ուզում ունենալ, այնպիսի, որտեղ բոլորը «վահեներ» լինե՞ն, զուտ քաղաքական որոշումներ կայացնողնե՞ր: Հիշենք, որ խոսքն այն դատավորի մասին է, որն իր ընտրության ժամանակ ԱԺ ամբիոնից իրեն արդեն ՍԴ նախագահ էր ինքնահռչակում, իսկ հետագայում գրեթե մեկուկես տարի նույնիսկ աշխատանքի չի ներկայացել՝ փոխարենը ստանալով աշխատավարձն ու պետությունից հասանելիք բոլոր արտոնությունները: Իհարկե, ցավալի է, որ ՍԴ-ում կա նաև նման դատավոր (հուսանք՝ ոչ դատավորներ): Բայց շատ ավելի կարևոր է Բարձր դատարանի կոլեկտիվ դիրքորոշումը, ընդ որում՝ բացառապես իրավական դիրքորոշումը: Անկախ նրանից, թե ինչ հանգուցալուծում կունենա գործի քննությունը, այն լակմուսի թուղթ է՝ հասկանալու, թե ովքեր են օրենքի ու իրավունքի կողմնակից, իսկ ովքեր՝ զուտ քաղաքական շահեր սպասարկողներ։ Այսինքն, հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվե՞լ է ստանալ իր «սրտի» ՍԴ-ն, որը բացառապես ընդունում է իր քիմքին հաճելի որոշումներ, թե՞ մնում է սահմանադրականության և օրենքի սահմաններում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում