Ներքին 5 տարի առաջ - 14:14 10-07-2021

Արցախի պետական նախարարը շրջայց է ունեցել Հանրապետական բժշկական կենտրոն և հանդիպել բուժանձնակազմին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և ԱԺ պատգամավորներ Արամ Գրիգորյանի ու Էլեոնորա Ավանեսյանի հետ միասին, շրջայց է ունեցել Ստեփանակերտի «Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, ապա հանդիպել է բժշկական անձնակազմի հետ: Այդ մասին հայտնում են Արցախի կառավարությունից։

Պետական նախարարը շրջել է առանձին բաժանմունքներով, հետաքրքրվել հիվանդանոցի ծանրաբեռնվածության աստիճանով, հրատապ լուծումներ պահանջող խնդիրներով և ադրբեջանական հրթիռակոծությունների հետևանքների վերացման աշխատանքներով: Այցի ընթացքում գլխավոր տնօրեն Մհեր Մուսայելյանը ներկայացրել է հակիրճ տեղեկատվություն յուրաքանչյուր բաժանմունքում բուժվող հիվանդների քանակի, նրանց առողջական վիճակի, հիվանդանոցում առկա մահճակալային ֆոնդի, կորոնավիրուսային վիճակի, բուժսարքավորումներով հագեցվածության վերաբերյալ:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Ա.Բեգլարյանը, մասնավորապես, նշել է. «Ինչպես գիտեք, առողջապահական ոլորտը իմ անմիջական համակարգման ներքո գտնվող ոլորտներից մեկն է: Սա իմ առաջին հանդիպումն է ձեզ հետ. ուստի, օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում 44-օրյա պատերազմի ընթացքում ձեր կատարած անձնվեր աշխատանքի համար, որի շնորհիվ բազմաթիվ կյանքեր եք փրկել»:

Խոսելով ընթացիկ աշխատանքների մասին՝ Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ հիմնարար բարեփոխումներ են նախատեսվում ոլորտում, որոնց արդյունքները կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինեն և՛ բուժաշխատողների, և՛ քաղաքացիների համար: Նա կարևորել է կանխարգելիչ առողջապահության ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը, բնագավառում նոր մասնագետների ներգրավումը, բժշկական ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև բուժաշխատողների շարունակական վերապատրաստմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակներում էլեկտրոնային համակարգի կիրառմամբ զգալիորեն կնվազի անհարկի վարչարարությունը:

«Կցանկանայի համատեղ վերհանել ընթացիկ խնդիրները, որոնք խոչընդոտում են ձեր աշխատանքներին: Վստահ եղեք՝ համալիր լուծումներ ենթադրող հարցերում առանցքային նշանակություն է ունենալու ձեր կարծիքներն ու առաջարկները»,- հանդիպման ընթացքում նշել է Ա. Բեգլարյանը:

Հանդիպման վերջում պետական նախարարը պատասխանել է բուժաշխատողներին հուզող հարցերին, տեղում տվել համապատասխան հանձնարարականներ ոլորտի բնականոն աշխատանքների ապահովման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից