Ներքին 5 տարի առաջ - 15:46 08-07-2021

Էլլի նապաստակը կօգնի երեխաներին հաղթահարել հարազատի կորստի ցավը. զոհվածի երեխայի համար ստեղծված հեքիաթը տպագրվել է

Արցախյան 44-օրյա պատերազմը բազմաթիվ հայ ընտանիքների համար անդառնալի կորստի պատճառ դարձավ՝ հազարավոր մարդկանց սրտերում թողնելով չսպիացող վերքեր: Հրադադարի օրը՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Կարմիր շուկայում զոհված կամավոր Կարենի կինը՝ Տիգրանուհին, հիշում է, որ ամուսնու մահվան բոթը լսելուց անմիջապես հետո, առաջինը, որ անցավ նրա մտքով, 3-ամյա Նանեն էր: «Նրանք անսահման մոտ էին: Պատերազմի ողջ ընթացքում հեռախոսով խոսել են ու եկել է մի պահ, որ երեխային պետք է բացատրես, թե ինչու հոր հետ այլևս չի խոսելու, խաղալու»,- ասում է Տիգրանուհին:

Տիգրանուհու պատմությունը սկսում է դեռևս 90-ականներից, երբ նրա հայր զոհվեց պատերազմում: «Ես այդ ճանապարհը շատ բարդ եմ անցել, ինձ միշտ անորոշ պատասխաններ են տվել, ինչը միայն խորացրել է սպասումը,- պատմում է Տիգրանուհի Հովհաննիսյանը,- Ինձ համար ամենակարևորն այն էր, որ Նանեն մաքսիմալ քիչ սթրես տանի: Ի սկզբանե բացառել էի երեխային խաբելու կամ հույս տալու հանգամանքները: Պատերազմի ընթացքում կարդացել էի հեքիաթաթերապիայի մասին, որը բավականին արդյունավետ միջոց է համարվում երեխային մահվան ու հարզատի մասին կորուստը պատմելու հարցում: Սակայն գրախանութներում ոչ մի գրականություն չգտա, ոչ էլ համացանցում հետաքրքիր բան կար, ուստի՝ որոշեցի դիմել հոգեբանին»:

Հոգեբան Հրաչուհի Առաքելյանի հետ երկար քննարկումներ են ունեցել, որից հետո հոգեբանը փոքրիկ հեքիաթ է ուղարկում Տիգրանուհուն, որը անձամբ էր գրել:

«Երբ Հրաչուհին մեր հոգեբանը հեքիաթն ուղարկեց, որոշեցի, որ պետք է գիրք դառնա: Խնդրեցի ընկերներիցս մեկին՝ Շուշան Կոմուրյանին, նկարազարդել այն: Արդյունքում շատ գեղեցիկ նկարներով ու ջերմ հեքիաթ դարձավ: Հերոսը Էլլի նապաստակն էր, որի միջոցով երեխան միայնակ չի զգա իրեն՝ իր դժբախտության մեջ և կտեսնի, որ դրանից հետո կարելի է և պետք է ապրել», - նշում Տիգրանուհին:

Փոքրիկ Նանեի արձագանքը դրական էր: Այժմ նա հաճախ է պատմում գրքի մասին, երբ նրան հարցեր են տալիս, գրքից է ցիտում. «Ես զգում եմ, որ նա ճիշտ է ընկալել գրքի ուղերձը, գիրքը նրան ուժ է տալիս: Երբ նրան հարցնում են՝ ուր է Կարենը՝ հայրը, ասում է՝ նա երկնքում է, նա լույս է դարձել ու նայում է մեզ, նա ֆիզիկապես չի կարող մեր կողքին լինել, գրկել մեզ, բայց ոչ թե նրա համար, որ չի սիրում մեզ, այլ որովհետև լույս է դարձել: Նա սկսում է գրքից դրվագներ պատմել, թե երազում տեսել է Կարենին, ու նա ասել է, որ շատ սիրում է իրեն ու մամային»:

Հեքիաթն էլ այն լեզուն է, որ երեխաները ընկալում, հասկանում ու սիրում են լավագույնս, ասում է հոգեբան, հեքիաթի հեղինակ Հրաչուհի Առաքելյանը. «Գիրքը կօգնի ցանկացած կորստի դեպքում` ուղղակի կորստի փաստը պատկերացնելու համար: Անգամ մեծահասակներին եմ խորհուրդ տալիս: Ովքեր կարդացել են, ապրել են ինչ-որ զգացումներ, որոնք բոլորի համար են, համամարդկային են»:

Տիգրանուհին նշում է, երեխայի հետ աշխատելու կարևորագույն գործոններից է նաև էմոցիոնալ սթափությունը. ցանկալի չէ սեփական էմոցիաները կապել երեխային, քանի որ նրա համար ավելի ցավալի է հարազատի ցավը տեսնելը: «Երեխան չպետք է իրեն դժբախտ զգա, պետք է շարունակի ապրել ու իրագործել իր և հոր երազանքները: Մեզ չեն կրթում, թե ինչպես պետք է խոսենք երեխայի հետ: Այս հարցն ակտուալ է ոչ միայն պատերազմների ընթացքում. կորուստներ միշտ են լինում: Երեխան չպետք է կոտրվի, բայց դրա համար նախ ծնողը պետք է փորձի չկոտրվել: Երեխայի հետ միշտ խոսել է պետք, իսկ ինչը ես չգիտեի, ասում էի՝ Նա՛ն, ես էլ չգիտեմ: Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ մենք առավելագույս քիչ վնասներով հաղթահարում ենք այս դժվարին ճանապարհը»,- ասում է Տիգրանուհին և հավելում, որ թեման պետք է հանրայնացնել ու կոտել այն կարծրատիպեր, որոնք թույլ չեն տալիս ճիշտ աշխատել երեխայի հետ:

Այսօր տպագրվել է 500 օրինակ գիրք՝ նախատեսված 3+ տարեկան երեխաների համար: Վաճառքի է միայն 150 օրինակ գիրք, որը հասանելի են մի շարք գրախանութներում: Մնացածը նվիրելու են 44-օրյա պատերազմում զոհված տղաների 3-6 տարեկան երեխաներին: Իսկ վաճառքից ստացված գումարը կրկին ուղղվելու է գրքի վերահրատարակմանը:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան