Երևան +12°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 17:03 06-07-2021

Կրթության առաքելությունը. հայկական քրիստոնեական բազմազավակ ընտանիք

Կրթությունն է բոլոր հարցերի պատասխանը: Ցանկացած մասշտաբի ու նշանակության հիմնախնդրի լուծումների ուղիների վերջին հանգրվանը կրթությունն է: Հաճախ են արվում կրթության դերի ու առաքելության մասին հարցադրումներ, թե ինչպիսի՞ անձ, ինչպիսի՞ քաղաքացի պետք է կերտեն դպրոցը, համալսարանը: Հարցերին էլ հաճախ տրվում են ստանդարտ, բայց երևի ոչ սխալ պատասխաններ. դպրոցը, համալսարանը, անգամ նախակրթարանը պետք է կերտեն հայրենասեր, պատասխանատու, բնության ու հասարակության հանդեպ հոգատար անձ, քաղաքացի: Պատասխանների բովանդակությունն, իհարկե, կարող է տարբերվել ճաշակից ճաշակ, համոզմունքից համոզմունք, աշխարհայացքից աշխարհայացք:


Ի՞նչ տեղ ու դեր է հատկացված կրթության մեջ հայոց ազգային հիմնարար արժեքներից մեկին՝ ընտանիքին: Կրթական օրենսդրության և կրթական ծրագրերի բովանդակության մեջ որքանո՞վ է կարևորված հայկական ընտանիքը, ինչպիսի՞ն է այն ներկայացվում, ի՞նչ մոդելավորմամբ ու փաթեթավորմամբ: Խնդիրը ծավալուն և արհեստավարժ հետազոտության առարկա է: Սակայն նույնիսկ ոչ մասնագիտական, հպանցիկ հայացքը բավարար է հաստատելու, որ հայկական քրիստոնեական ընտանիքի, առավել ևս՝ բազմազավակ ընտանիքի գաղափարը արժևորված չէ ո՛չ կրթական օրենսդրության, ո՛չ ծրագրերի, ո՛չ էլ արտաուսումնական բնույթի միջոցառումներում:


ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածով պետությունը հանձն է առնում հատուկ պաշտպանության և հովանավորության տակ առնել ընտանիքը՝ որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք: Սա նշանակում է, որ պետության այս հանձնառությունը պետք է կոնկրետ կարգավորումների, պարտավորությունների տեսքով արտացոլվի ինչպես օրենսդրության մեջ, այնպես էլ բոլոր այն ոլորտներում, որտեղ հնարավոր կլինի գործնականում ապահովել ազգային կարևորագույն այդ արժեքի քարոզչությունը: Ընտանեկան և քաղաքացիական օրենսգրքերը կոչված են միայն կարգավորելու ընտանեկան հարաբերությունները, մինչդեռ ընտանիքի գաղափարի բովանդակությունը բացահայտող, ցանկալի, օրինակելի ընտանիքի մոդելը սահմանող դրույթներ դժվար է ճարել համապատասխան նորմերում: Մեր համոզմամբ՝ կրթական օրենսդրությունը կամ կրթության ոլորտի պետական քաղաքականությունը սահմանող հայեցակարգային, ռազմավարական փաստաթղթերը նշվածն ամրագրելու լավագույն շրջանակներն են: Մինչդեռ այդ փաստաթղթերի ուսումնասիրությունը որևէ հուսադրող բան չի պարունակում: Այսպես, կրթության մասին օրենքում ընտանիքի գաղափարը որևէ կերպ շոշափված չէ: Նախադպրոցական կրթության չափորոշիչն էլ զուտ ամրագրում է, որ նախադպրոցական կրթական ծրագրերը պետք է ապահովեն ընտանիքի հետ համագործակցությունը երեխայի լիարժեք զարգացման գործում: Հանրակրթության մասին օրենքը ևս չի անդրադառնում ընտանիքի գաղափարին: Հանրակրթության նախկին չափորոշիչը (հաստատված ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 8-ի որոշմամբ) այս առումով սահմանում էր, որ տարրական դասարանի աշակերտը պետք է պատկերացում ունենա ընտանիք հասկացության մասին, իսկ ավագ դպրոցի աշակերտը, իր արժեքային համակարգում պետք է գիտակցի ընտանիք կազմելու և ազգային ընտանեկան ավանդույթներին ու նորմերին հետևելու անհրաժեշտությունը: 2020թ. ընդունված հանրակրթության նոր չափորոշչով այս ձևակերպումները հանվեցին: Այստեղ տեղ գտավ ձևակերպում այն մասին, որ ակնկալվում է, որ միջնակարգ կրթության շրջանավարտը արժևորի ընտանիքի դերը, ճանաչի իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում:


Այսպիսով, ֆորմալ առումով կրթական փաստաթղթերը հայկական ընտանիքի ո՛չ նախընտրելի մոդելն են սահմանում, ո՛չ մատնանշում դրա արժևորման ուղին:


Կենսունակ ու մրցունակ հայոց պետությունը պիտի որպես բջիջ ունենա հայկական քրիստոնեական բազմազավակ ընտանիքը: Քրիստոնեական ընտանիքի բովանդակության ներքո ի նկատի ունենք փոխադարձ սերը, վստահությունը, հոգատարությունը, ապրումակցումը: Ընտանիքի դերն ու արժեքը, սակայն, պետք է ճիշտ ընկալվեն հենց ընտանիքի ներսում, դրանք չպետք է բացարձակացվեն այն աստիճան, որ արժեքային առումով հակադրվեն համայնքին ու պետությանը: Այլ կերպ ասած՝ անթույլատրելի է, որ թույլատրելի լինի ,ընտանիքիս համար, թեկուզ ի վնաս պետությանըե բանաձևը: Միևնույն ժամանակ, բազմազավակ ընտանիքի մոդելը պետք է հանրայնացվի ոչ միայն երկրի անվտանգության ու զարգացման տեսանկյունից, այլև հենց այն առումով, որ շատ երեխաներ ունենալը երջանկաբեր է, որ որդեծնությամբ մարդը մասնակից է դառնում արարչագործությանը:


Հատկանշական է, որ այսօր ո՛չ կրթական փաստաթղթերում, ո՛չ կրթական ծրագրերի բովանդակության մեջ, ո՛չ էլ մշակույթի, սոցիալական գովազդների մեջ չի քարոզվում բազմազավակ ընտանիքը: Հասարակության շրջանում շատ զավակներ ունենալը դեռևս աջակցություն չի վայելում: Բարեկեցության ցածր շեմը թեև կարող է ընկալվել որպես պատճառներից մեկը, սակայն դա չի կարող լինել իրական կամ վճռական պատճառը: 1920-30-ականներին Հայաստանում ցածր կենսամակարդակի պայմաններում բուռն ծնելիության դիմաց 1960-70-ականների բարձր կենսամակարդակի պայմաններում ցածր ծնելիությունը ասվածի ապացույցներից է: Այս հարցում հերթական անգամ կարևորվում է պետության վերաբերմունքի հարցը: Անգամ հայկական բարի ու սիրված ,Տղամարդիկե ֆիլմում Քալաշյանների ընտանիքի բազմազավակ վիճակը (Մեդեա, Օֆելյա, Սյուզի, Ռոզի, Ալվարդ, Սիրվարդ, Մարինե, Կարինե...) հումորային երանգով էր մատուցվում 1970-ականների հանրությանը (նյութական բարեկեցության առումով Հայաստանի պատմության երևի թե լավագույն տասնամյակը): Մինչդեռ մյուս Քալաշյանների ընտանիքի մոդելը, որտեղ երեխաները երկուսն էին (հասուն օրիորդ Կարինեն և նրա մանկահասակ եղբայրը), շնորհիվ Կարինեի հյութեղ կերպարի, կարծես թե ավելի ընկալելի էր նույն 1970-ականների խորհրդահայ հանրության համար: Ոչ այնքան միանշանակ էր նաև ,Հայրիկե ֆիլմում բազմազավակության ուղերձն ու դրա ընկալումը:


Հետևապես հայկական քրիստոնեական բազմազավակ ընտանիքի մոդելի քարոզումը պետք է դառնա պետության կրթական քաղաքականության ու մշակութաստեղծման կարևոր առանցքը:

Մենուա Սողոմոնյան