copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:43 30-06-2021

Գիտնականի ցածր աշխատավարձը նշանակում է, որ նա ամենաչհարգված, չընդունված դասակարգն է. ՀՀ ԳԱԱ նախագահ. տեսանյութ

Օրագիր.news-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, խոսելով Հայաստանում գիտության զարգացման մասին, ասաց, որ այն առաջին հերթին պետք է իրականացնի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: Նրա խոսքով, զարգացման համար նախևառաջ պետք է օպտիմալացում, որը պետք է իրականացվի բովանդակային, այլ ոչ թե ինքնանպատակ. «Նման փորձ կա: Կառուցվածքային օպտիմալացում տեղի է ունեցել 2010 թվականին, որի արդյունքում ստեղծվել է այն կենտրոնը, որը ես եմ ղեկավարում: Դա արդարացված մոդել է, ինչի մասին վկայում են կենտրոնի նվաճումները»:

Աշոտ Սաղյանի խոսքով, օպտիմալացման արդյունքում կարող են ստեղծվել գիտահետազոտական, գիտաարտադրական, գիտատեխնոլոգիական, ինչու չէ, նաև գիտաուսումնական կենտրոններ. «Գործընթացը կարող է տեղի ունենալ կամ ինստիտուտների միաձուլմամբ, կամ հետազոտական ցանցերի ստեղծման միջոցով, որի շրջանակում ըստ հետազոտական գլոբալ ուղղությունների՝ գիտահետազոտական խմբերը կմիաձուլվեն և կսկսեն աշխատել»:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ըստ նորընտիր նախագահի, պետք է աջակցի ռազմարդյունաբերական ոլորտին. «Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներից որոշներն արդեն մասնակցում են այդ գործին, բայց պետք է ընդլայնել այդ համագործակցությունը, պետք է առաջին հերթին որոշել, թե որ ուղղություններն են հրատապ, որոնք անհրաժեշտ է զարգացնել՝ ելնելով մեր պաշտպանական համակարգի խնդիրներից: Այսինքն՝ աշխատել նպատակային, քանի որ պատերազմը ցույց տվեց, որ մեր ռազմարդյունաբերական համալիրն իրականում ոչ մի իրատեսական բան չէր տվել մեր պաշտպանական համակարգին»:

Աշոտ Սաղյանը փաստեց, որ ակադեմիան ավանդաբար եղել է հիմնարար հետազոտությունների պատասխանատուն, բայց այսօր պահանջարկն այլ է. «Այսօր տնտեսության զարգացման հեռանկարները, ռազմարդյունաբերական համալիրը, բնապահպանական և գլոբալ այլ խնդիրները պահանջում են աստիճանաբար հիմնարար հետազոտություններից տեղափոխվել դեպի կիրառական հետազոտություններ: Այսինքն՝ անել այնպես, որ հիմնարար հետազոտությունների արդյունքները գնան դեպի կիրառական դաշտ, ապրանքայնացնվեն»:

Ըստ Աշոտ Սաղյանի՝ պետք է փորձել վերականգնել և ընդլայնել միջազգային հարաբերությունները. «Այդ հարաբերություններ չպետք է լինեն ուղղակի պայմանագրեր թղթի վրա, այլ լինեն փոխշահավետ, գործող և աշխատող պայմանագրեր»:

Նրա խոսքով, պետք է նաև երիտասարդացման գործընթաց իրականացնել. «Իմ կարծիքով, առաջին հերթին պետք է մտածել և մոտ ապագայում երիտասարդացման գործընթաց իրականացնել հենց ակադեմիայի նախագահության կազմում: Դրա համար պետք է կանոնադրության մեջ համապատասխան կետեր ներառել և սահմանել տարիքային շեմ ու մինչև այդ տարիքն ընդունել ղեկավար պաշտոնում»:

Աշոտ Սաղյանը, խոսելով սոցիալական խնդիրների մասին, ասաց, որ այսօր գիտաշխատողի աշխատավարձը գրեթե երկու անգամ ցածր է, քան երկրի միջին աշխատավարձն է. «Դա անընդունելի է: Նորմալ երկրում նման չի կարող լինել, քանի որ գիտնականի ցածր աշխատավարձը նշանակում է, որ նա ամենաչհարգված, չընդունված դասակարգն է: Հայաստանը միշտ եղել է առաջատար գիտության ոլորտում Սովետական Միության շրջանում, գիտնականները միշտ որոշիչ խոսք և դեր են ունեցել, բայց այսօր վարձատրվում են երկու անգամ ցածր: Պետք է պայքարել սրա դեմ, պետք է բարձրաձայնել, մինչև մեր պետական չինովնիկները հասկանան, որ գիտնականին պետք է արժանավայել տեղ տալ հասարակության մեջ»:

Սոցիալական փաթեթում Աշոտ Սաղյանը տեսնում է երիտասարդ գիտնականների, ակադեմիայի աշխատակիցների համար բնակարանաշինության շարունակումն ու ընդլայնումը. «Մի նախադեպ արդեն կա, և ես ունեմ տեղեկություններ, որ այդ ծրագրից օգտվելու ցանկացողները շատ են»:

Հաջորդ ուղղությունը, ըստ նորընտիր նախագահի, գիտնականների վարկանիշավորումն է. «Դա պետք է արվի: Ակադեմիայում այդ գործընթացը սկսվեց, հետո դադարեցվեց: Ես համոզված եմ, որ եթե դա մենք չանենք, մեր փոխարեն անելու են ուրիշները:

Նրա խոսքով, շատ կարևոր է, թե ինչպես է պետք գնահատել. «Գիտության կոմիտեն ինստիտուտներին գնահատում է՝ ըստ տպագրված հոդվածների քանակի: Ես շատ եմ կարևորում դա, ինքս ամեն տարի ամենաքիչը տասը հոդված տպագրում եմ գիտական առաջատար հանդեսներում, բայց գտնում եմ, որ միայն գիտական հոդվածների քանակով ինստիտուտին գնահատելը ճիշտ չէ, դա կարևոր է, բայց պետք է միաժամանակ հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչ է տալիս այդ ինստիտուտը տնտեսությանը: Ի վերջո, պետությունը հիմնել է ինստիտուտ ոչ միայն նրա համար, որ այն հոդվածներ տպագրի, այլ նաև որ դրանք մշակումներ, գյուտեր, ներդրումներ կատարեն տնտեսության մեջ, որ տնտեսությունն էլ հիմնվի այդ գիտության վրա»:

«Իզուր չէ, որ վերջին տարիներին, ով գալիս է իշխանության, առաջին հերթին խոսում է գիտելիքահենք տնտեսության ստեղծելու մասին: Այդպես էլ չտեսանք այդ գիտելիքահենք տնտեսությունը, որովհետև դրա համար առաջին հերթին պետք է ստեղծել գիտական հենք, իսկ դրա համար պետք է լուրջ մոտեցում պետության կողմից, լուրջ ֆինանսավորում»,- ասաց Աշոտ Սաղյանը:

Օրագիր.news-ի հետ զրույցում նա կարևորեց նաև գովազդային գործունեությունը, որը, նրա խոսքով, ակադեմիայում շատ ցածր մակարդակի վրա է. «Ճիշտ է՝ ակադեմիան ունի իր կայքը, բայց դա բավարար չէ: Այսօր հասարակության շրջանում գիտնականի, գիտության վերաբերյալ ձևավորված թյուր կարծիքը վատ լուսաբանման հետևանք է: Հասարակությունը չգիտի, թե ինչով է զբաղված ակադեմիան, չգիտի, որ աշխարհի ռեյտինգավորված լավագույն կազմակերպությունների շարքում ներառված հայաստանյան կազմակերպություններից միայն 12-ը ակադեմիայից են, ընդ որում՝ հարևան երկրներից ներառված են մեկական կազմակերպություններ»:

<iframe width="860" height="484" src="https://www.youtube.com/embed/EO2nvPndP9Y" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>