Երևան +15°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:42 27-06-2021

Աշխատողները գործատուներից կարող են պահանջել փոխելու ներքին կարգապահական կանոնները՝ նախատեսելով վճարովի հատուկ ընդմիջումներ. Տիրայր Վարդազարյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ներկայացուցիչ Գագիկ Սուրենյան իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների հերթափանցմամբ՝ հունիսի 25-30-ը Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսվում է հունիս ամսին օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան։ Նշված ժամանակահատվածում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի պետք է ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին՝ աշխատանքի երկարատև ընդմիջում` օրվա շոգ ժամերին:

Այն դեպքերում, երբ աշխատատեղերում, աշխատանքի բնույթից կախված, հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանքի պարագայում, առողջության պահպանման նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր գործատուներին՝ աշխատողներին տրամադրել հովանալու և հանգստանալու հնարավորություն:

Աշխատողների համար լրացուցիչ և հատուկ ընդմիջումները նախատեսված է նաև աշխատանքային օրենսգրքի 153 հոդվածով: Գործատուի կողմից համապատասխան պայմաններ չապահովելու դեպքում, աշխատողները կարող են մնալ տանը կամ անցնել առցանց ռեժիմին:

Սակայն Օրագիր.news-ի հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիները շարունակում են այս արտակարգ շոգ պայմաններում աշխատել, իսկ ոմանք նույնիսկ զրկված են օդափոխման և սառը ջուր ունելու տարրական պայմաններից:

«Եթե ջերմաստիճանն անցնում է +40-ը, աշխատողները ձեռք են բերում վճարովի հատուկ ընդմիջում ստանալու իրավունք։ Իհարկե, խնդիրը նրանում է, որ աշխատանքային օրենսգիրքը չի նշում, թե խոսքը դրսում ջերմաստիճանի մասին է, թե շենքի ներսում։ Այս առումով միանաշանակ է, որ խոսքը վերաբերում է այն աշխատանքներին, որոնք հիմնականում կատարվում են դրսում կամ, արտադրության առանձնահատկությամբ պայմանավորված, շենքի ներսում և հնարավոր չէ իջեցնել ջերմաստիճանը 40 աստիճանից ներքև: Վերը նշված հատուկ ընդմիջումները վճարովի են, սակայն դրանք պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով, կոլեկտիվ պայմանագրով (առկայության դեպքում) կամ ներքին կարգապահական կանոններով»,- պարզաբանում է իրավագետ Տիրայր Վարդազարյանը և հավելում, որ աշխատողները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել գործատուներից փոխելու ներքին կարգապահական կանոնները և դրանցում պահանջելու նախատեսել վճարովի հատուկ ընդմիջումներ, իսկ գործատուները պարտավոր են ընդառաջելու այդ պահանջը, քանի որ ունեն պարտականություն ապահովելու աշխատողի համար անվտանգ աշխատանքային պայմաններ։

Մասնագետը նշում է նաև, որ այլ երկրների փորձը վկայում է, որ գործատուները պարտավորվում են տրամադրելու սառը ըմպելիքներ, օդափոխություն, տրամադրելու աշխատողներին հովացնող սարքավորումներ, անհրաշետության դեպքում վերանայելու հանդերձանքը, ձեռքի աշխատանքը փոխարինել սարքավորումներով, կրճատել հերթափոխերը և այլն։

Հավելենք, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ին Օրագիր.news-ին տեղեկացրին, որ վերջին օրերի ընթացքում սաստիկ շոգերի հետ կապված կանչերն չեն գրանցվել: