Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:44 17-06-2021

Նախընտրական քարոզարշավ՝ օր 11-րդ. նախընտրական հիմնադրամներում ներդրվել է ընդհանուր առմամբ՝ 961.5 մլն դրամ, որից առայժմ ծախսվել է 697.6 միլիոնը

Նախընտրական հանդիպումների ընթացքում այսօր նույնպես անակնկալների, նոր բացահայտումների ու զարմանքի պակաս չի զգացվել:

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում են ունեցել Գյումրիում, որտեղ ներկայացրել են դաշինքի ծրագիրը ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու ուղղությամբ, ինչպես նաև տարբեր ոլորտներում մեծ փորձառություն և գիտելիք ունեցող՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կադրային մեծ ներուժը: «Մենք որևէ մեկի նկատմամբ թշնամությամբ լեցուն չենք, բայց 5 հազարից ավելի զոհերի հիշատակը, մեր կորսված տարածքները՝ 200-ից ավելի քաղաքներ, գյուղեր ենք զիջել, 8 հազար քառակուսի կիլոմետր, հազարավոր պատմական հուշարձաններ: Այսինքն՝ մեր պատմության մի մասը մենք տվել ենք թուրքին, տվել ենք ադրբեջանցուն: Բա ինչ-որ մեկը դրա համար պիտի պատասխան տա, չէ՞: Կամ գոնե պետք է իմանանք՝ ինչու այդպես եղավ»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նա նաև ասաց․ «ՀՀԿ-ն ցանկանում է ստեղծել քննիչ հանձնաժողով, որը կպարզի, թե ինչպես էս կապիտուլյանտը երկիրը հասցրեց էս վիճակին, ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց, ինչպես եղավ, որ պատերազմում մենք ուղղակի ջախջախվեցինք, և այդ հանձնաժողովի նախագահը, եթե կուզենան, ես կլինեմ»:

Դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր պատասխանում էր լրագրողների հարցերին: Նա հայտարարեց, որ Ռուսաստանը եղել է, մնում է և կշարունակի մնալ Հայաստանի իսկական գործընկերը և անվտանգության երաշխավորը: «Ցավոք, անցած 3 տարիների ընթացքում ներկայիս իշխանությունը փչացրել է հարաբերությունները ոչ միայն ՌԴ-ի հետ, այլև մեր հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ: Զուգահեռ դրան, ոչ էլ հստակ հարաբերություններ է կառուցել ԵՄ-ի հետ: Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը պետականությունն ու հայկական բանակն է, բայց դրանց զարգացման ուղղությամբ ոչինչ չի արվում: Ուստի ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների բարեավումը շատ կարևոր է մեզ համար: Վստահ եմ, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո մեր գործընկերների հետ կապերը կվերականգնվեն»,- ասել է Շարմազանովը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված անհետ կործաների թվերի վերաբերյալ փաստաթղթի՝ Քննչական կոմիտեի կողմից հերքում տարածելու փաստին՝ վերջինս նշեց, որ չի կարելի հավատալ մի իշխանությանը, որը հայրենիքի համար զոհված տղաների դիերը գետնին թափված է պահել, 44 օր ժողովրդին ասել է, որ հաղթելու ենք, իսկ հետո կապիտուլացիոն թուղթ է ստորագրում կամ հոկտեմբերի 27-ին ընդդիմությանը հրավիրում է, ասում, որ ելք չկա, հետո նոր Սարդարապատի կոչ անում՝ տղաներին ուղարկելով մսաղաց: Անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ «Հայաստան» դաշինքին միանալու թեմային՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Իմքայլականները գլուխները պատին են տալիս, որ Կարեն Կարապետյանի մասին բան են ասում, իրանք են տարած-բերածները՝ էն էլ Ադրբեջան ու Թուրքիա: Կարեն Կարապետյանն ինքն է որոշում, որ բլոկում լինել: Հիասթափեցնեմ կապիտուլյանտականներին. ազգային ուժերի միջև կռիվ գցելու բոլոր փորձերն ու մանր մուտիլովկեքը չեն անցնելու»:

Վարդենիսի բնակիչների հետ «Հայաստան« դաշինքի հանդիպման ժամանակ «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը հայտատարեց, որ ինչպես Գեղարքունքի, այնպես էլ Սյունիքի մարզն այսօր վտանգված է այս ապաշնորհ իշխանության գործողությունների արդյունքում, իսկ իրենք գալիս են, որ հստակ անվտանգություն սահմանեն ՀՀ-ի մեր բոլոր սահմաններում: Անդրադառնալով գործող իշխանությունների վարքագծին՝ «Հայաստան» դաշինքի անդամը հայտարարեց. «Ես գիտեմ որ, որոշ մարդիկ փորձում են կապիտալներ դուրս բերել Հայաստանից, բայց ոչ մեկը չի կարողանալու անօրինական քայլեր անել հունիսի 20-ից սկսած»:

Մարտունիում նախընտրական հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ուշագրավ մի հայտարարություն արեց, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մնացել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Նրա խոսքով՝ 1995-ի վերջին և 1996-ի սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Հեյդար Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեի միջև բանակցություններ են սկսվել, որին Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել։ «Այդ բանակցություններն ավարտվեցին նրանով, որ Լիսաբոնում մենք շատ վատ որոշում ստացանք ԵԱՀԿ-ից, որը Հայաստանը չստորագրեց և վետո դրեց։ Հետագայում Լիպարիտյանն ինքը ընդունեց, որ իրենք լավ նպատակով մտել են առանձին բանակցային գործընթացի մեջ, բայց դրա հետևանքով Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։ Ռոբերտ Քոչարյանը շեշտում է, որ ինքը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 1998թ. ապրիլի 9-ին, իսկ Լիսաբոնի գագաթնաժողովը տեղի է ունեցել 1996թ. դեկտեմբերին, ուստի Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղանից դուրս մնալու իր հետ կապելը, ըստ Քոչարյանի՝ առնվազն անբարեխիղճ է։ «Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ինձ հետ կապել այդ գործընթացը, բայց իրականում հենց իր ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից։ Այդ տեսանկյունից նրանք նման են, մի բան անեն, մյուսի վրա գցեն։ Այսօրվա իշխանությունը նույն գործելաոճի մեջ է»,- եզրափակեց երկրորդ նախագահը։

Հունիսի 15-ին «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում հարցազրույց էր տվել ռուսական երեք լրատվամիջոցներին՝ «ՍպուտնիկԱրմենիա», «Ռիա Նովոստի» և «RT», որի ընթացքում Շուշին «Շուշա» է անվանել: Անդրադառնալով 44-օրյա պատերազմի սկսման պատճառների, ներկայիս իշխանության վարած սխալ քաղաքականությանը, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական գործելաոճին՝ Քոչարյանն ասել է. «Պետք չէր ինոգուրացիա անել Շուշիում, դուք հասկանում էիք, որ «Շուշան» շատ զգայուն թեմա է, պետք չէր այնպիսի քայլերի դիմել, որը տեղ չի թողնում հետագա բանակցությունների համար»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է ապահովել անվտանգություն, մարդկանց համար՝ բարեկեցիկ կյանք: Երևանի Ազատության հրապարակում կուսակցության հանրահավաքին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավոր առաջադրված Իվետա Տոնոյանը: «Մեր հայրենիքում տեղի են ունենալու ընտրություններ, և մեր ժողովուրդն իր որոշիչ քվեով պետք է որոշի, թե ինչ ապագա է ունենալու մեր երկիրն առաջիկա տարիների համար: Այս ընտրությունները պարզապես խորհրդարանական ընտրություններ չեն: Այս ընտրությունները հայրենիք ունենալու և չունենալու ընտրություններ են: Եվ մենք բոլորս պետք է քվեարկենք՝ հանուն բարգավաճ Հայաստան ունենալու գաղափարի»,- ասաց Տոնոյանը:

Նախընտրական հանդիպումների ընթացքում հնչած վիրավորանքներին ու սպառնալիքներին վերջապես արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այսօր նախընտրական քարոզարշավը հասել է իր բարձրակետին, իսկ ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա, նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները պետք է դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, զսպվածություն ու հանդուրժողականություն: Արմեն Սարգսյանը նաև անթույլատրելի և անընդունելի է համարել ատելության կամ թշնամանքի, առավել ևս՝ բռնության ու սպառնալիքի կոչերը և նշել, որ քաղաքական ուժերն ու գործիչները պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործելակերպից:

Վերջում մի ուշագրավ տեղեկություն. ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ հունիսի 11-ի դրությամբ քարոզարշավին ամենաքիչ ծախսերն արել է «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ ծախսելով շուրջ 476.754 հազար դրամ։ Համեմատաբար քիչ են ծախսել նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը (1.447.080 դրամ), «Հայոց հայրենիք» կուսակցությունը (1.000.000 դրամ), «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը (1.495.350 դրամ)։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ծախսել է 60 հազար դրամ։ Քարոզարշավին նշված ժամանակահատվածում որևէ գումար չեն ծախսել «Քաղաքացու որոշում», «Վերելք» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը, ինչպես նաև Հայաստանի եվրոպական կուսակցությունը։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը ծախսել է 3.057.000 դրամ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ծախսել է 168 մլն դրամ: «Հայաստան» դաշինքը ծախսել է 166 մլն դրամ, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 133 մլն դրամ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ծախսել է 55 մլն դրամ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ծախսել է 25.8 մլն դրամ։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ծախսել է 48.932.100 դրամ։ ՀԱԿ-ը՝ 34.491.920 դրամ։ «Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքը ծախսել է 18.869.020 դրամ։ Դեմոկրատական կուսակցությունը ծախսել է 13.409.371 ՀՀ դրամ։ Քաղաքական ուժերը նախընտրական հիմնադրամներում ներդրել են ընդհանուր առմամբ՝ 961.5 մլն դրամ, որից առայժմ ծախսվել է 697.6 միլիոնը:

Ձեզ գուցե հետաքրքրի