Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:42 15-06-2021

Նախընտրական քարոզարշավ՝ օր 9-րդ. հեղափոխական «մուրճը» շրջել է Սյունիքով

Հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում հավաք է լինելու, իսկ հունիսի 18-ին՝ ուղիղ խոսք ժողովրդի հետ: Այս մասին այսօր Սիսիանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ պարտված ուժը, որը գիտակցում է իր պարտությունը, ուզում է ոստիկանության դուբինկաների տակն ընկնել, որպեսզի ընտրության լեգետիմության վրա ստվեր գցի: Փաշինյանը նշեց, որ այս ընտրություններում Քպ-ն ժողովրդին է վերադարձնում հենց ժողովրդից ստացած իշխանությունը: «Դուք բոլորդ բարձրագույն ուժ ու իշխանություն եք այսօր: Դուք օժտված եք ուժով՝ գործելու որպես իշխանությունը, գործեք այնպես, ինչպես կուզեք, որ գործի իշխանությունը ձեր անունից: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի մարդասպանների պատասխանը, պետք է տա Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողածի ու Ղարաբաղը կարգավիճակից զրկածի պատասխանը, Հայաստանում երկար տարիներ տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանը, երկար տարիներ երկիրը կեղեքող էլիտայի պատասխանը, Զանգեզուրի ու Հայաստանի հարստություն համարվող Պղնձամոլիբդենային կոմբինատը կոպեկներով սեփականաշնորհած ու սեփական ստամոքսները լցրած ստահակների պատասխանը, զինվորի հացը երկար տարիներ գողացած գեներալների պատասխարը, դաշնակցական Պողոս Պողոսյանին Պապլավոկի զուգարանում ծեծելով սպանած ստահակի պատասխանը, զինվորի հացի փողը Մոնտե Կառլոյում վատնած ստահակի պատասխանը: Ուստի՝ կոչ ենք անում գնալ ու քվեարկել մեր օգտին, այսինքն՝ ձեր օգտին: Բոլորիդ հրավիրում եմ Հանրապտության հրապարակ՝ արձագարելու արդեն պողպատե հաղթանակը, քանի որ մենք հատ առ հատ հանելու ենք բոլոր ժանգոտած մեխի գլուխներին»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ գլխավերևում ճոճելով սիմվոլիկ մուրճը:

Գորիսում Նիկոլ Փաշինյանը, կրկին մուրճը պտտելով, հայտարերեց, որ այս մանդատով իրենց տեղն է դնելու բոլոր ժանգոտած մեխի գլուխներին. «Ար՛եք ձեր ընտրությունը, և այս մանդատը կտեսնեք գործի մեջ: Ես չեմ ասում գնացեք ու ընտրեք ինձ, գնացեք ու քվեարկեք ձեր օգտին՝ արձանագրելով ոչ բռնի ու ժողովրդական, բայց այս անգամ պողպատե հեղափոխությունը»: Գորիսցիների հետ հանդիպմանը ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է Սև ջրի տարածքում առկա անվտանգության խնդիրների մասին և նշել, որ իշխանության դիրքորոշումն աներկբա է, և այդ որոշումը պաշտպանում են նաև Հայաստանի դաշնակիցները: «Ադբեջանը պետք է դուրս գա ՀՀ տարածքից, այստեղ երկրոդ կարծիք լինել չի կարող: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք մեր դաշնակից Ռուսաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Ըստ պլանի՝ ռուսական խաղաղախահ ուժերը պետք է տեղակայվեն մոտ մեկ տասնյակ սահմանային կետերում, ՀՀ և Ադրբեջանի զնված ուժերը հայելային կերպով պետք է հետ նահանջեն ու կանգնեն մշտական դիրքերում: Մեզ չպետք է վախեցնի «դելիմիտացիա» և «դեմարկացիան» տերմինները, մի օր մենք պետք է բախվեինք այդ խնդրի հետ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի մուրճին անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը քարոզարշավի շրջանակում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ Մասիսում իր ելույթում ասաց. «Սիրելի՛ մասիսցիներ, ուզում եմ մի ճշտում մտցնել, մենք այդ մուրճն օգտագործելու ենք շինարարության համար, երկիրը կառուցելու համար»: Քոչարյանը նշել է, որ ընտրական գործընթացում երկու առաջատար ուժ կա՝ գործող իշխանությունն ու «Հայաստան» դաշինքը։ Ճիշտ ընտրություն կատարելու համար, զգացմունքային մասը մի կողմ դնելով, պետք է հասկանալ՝ որ թիմն ինչ է իրենից ներկայացնում։ «Հիմա ի՞նչ ունենք մենք ու ինչ ունենք նրանք։ Նրանց մոտ բացարձակ դատարկություն է կազմակերպչական առումով, բացարձակ դատարկություն է բարոյական տեսանկյունից։ Այս իշխանությունն իշխանության գալիս խոստացել էր մեզ խաղաղություն, բայց մենք ստացանք պատերազմ, ստացանք զոհեր, ստացանք տարածքային հսկայական կորուստներ»,- ասել է Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է նաև, որ կողմնակից է Ռուսաստանի հետ ազնիվ հարաբերությունների՝ առանց որևէ «մութ խաղերի»։ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության գործողությունները որոշակի անվստահության տարրեր են առաջացրել Մոսկվայում, սակայն չի կարելի ասել, թե երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները հասել են ինչ-որ վտանգավոր մակարդակի: «Մի տեսակ լուրջ անվստահության տարր կա այն ամենի հանդեպ, ինչն այդ իշխանությունն անում է այստեղ՝ Հայաստանում, բայց ես չեմ կարծում, որ այդ հարաբերություններն այնքան են խարխլված, որ ենթակա չեն շատ արագ վերականգնման։ Մեր շահերը շատ ուղղություններով համընկնում են։ Այստեղ բավական է պարզապես վերադառնալ ազնիվ հարաբերությունների՝ առանց ինչ-որ սեթևեթանքների, առանց մութ խաղերի։ Եվ այդ հարաբերությունները շատ արագ կվերականգնվեն»,- ավելացրել է Քոչարյանը։ Երկրորդ նախագահը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ողջ գիտակցական կյանքում հակառուսական կարգախոսներով քաղաքական և լրագրողական կարիերա է արել։ 2018 թ. ապրիլյան իրադարձություններից հետո Ռուսաստանի հետ իրական հարաբերությունները փոքր-ինչ գերակշռեցին, ստվերեցին ու քողարկեցին նրա տրամադրությունների հակառուսական բաղադրիչը, բայց հիմա այն այսպես թե այնպես սկսում է դրսևորվել, գուցե ոչ այնքան հստակ, բայց լեյտմոտիվը միշտ էլ առկա է։

Ավշարի բնակիչների հետ հանդիպմանն էլ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնունդ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ասել է. «Եթե ​​նրանք մի փոքր էլ մնան իշխանության, ապա Հայաստանի դրոշի տեղում կլինեն Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները: Այսօր մեր դրոշի օրն է: Եվ այսօր նա զինված գնում է Սյունիք: Հատուկ տեխնիկայով զինված ավելի քան 1500 ոստիկանի ուղեկցությամբ: Ո՞ւմ դեմ է պատրաստվում օգտագործել այդ հատուկ միջոցները: Ես հույս ունեի, որ այդ զորքը շարժվել է դեպի Սեւ լիճ: Բայց` ոչ. նա բանակով շրջում է Սյունիքի շուրջը: Եթե ​​մենք ուզում ենք ապրել մեր հայրենիքում, եթե դրա հետ ենք կապում մեր ճակատագիրը, այլընտրանք չունենք»:

«Պատիվ ունեմ» դաշինքն էլ խոստացավ ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում Արցախի կարգավիճակի հարցով ակտիվ աշխատանքներ տանել, ակտիվացնել արտաքին քաղաքականությունը: Դաշինքի ընտրական ցուցակի անդամ Արտակ Զաքարյանը շեշտեց, որ իրենց դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը քարոզարշավը սկսել է հենց Արցախից: «Մեր դաշինքի քարոզարշավը սկսվեց Արցախից, որովհետև Արցախի խնդիրը մենք միշտ բաց ենք պահելու: Արցախի կարգավիճակի հարցը ՀՀ անվտանգության, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղ գոյակցության և կոմունիկացիաների խաղաղ գործակցության կարևորագույն էլեմենտներից մեկն է, և մենք դրան անպայման հասնելու ենք»,- ասաց Զաքարյանը: Նա հավելել է, որ Հայաստանը հինգ կամ վեց ամիս առաջ կարող էր վերադարձնել Ադրբեջանից հայ գերիներին՝ ականապատ դաշտերը քարտեզի հետ փոխանակելով: Սակայն, նրա խոսքով, երկրի ներկայիս իշխանությունները` ի դեմս Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, չօգտվեցին այդ հնարավորությունից: Այդ անգործությունը, ըստ ընդդիմադիրի, թույլ տրվեց միայն գերիներին իրենց շահերի համար օգտագործելու նպատակով:

Արարատի մարզում ընտրողներևի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է. «Ես 30 տարի եղել եմ իրադարձությունների կենտրոնում, որ վերաբերում էր մեր ժողովրդի ճակատագրին։ Ընթացքում զբաղեցրել եմ բարձրաստիճան պաշտոններ, և ըստ աշխատանքի բերումի ես տիրապետում եմ հսկայական թվով գաղտնի տեղեկատվության։ Երեկ երեկոյան հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու մի գաղտնի զեկույցի… այդ փաստաթղթի համաձայն՝ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն»:

Տիգրան Արցաքանցյանի շտաբը, հետ չմնալով մյուս քաղաքական ուժերից, հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացրել է նախընտրական միջոցառման մասին և կարծիք ել, թե ինչու է ԿԸՀ մերժել Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։ «Հայաստանում որոշակի ուժեր տեսնում են մեր կուսակցության կողմնակիցների թվի աճ, նրանք վախենում են մեզանից, ուստի կայացնում են անօրինական որոշումներ: Երբ ձեզ ասեն, որ դա ճիշտ չէ, ցույց տվեք նրանց Google Trends- ի վերջին օրերի աղյուսակը, Տիգրան Արզաքանցյանը հավասար է Փաշինյանին, Քոչարյանին և առաջ է անցել Ծառուկյանից: Մենք ուժ ենք, և նրանք վախենում են մեզանից, մենք ուժ ենք, որը մասնակցում է ընտրություններին՝ պետությունը պաշտպանելու, մեր Հայաստա՛նը պաշտպանելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված