Ներքին 5 տարի առաջ - 13:29 15-06-2021

Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք նոր պայմանագիրը ենթադրում է երկու երկրների միջև շատ ավելի խորն ինտեգրացիա. Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք նոր պայմանագիրը ենթադրում է երկու երկրների միջև շատ ավելի խորն ինտեգրացիա, ինչը պարունակում է պանթուրքիստական ծրագրի ուղերձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին Ադրբեջան: Թուրքագետը նկատեց, որ այն տարբերվում է նախորդ այցերից: Նախատեսվում է ստորագրել նոր պայմանագիր, որը, ինչպես հայտարարել է Էրդողանը, պետք է լինի համապարփակ: Այն գալիս է փոխարինելու երկու երկրների միջև եղած 2010 թվականի փաստաթուղթը:

«Պայմանագրի առանձնահատկությունները դեռ չեն հրապարակում, սակայն ես ենթադրում եմ, որ այն արդեն կլինի ինտեգրման ավելի բարձր մակարդակ արտացոլող փաստաթուղթ, որն, ըստ ամենայնի, կարտացոլի այն իրողությունները, որոնք ստեղծվեցին Արցախի դեմ կազմակերպված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով: Ես կարծում եմ, որ այս նոր պայմանագիրն իր աշխարհաքաղաքական բնույթով նշանակում է, որ Թուրքիան Հարավային Կովկասում արդեն ավելի է իր դիրքերն ուժեղացնում՝ Ադրբեջանի հետ այդպիսի խորը հարաբերություններ հաստատելով: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ սկսեց քննարկվել երկու երկրների միջև այնպիսի խորն ինտեգրման գործընթաց սկսելու հարցը, որը կնշանակեր, որ նրանք կոնֆեդերացիա են ստեղծում: Իհարկե, սա գաղափար է, բայց ես կարծում եմ, որ համապարփակ նոր պայմանագիրը կարող է քայլ լինել այդ ուղղությամբ: Եվ սա Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերի իրականացման շրջանակներում եմ ես նաև դիտարկում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը նշեց, որ Թուրքիայի ազդեցության մեծացմամբ, այս նոր համապարփակ պայմանագրով, փորձ է արվում ՌԴ-ից Ադրբեջանի կախվածությունը թուլացնել: Ադրբեջանին ավելի շատ դարձնել թուրքական ծրագրեր իրականացնող, այլ ոչ թե ինքնուրույն պետություն: Ինչ վերաբերում է Էրդողանի այցին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի, ապա Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այդ այցով ու պայմանագրի ստորագրմամբ փաստորեն Շուշին հայտարարվում է թուրքական աշխարհի կարևոր կենտրոն:

«Տեսնում ենք, որ երկու երկրների համագործակցությունը ստանում է պանթուրքիստական ուղղվածություն: Շուշի այցելությունը պանթուրքիստական մեսիջ է, Շուշին փորձում են թուրքալեզու աշխարհի համար մշակութային կենտրոն դարձնել, նախատեսված է, որ այնտեղ տեղի ունենա այդ մշակութային ֆորումը: Ես կարծում եմ, որ սա նաև մեսիջ է տարածաշրջանին, չէ՞ որ Շուշին Հարավային Կովկասի կարևոր կենտրոն է, ռազմավարական նշանակություն ունի: Եվ երբ գալիս է Թուրքիայի նախագահը ու ստորագրում է այդպիսի պայմանագիր Ադրբեջանի հետ, ապա ես կարծում եմ, որ դա մեսիջ է ամբողջ տարածաշրջանին, այն, որ Թուրքիան այդ տարածաշրջանում ուժեղացնում է իր դիրքերը»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով Հայաստանի անելիքներին՝ թուրքագետը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որ խաղաղ ճանապարհով, բանակցային գործընթացով վերականգնվի ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությունը, Շուշին և Հադրութը պետք է լինեն Արցախի կազմում:

«Շատ կարևոր է, որ մենք արդեն դիվանագիտական առումով սկսենք ավելի լուրջ քննարկումներ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի հետ կապված: Մեր դիվանագիտությունն այստեղ մեծ անելիքներ ունի»,- հավելեց նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ