Ներքին 5 տարի առաջ - 21:35 04-06-2021

Վահրամ Դումանյանը հանդիպել է ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Ազգային ժողովի՝ Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանի և Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի ուղեկցությամբ, եղել է նաև Գորիսի պետական համալսարանում:

Բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ կայացած հանդիպումը բացել է ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը՝ Վահրամ Դումանյանին և հյուրերին շնորհակալություն հայտնելով Սյունիք կատարած այցի շրջանակում համալսարանում հյուրընկալվելու համար:

Բուհի օրհներգից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին պատերազմի զոհերի, որոնց թվում՝ ԳՊՀ-ի նահատակ ուսանողների, շրջանավարտների հիշատակը:

Ռեկտորը բացման խոսքում անդրադարձել է Սյունիքի մարզում բուհի ստեղծման կարևորությանն ու հիմնադրման պատմությանը, լավագույն ավանդույթների արդյունավետ շարունակականությանը, վերջին տարիներին իրականացված բարեփոխումներին, ներդրված մասնագիտությունների տարածաշրջանային պահանջարկին ու արդիականությանը, բուհի նոր հայեցակարգով նախատեսվող առաջիկա աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ողջունելով ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը, խոսել է բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրների, նախատեսվող բարեփոխումների լայն շրջանակի մասին՝ մասնավորապես անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծին, դրա շուրջ ընթացող լայն քննարկումներին, օրենքով առաջարկվող փոփոխությունների կարևորությանն ու հրատապությանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև բուհական առկա հիմնախնդիրների, պատերազմին մասնակից ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման և այլ խնդիրների լուծման համար նախատեսվող ու արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Հանդիպման ընթացքում ծավալվել է անկաշկանդ և բովանդակալից հարց ու պատասխան: Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները Վահրամ Դումանյանին ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնց շրջանակը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով նախատեսվող բարեփոխումներին, մարզային բուհերի առջև ծառացած խնդիրներին, որոշ մասնագիտությունների գծով դիմորդների թվաքանակի նվազմանը, որակյալ կրթությանը, գիտության զարգացմանը և այլն:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ նմանօրինակ այցելությունները և մասնակցային քննարկումները կկրեն շարունակական բնույթ:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին