Ներքին 5 տարի առաջ - 22:28 27-05-2021

Ալիևը համոզված է՝ Նիկոլը չի հաղթելու այս ընտրություններում. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Գերիների հարցով այստեղ կա քաղաքական և հոգեբանական խնդիր: Այս մասին այսօր` մայիսի 27-ին, Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Քաղաքականն այն է, որ Ալիևը համոզված է՝ Նիկոլը չի հաղթելու այս ընտրություններում, և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել նրանից: Հոգեբանականն արդեն 30 տարի Ադրբեջանի նվաստացած վիճակն էր: Պարտությունը ծանր բեռ է, մենք նոր ենք պարտվել և դուք զգում եք, թե ինչպիսի հոգեբանական վիճակ է տիրում: 30 տարի, փաստորեն, նրանք պարտված էին ու ծանր հոգեբանական վիճակում էին, նույն բանը, ինչը հայ ժողովուրդն այսօր պահանջում է Նիկոլից, Ադրբեջանի ժողովուրդը տարիներ շարունակ պահանջում էր: Հաղթանակից հետո չեմ հասկանում, թե Ադրբեջանն ինչու է այսպիսի գործողությունների գնում: Հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին. սա պիտի աներ Ալիևը, չարեց»,- ասաց նա:

Առաջին նախագահը հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակից հետո, երբ երկու կողմն էլ գերիներ ուներ, ինքը միակողմանի որոշել էր, որ Ադրբեջանի գերիներին պետք է վերադարձնի:

«Իմ կողքին Վազգեն Սարգսյանն էր, Սերժ Սարգսյանն էր, ասացին՝ որ իրանք չտան, ասացի՝ հանգիստ մնացեք, ես Հեյդար Ալիևին գիտեմ, նույն օդանավով մեր գերիները վերադարձան: Ձեր հարցին ես պատասխանեցի, ուրիշ ավելացնելու բան չունեմ»,- ասաց Լեւոն Տեր- Պետրոսյանը:

«Երբ ստեղծվեց միջազգային նավթի կոնսորցիումն Ադրբեջանում, որտեղ և՛ ամերիկացիներն էին ներկայացված, և՛ Britich Petrolium–ը, դրանից հետո Ալիևի հռետորաբանությունը փոխվեց»,- նշեց ՀՀ առաջին նախագահը։

Նրա խոսքով՝ մինչև Լիսաբոնի հայտնի կոնֆերանսի նախորդ օրը բանակցային սեղանին դրված էր Արցախի վերաբերյալ սովորական փաստաթուղթ, որն արդեն ընդունվել էր։ Փաստաթուղթն այն մասին էր, որ ԵԱՀԿ-ն քաջալերում է Մինսկի խմբին արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում։

«Հասանք Լիսաբոն, մեզ դիմավորում է Վարդան Օսկանյանը (ՀՀ արտգործնախարարի տեղակալ,–խմբ.)՝ գունատված, կակազելով։ Ասում է՝ պարոն նախագահ, բան է փոխվել, նախորդ գիշեր ԱՄՆ-ն նոր բանաձև է բերել, համաձայնեցրել է բոլորի հետ՝ բացի մեզնից։ Ես վետո դրեցի այդ բանաձևի վրա։ Գիտեմ նաև, թե ինչպես է այդ բանաձևը հայտնվել Քլինթոնի սեղանին․ դա Տեխասի նավթային լոբբին էր բերել»,- փակագծերը բացեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Տեր–Պետրոսյանի խոսքով` դրանից հետո Ալիևը ոգևորվել է, որ կարող է արտաքին ուժերի օգնությամբ հասնել իր ուզածին։

Հետո նրանք որոշել են, որ այլևս ոչ մի փաստաթղթի չեն համաձայնելու՝ հասկանալով, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ այս հարցում Ադրբեջանը ճիշտ դուրս եկավ։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը