copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:22 26-05-2021

Ճապոնիայի ափերի մոտ բախվել են ռուսական ու ճապոնական նավեր. կան զոհեր

Оխոտի ծովում՝ ճապոնական Հոկայդո կղզու ափերի մոտ, բախվել են ճապոնական ձկնորսական «Դայ-հաթի Հոկո-մարու» և ռուսական «Ամուր» նավերը, զոհվել է երեք ձկնորս։ Այս մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությունը։

Ըստ ծառայության տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան կղզու ափից 23 կմ հեռավորության վրա։ Վթարի հետևանքով Մոնբեցու քաղաքի ձկնորսական միությանը պատկանող ճապոնական նավը շրջվել է, իսկ 5 ձկնորս ջուրն է ընկել։ Ավելի ուշ նրանց տեղափոխել են Ամուր նավ։ Նրանցից երեքը մահացել են։

Բախման պատճառներն առայժմ անհայտ են։

Նշվում է, որ ռուսական նավն անհամեմատ մեծ է ճապոնականից. «Ամուրի» ջրատարողությունը 662 տոննա է, իսկ «Դայ-հաթի Հոկո-մարուինը»՝ 9.7 տոննա։

Kyodo գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայության պարեկային նավը Մոնբեցու քաղաքի նավահանգիստ է տեղափոխել երկու տուժածներին, ինչպես նաև զոհված ձկնորսների մարմինները։ Այդ նավահանգիստ է ուղևորվել նաև «Ամուրը»՝ պարզելու դեպքի հանգամանքները։