copy image url
Խոսք 2 տարի առաջ - 15:13 25-05-2021

Մեր ողջ լրատվական դաշտը լցված է ադրբեջանական նյութերով ու քարոզչությամբ․ Ալվինա Աղաբաբյան

Այս օրերին, երբ ադրբեջանական ուժերը երեքթևյան ուղղություններով շարունակում են ներխուժել ՀՀ տարածք, լրատվական դաշտը, որը, ձեռքը պահած զարկերակին, հետևում է հնարավոր բոլոր զարգացումներին, տեղեկատվական դաշտը լցնում է ամենատարբեր տեղեկություններով, որոնք շատ հաճախ պաշտոնական որևէ արձագանք չեն ստանում:

Այս օրերին հայկական և ադրբեջանական տեղեկատվական դաշտում լրատվության վիթխարի հոսքի, մեկնաբանությունների, նմանությունների և տարբերությունների մասին Օրագիր.news-ը զրուցել է ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի հետ:

Անդրադառնալով մեր լրատվական դաշտում տեղի ունեցած որոշակի փոփոխություններին՝ Ալվինա Աղաբաբյանը նշեց, որ դրանք երևան եկան դեռևս 2018-ին. «Մինչ 2018 թվականը մեր լրատվական դաշտը բավականին կայուն էր։ Այն վերահսկելի էր հատկապես Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ մեր լրատվամիջոցները զերծ էին մնում ադրբեջանական քարոզչության տարածումից: Մենք այս խնդրին բախվեցինք 2018 թվականից հետո, երբ բոլոր զսպող օղակները, ըստ էության, դադարեցին գործելուց: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, եթե մինչև 2018-ը զբաղվում էր ադրբեջանական քարոզչության մշտադիտարկմամբ, ապա 2018-ից հետո կտրուկ փոխեց իր գործառույթները: Ըստ էության, նորանշանակ իշխանությանը ՊՈԱԿ-ի գործառույթները սկսեցին չհետաքրքրել, վերացան արգելքները, խոչընդոտները, իսկ սրան զուգահեռ ավելացան խաղաղության կոչերը, փամփուշտները զարդեր դարձնելու, «մեր տղերքը հանուն ոչնչի են զոհվում» «կործանիչ» տեքստերը, որոնք լրատվադաշտ մտան և լայն տարածում ստացան»։

Այս առումով, ըստ մասնագետի, ադրբեջանական տեղեկատվական դաշտը նկատելի փոփոխություններ չի կրել. «Ինչպես աշխատել են մինչև պատերազմը, այդպես էլ շարունակում են պատերազմից հետո: Միակ փոփոխությունն ավելի ագրեսիվ դառնալն է, որը ցայտուն արտահայտվում է նաև տեղեկատվական դաշտում»։

Հետհայացք գցելով պատերազմի օրերին մեր մեդիադաշտի աշխատանքին՝ Ալվինա Աղաբաբյանն այն որակեց որպես վատթարագույն։

«Մեր լրատվական դաշտն ադրբեջանցիների համար դարձել էր սեփական մեդիահարթակ: Ադրբեջանական յուրաքանչյուր խոսք և ուղերձ վերահրատարակվում ու վերահրապարակվում էր հայկական լրատվական դաշտի միջոցով: Այս խայտառակ դրության պատճառը պաշտոնական տեղեկատվության բացակայությունն էր, ինչն էլ լրացվում էր ադրբեջանական լրատվամիջոցների շնորհիվ։ Մենք մեզ հետաքրքրող գրեթե ողջ տեղեկատվությունը ստանում էինք այնտեղից: Իհարկե, այդ տեղեկություններն ազնիվ ու անաչառ չէին. դրանք քարոզչություններ էին, որոնցով լցվում էր մեր տեղեկատվական դաշտը»,- ասաց Ռազմավարական կենտրոնի տնօրենը:

Նա ուշադրություն հրավիրեց ևս մեկ փաստի վրա. «Ադրբեջանական կայքերը մեր երկրում փակվեցին վերջին օրերին, այնինչ Ադրբեջանում նրանց կայքերն ու սոցիալական հարթակները փակ էին պատերազմի առաջին օրերից»:

Այսպիսով, վերլուծելով մեր լրատվական դաշտում տիրող քաոսը, երբեմն՝ մեդիագրագիտության պակասը, Ա. Աղաբաբյանն առանձնացրեց մի քանի դրույթներ. «Հետպատերազմյան շրջանում, երբ վերլուծում ենք լրատվամիջոցներից շատերի կատարած աշխատանքը, տեսնում ենք, որ նույնիսկ այն կայքերը, որոնք մեդիագրագիտությամբ թերևս առաջատար են, ոչ միայն օգտագործում են թշնամի պետության նախագահի ուղերձները, կոչերը, այլև դրանք դարձնում վերնագրեր, ընդ որում՝ ուղիղ մեջբերմամբ: Ադրբեջանցիներն ասում են՝ Զանգեզուրը մերն է, Երևանը մերն է, մենք հետ ենք վերադառնալու, իսկ մեր լրատվական կայքերը վերցնում են դրանք և տեղադրում առանց մեկնաբանության։ Եթե այդ ամենն անի «Ազատությունը» կամ «Հայկական ժամանակը», դա հասկանալի կլինի, բայց եթե քարոզչությունը տարածում են «168ժամը», «Երկիր մեդիան», ապա դա արդեն անհասկանալի է։ Մենք ադրբեջանական լրատվամիջոցներում նմանաբնույթ բացթողում երբևէ չենք տեսնի»:

Աղաբաբյանի տեղեկացմամբ, ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցներն ունեն «լավաշ» տեքստեր, որոնք տեղադրվում են յուրաքանչյուր հոդվածի կամ տեղեկատվության վերջում. «Երբ խոսում են Ղարաբաղյան հակամարտության մասին, տեքստի վերջում նրանք տեղադրում են «լավաշ» տեքստը, որը պատմում է հակամարտության սկզբնավորման, օկուպացված տարածքների և այլ մանրամասների մասին: Մեր լրատվադաշտում դա բացակայում է»:

Մասնագետն ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ ապշեցուցիչ հանգամանքի վրա, երբ պատերազմից հետո հայկական կայքերն ակտիվորեն տարածում են հայկական գյուղերի ադրբեջանական անվանումները. «Նյութը գրելիս լրագրողը գյուղի հայկական անվանումը գրելու փոխարեն օգտագործում է ադրբեջանական անվանումը: Սա եթե ոչ դիտավորության, ապա ալարկոտության, հաճախ նույնիսկ անգրագիտության արդյունք է, որը թե՛ լրագրողի, թե՛ խմբագրի մեղավորությունն է. ադրբեջանական լրատվադաշտում այդպիսի բացթողում երբևէ չես տեսնի։ Այլ կերպ ասած՝ մեր ողջ լրատվական դաշտը լցված է ադրբեջանական նյութերով ու քարոզչությամբ»:

Անդրադառնալով օրեր առաջ կայքերում տարածված այն տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինվորները, ներխուժելով մեր տարածք, նվաստացնում և վիրավորում են մեր զինվորներին, Ալվինա Աղաբաբյանը նշեց, որ սա պաշտոնական տեղեկատվության պակասի և իրադարձությունները ոչ պատշաճ ներկայացնելու արդյունք է. «Եթե ՀՀ ՊՆ-ն պաշտոնական տեղեկատվությամբ հերքում է լուրը և անընդհատ, տարբեր եղանակներով հանրությանը գցում է խորը անգիտության, մոլորության ու թմբիրի մեջ, ապա այսպիսի տեսանյութերը ժողովրդին սթափեցնող ու իրականություն բերող նպատակ են հետապնդում. սա հարցի մեկ այլ կողմն է. մյուս կողմից՝ սա ադրբեջանական քարոզչություն է, որից կարելի է խուսափել այն դեպքում, երբ տվյալ լրատվամիջոցը տեսանյութը կամ լուրը ներկայացնի ոչ թե որպես սենսացիա, այլ քննարկում ոլորտի մասնագետների հետ, որոշակի մեկնաբանությամբ»։


Ըստ մասնագետի՝ պատահական չէր նաև, որ վերոնշյալ տեսանյութը երևան եկավ նկարահանումից երկու օր անց. «Այս օրերին, երբ շրջանառվում է նոր տարածքներ զիջելու փաստաթուղթը, որը վարչապետի պաշտոնակատարը պատրաստվում է ստորագրել, այս և նմանաբնույթ գործիքները լավ տարբերակ են հանրության մեջ վախի, անհանգստության մթնոլորտ ստեղծելու»։

Ալվինա Աղաբաբյանի խոսքով, ադրբեջանական լրատվական դաշտում հստակ գծագրված տեղեկատվական քաղաքականություն կա. «Լուրերը լուսաբանելիս գրեթե բոլոր կայքերը կիրառում են նույն բառերը, նույն տերմինները, մայիսի 12-ի իրադարձությունները նրանք ներկայացնում են որպես հերթական հաղթանակ. եկել են ազատագրելու իրենց հողերն ու շարունակելու են այնքան, մինչև հասնեն ցանկալի արդյունքի»։

Անդրադառնալով ՀՀ ՊՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրություններին, որոնք վերջերս որոշակի տեղեկությունների հերքումներ են, Ալվինա Աղաբաբյանն ասաց. «Բավականին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի հանրությունը վստահի և հավատա ՀՀ ՊՆ-ի տարածած պաշտոնական տեղեկատվությանը. այս պատերազմում եղավ հակառակը․ ՀՀ ՊՆ-ն, այս պատերազմից սկսած, փոշիացնում է հանրության վստահությունը։ Նույնիսկ զավեշտ է դարձել, եթե իրենք հերքում են տարածված տեղեկությունը, ուրեմն դրա ճիշտ հակառակն է»։

Ամփոփելով հարցազրույցը՝ Ա․ Աղաբաբյանն ընդգծեց, որ այս ամենի պատճառներից մեկն Արցախյան պատերազմում տարած հաղթանակը հավուր պատշաճի չգնահատելն էր․«Մենք հաղթեցինք Արցախյան առաջին պատերազմում ու չգնահատեցինք մեր հաղթանակը, խորթ երեխայի նման մի կողմ տարանք և տնտեսության ճգնաժամի համար մեղադրեցինք Արցախին ու նրա համար մղվող պատերազմին: Այս ամենի պատճառները խորն են թաքնված. դրանք Արցախը, հայրենիքը չսիրելն է, մեզ ներսից սպանող ալարկոտությունն ու անգրագիտությունը»:
Վերոնշյալ խնդիրների լուծումը, ըստ մասնագետի, ինքնակազմակերպումը, միասնական ու համակարգված աշխատելն է։