Ներքին 5 տարի առաջ - 18:22 22-05-2021

Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը. ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանում է ԵԽ-ի ընդունած բանաձևը

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձևի ընդունման առնչությամբ:

«Եվրոպական խորհրդարանը մայիսի 20-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձև, որում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ հակամարտության և տարածաշրջանային անվտանգության առավել լայն համատեքստին:

Բանաձևում ամրագրված է հստակ պահանջ՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո: Հասցեական կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանը` տրամադրելու պատանդառության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը, ինչպես նաև տեղեկատվություն՝ նրանց առողջական վիճակի և գերության մեջ մահացածների մասին:

Միաժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվում առ այն, որ համաձայն արժանահավատ զեկույցների՝ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում գտնվող անձինք պահվում են նվաստացուցիչ պայմաններում, ենթարկվում անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների, և այս համատեքստում Եվրոպական խորհրդարանը դատապարտում է խոշտանգումների և բռնի անհետացման բոլոր դեպքերը:

Բանաձևում նաև կոչ է արվում ձեռնպահ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ իրադրության սրմանն ուղղված գործողություններից և դատապարտելի է համարվում Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը՝ պնդելով, որ այն պետք է անհապաղ փակվի:

Ընդգծվում է կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու և արցախահայության անվտանգությունն ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու անհետաձգելի անհրաժեշտությունը:

Ամրագրվում է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը պետք է ուղղված լինի Արցախի ապագա կարգավիճակի որոշմանը:

ԼՂ հակամարտության, այդ թվում՝ հումանիտար հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի վերոնշյալ արձանագրումները խիստ կարևոր են: Եվրոպական խորհրդարանն ամրագրել է, որ Ադրբեջանի կողմից հումանիտար իրավունքի խախտումները հավասարազոր են բռնի անհետացմանը: Վերը թվարկված խախտումները հանդիսանում են պատերազմական հանցագործություններ, և Հայաստանը հետամուտ է լինելու այդ հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելուն:

Եվրոպական խորհրդարանը հստակորեն մատնանշում է, որ մայիսի 12-ին ներթափանցելով Հայաստանի տարածք՝ Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս համատեքստում հատկապես մտահոգիչ են որակվել ադրբեջանական ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի մակարդակով կատարված հայտարարությունները, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ: Ադրբեջանի այս գործողությունները Եվրոպական խորհրդարանը որակում է որպես տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերի խաթարում:

Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը ևս մեկ անգամ փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի ժողովրդին զրկել իր անքակտելի իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից»,-ասված է ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների