Մայիսի 12-ին Սյունիքի մարզում՝ Իշխանասարի հատվածում, ադրբեջանական զինված ուժերը հատել են պետական սահմանը և 3.5 կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն: Հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, ադրբեջանցիները, կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ ՌԴ միջամտությունից հետո աբրբեջանական զինված ուժերը պետք է նահաջեին ելման դիրքեր, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իրավիճակը քաղաքական մի շարք քննարկումների առիթ դարձավ, որի արդյունքում փորձագետները տարբեր գնահատականներ տվեցին իշխանության գործողություններին: Մասնավորապես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ բանակցային աշխատանքները պետք է իրականացվեն եռակողմ ձևաչափով՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի մասնակցությամբ։ Ադրբեջանն ամբողջության չի կատարել ելման դիրքեր վերադառնալու մասին պայմանավորվածությունը, ինչը սրում է իրավիճակը: Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ ըստ հայկական և ռուսական կողմերի մոտ առկա քարտեզների՝ բոլոր այդ տարածքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը»:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ հայտնեցին, որ 2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն՝ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որևէ միջանցքի հարց չի քննարկվել և չի քննարկվում: Հայտնի է նաև, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ը չի հանդիսանում Հայաստանի երկաթուղիների սեփականատեր, երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը»:
Հայաստանի գործողությունները զուսպ ու մտածված որակեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյան, ով վստահ է, որ հենց այդ պահվածը ձախողեց թշնամու ծրագրերը: Ստեղծված իրավիճակը, ըստ պատգամավորի, պետք է ամեն գնով հանգուցալուծել առանց հետագա էսկալացիայի, որովհետև կա համոզում, որ իրականում ադրբեջանցիներն անցել են սահմանը հենց ռազմական էսկալացիա ծրագրած և Զանգեզուրի միջանցքն այդ էսկալացիայի արդյունքում նվաճելու և ռուս-թուրք-ադրբեջանական այդ համատեղ ծրագիրն իրագործելու համար:
Քաղաքագետ Արմեն Բսղդասարյանն էլ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները վախենում են պատերազմի վտանգից, բացի այդ`նրանք ոչինչ չեն էլ կարող անել, քանի որ վիճակն այնպիսին է: Քաղաքագետն այս ամբողջ պատմության մեջ ամենավատն կողմը համարում է այն, որ հայ-ադրբեջանական սահմանային հարցերը որոշում են ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը, իսկ պատճառը Հայաստանում տիրող անիշխանությունն է:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի արձագանքն ավելի կոշտ էր: Պատգամավորը պնդում է, որ X պահի երկրում կրկին կհայտարարվի ռազմական դրություն, իսկ ռազմական դրության ժամանակ որևէ ընտրություն անցկացվել չի կարող: Ն. Զոհրաբյանը նշում է, որ թուրքը 3.5 կիլոմետր մտել է Հայաստանի սուվերեն տարածք ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեզ հորդորում է խուճապի չմատնվել և ընդունել իրականությունը, որն ամրապնդվել նոյեմբերի 10-ի հուշագրով: Դատելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից, թուրքը չի եկել հենց էնպես գնալու համար:
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ վստահ է, որ Ադրբեջանի նպատակը Սև լիճը չէ. Հայաստանի ներսում փորձում են օրակարգ թելադրել:
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը կարծում է, որ Ադրբեջանն առաջնորդվում է առավելագույն ընդարձակման քաղաքականությամբ, իսկ ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները՝ կապիտուլյանտ պարագլխի ղեկավարությամբ՝ «սաղ տանք, պրծնենք» տմարդի և վախկոտ սկզբունքով՝ զուգահեռ լկտիաբար ստելով, թե իբր Սյունիքից ոչինչ չի զիջվել:
Թուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանի տեսակետն այլ է: Վերջինս կարծում է, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն հայկական տարածքը, երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում».
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ քանի դեռ Նիկոլը և նիկոլիզմը շարունակում են ձգտել իշխանության, Հայաստանում և տարածաշրջանում նման իրավիճակների ականատես կլինենք ոչ միայն Սյունիքում, այլև այլ հատվածներում: Սա աշխարհաքաղաքական մեծ խաղի տարածաշրջանային հետևանքներ են: Նրա խոսքերով՝ Թուրքիան և Ադրբեջանը, օգտվելով այն հանգամանքից, որ առաջիկայում Ռուսաստանում ընտրություններ են լինելու և չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ ՌԴ-ն չկարողանա լրջորեն զբաղվել Հարավային Կովկասով, ամեն կերպ օգտագործելու են առաջիկա մի քանի ամիսները, որպեսզի լիարժեք ազդեցության տակ վերցնեն նաև Հայաստանի սահմանամերձ ռազմավարական կետերը:
«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն ավելի կոնկրետ տեղեկություններ հայտարարեց, որի համաձայն՝ Նիկոլ Փածինյանն Ադրբեջանի հետ պայմանավորվել է համատեղ դիրքեր (պոստեր) դնել: Թուրքրը Հայաստանի տարածքում դիրքեր կունենան և իրենց ձեռքում ռազմավարական նշանակության մի շարք բարձրունքը կմնան։ Հրանտ Բագրատյանը վստահեցնում է, որ առաջիկա տարիներին հայ-ադրբեջանական սահման դելիմիտացիա ու դեմարկացիա չի լինելու։ Այն կլինի, երբ նրանք ամբողջությամբ կխժռեն Սյունիքը։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ մտահոգություն հայտնեց, որ իրականության հերքումը իշխանական քարոզչամեքենայի սովորական մարտավարություն է: Նույնը կատարվում էր պատերազմի ժամանակ, նույնը կատարվում է և պատերազմից հետո, երբ հերթով ինչ-որ բաներ էին հանձնում, ու դրան զուգահեռ ինչ -որ անհասկանալի աղբյուրներից հայտնվում՝ իբրև ոչ պաշտոնական, բայց շատ վստահելի աղբյուրներից, օրինակ, Դադիվանքի հարցը լուծվել է՝ այն մնում է Հայաստանի վերահսկողության տակ և այլն: Սա նույն մանիպուլիատիվ գործելաոճն է: