Երևան +17°
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 09:52 18-05-2021

Ո՞ւր գնալ, ի՞նչ տեսնել. թանգարանային օրեր

1977 թվականին Թանգարանների միջազգային խորհուրդը մայիսի 18-ը հռչակել է Թանգարանների միջազգային օր։ Այս օրը տոնվում է նաև բաց երկնքի տակ թանգարան համարվող Հայաստանում։

Հայաստանում գործում է գրեթե 100 թանգարան՝ տուն-թանգարաններ, պատկերասրահներ, արվեստի սրահներ, թանգարան-ինստիտուտներ։ Թանգարանների միջազգային օրը պատեհ առիթ է ևս մեկ անգամ այցելելու դրանք։

Մենք առանձնացրել ենք 5 թանգարան, որտեղ առկա նմուշները կհիացնեն ու կզարմացնեն Ձեզ:

1․ Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարան՝ Նապոլեոնի հրաժարականի նամակը

Որքան էլ անհավանական է, Նապոլեոն 1-ին Բոնապարտի հրաժարականի փաստաթուղթը պահվում է Երևանում՝ Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում։ Նամակը Երևանի գրականության ու արվեստի թանգարանին է հանձնել հայազգի երաժշտագետ Վասիլի Կորգանովը 1930 թվականին։

Նամակում գրված է. «Նկատի ունենալով, որ դաշնակից տերությունները հայտարարել են, որ կայսրը հանդիսանում է Եվրոպայում խաղաղություն հաստատելու միակ խոչընդոտ, ապա կայսրը, հավատարիմ իր երդմանը, հայտարարում է, որ իր և իր զավակների անունից հրաժարվում է Ֆրանսիայի և Իտալիայի գահերից, և չկա մի զոհաբերություն, անգամ՝ կյանքը, որ ինքը պատրաստ չլինի կատարելու հանուն Ֆրանսիայի»։

Նշենք, որ նույն թանգարանում է պահվում նաև Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի գրած նամակներից մեկը, որտեղ նա հայտնում է ընկերոջն իր մոր մահվան լուրը։

2․ Գյումրիի Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան՝ Լենինի, Տոլստոյի, Մայակովսկու մահվան դիմակները

Ծնունդով գյումրեցի, քանդակագործ Սերգեյ Մերկուրովը, որն աշակերտել է Օգյուստ Ռոդենին, պատրաստել է բազմաթիվ անվանի հայերի մահադիմակներ, որոնք պահվում են Գյումրիի՝ նրա անունը կրող տուն-թանգարանում։ Թանգարանային նմուշների շարքում իրենց ուրույն տեղն ունեն ռուս հայտնի գրողներ Վլադիմիր Մայակովսկու, Մաքսիմ Գորկու, Ալեքսեյ Տոլստոյի, Միխայիլ Բուլգակովի, Անտոն Մակարենկոյի, ինչպես նաև Վլադիմիր Լենինի մահվան դիմակները։

3․ Հայաստանի ազգային պատկերասրահ՝ Մարիա Մագդաղինացու քանդակը

Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրված է 18-19-րդ դդ. իտալացի նկարիչ և քանդակագործ Անտոնիո Կանովայի «Ապաշխարող Մարիա Մագդաղինացին» քանդակը։ Քանդակագործը, որի աշխատանքները ցուցադրված են աշխարհի ամենահայտնի թանգարաններում՝ Լուվր, Էրմիտաժ, Վատիկանի թանգարաններ, ցուցանմուշ ունի նաև Հայաստանում։

4․ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան՝ Ստրադիվարիուսի դպրոցի կանոններով պատրաստված ջութակ

Այս ցուցանմուշը հատկապես կհետաքրքրի երաժշտասերներին։ Հայ գրողը յուրահատուկ մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ։ Նա 1906 թվականին Ժնևում ձեռք է բերել Ստրադիվարիուսի դպրոցի կանոններով 18-րդ դարում պատրաստված բավականին թանկարժեք ջութակ, որից երբեք չի բաժանվել։

Ջութակը ԽՍՀՄ տարածքից դուրս բերելու հարցում նրան օգնել է Եղիշե Չարենցը։ Վերջինս այն ժամանակ Լուսժողկոմում էր աշխատում և տեղեկանք է տվել այն մասին, որ Դեմիրճյանը «պրոֆեսիոնալ ջութակահար» է և իրավունք ունի գործիքն իր հետ դուրս տանելու հանրապետությունից։

5. Սերգեյ Փարաջանովի թանգարան՝ Ֆելինիի նամակը

Սերգեյ Փարաջանովն ու Ֆեդերիկո Ֆելինին երբևէ չեն հանդիպել, սակայն փաստացի ունեցել են նամակագրական կապ։ Իտալացի ռեժիսորը նամակ է գրել Փարաջանովին՝ շնորհակալություն հայտնելով նրան ինքնատիպ նվերի համար․ «Սիրելի՛ Սերգեյ, Վիրջիլիո Տոզին ինձ բերեց քո գուլպաները: Սա մի նվեր է, որն ինձ շոյեց: Ես քեզ չեմ ճանաչում, սիրելի Սերգեյ, սակայն քո բանաստեղծական ուղերձից հետո ինձ թվում է, թե միշտ ճանաչել եմ քեզ, դարձել ես մի հին, հարազատ ընկեր: Իմ ամենաջերմ մաղթանքները լավ աշխատանքի համար, սիրելի ընկեր, գրկում եմ քեզ և սիրում եմ քեզ»:

Նամակը մակագրված է՝ «Քո՝ Ֆեդերիկո Ֆելինի»։

Հավելում 1․

Հայաստանի ազգային պատկերասրահի ներքին բակում է պահվում Լենինի անգլուխ արձանը։ Նախկինում Լենինի հրապարակը (ներկայումս Հանրապետության) հսկող արձանը չի ներկայացվում որպես ցուցանմուշ։ Այն երևում է միայն պատկերասրահի լուսամուտից, սակայն անգամ լուսանկարել չի թույլատրվում։

Հավելում 2․

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի երկրորդ հարկում՝ առանձին մեծ սրահում, պահվում է գրողի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը, որտեղ պահվում են տարբեր լեզուներով գրված և ժանրային բազմազանությամբ աչքի ընկնող 8000 օրինակ գրքեր։ Սա հայ գրողների՝ Հայաստանում ունեցած գրադարանների մեջ գրքերի քանակով ամենամեծն է։

Հավելում 3․

Գյումրիի կիսավեր «Օմեգա» գործարանում է գտնվում Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը։ Այն տեսնելու համար շտապել է պետք, քանի որ որմնանկարը, որն ընդգրկված է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, ոչնչացման եզրին է։

Ամենից շատ դիտված

08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ

Ձեզ գուցե հետաքրքրի