Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 18:25 14-05-2021

Ֆրանսիան տարածաշրջանային ներգրավվածության իր ձևաչափը փորձում է մեծացնել. Ալեն Ղևոնդյան

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը oragir.news-ի հետ զրույցում մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի մամուլի հաղորդագրությունն ու Մակրոնի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով հարցը լուծելու ցանկությունը հանրությունից թաքցնելու Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի փորձը:

- Ինչպե՞ս եք գնահատում Էմանուել Մակրոնի արձագանքը Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

- Ֆրանսիան հերթական անգամ հիմնավոր արձագանք տվեց Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիայի նկատմամբ:

Հայաստանի համար Ֆրանսիան՝ որպես Եվրոպական միության երկիր, առանցքային կարևորություն ունի: Էմանուել Մակրոնի արձագանքն այս ամենի հավաստումն էր:

Մյուս կողմից պետք է հասկանալ, որ Ֆրանսիան շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, աշխարհաքաղաքական ինչ ուժեր ինչ մրցակցության գործընթացներ են նախաձեռնել և փորձում են ուժային հարաբերակցության առկա պատկերը փոխել:

Խոսքը հենց Թուրքիայի և թուրք-ֆրանսիական հայտնի հարաբերությունների մասին է, որոնք վերջին շրջանում շոշափելիորեն փոխվել և ապահովում են լարվածության ու մրցակցության ֆոն՝ ոչ միայն մեր, այլև մերձմիջերկրածովյան տարածաշրջանում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ցանկություն հայտնելով խնդիրը մտցնել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, միջազգային իրավունքի տեսանկյունից է հարցին մոտեցել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ է, և նրա տարածքի նկատմամբ ցանկացած հավակնություն անեքսիա է դիտարկվում, հետևաբար միջազգային իրավունքի խախտում: Այս ամենը նշանակում է, որ ՄԱԿ-ը, որի անդամ են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, ունի առկա իրավիճակին որոշակի լուծում տալու մանդատը, ինչպես Անվտանգության խորհրդի լայն, այնպես էլ նեղ կազմի ձևաչափով. գոնե խորհրդատվության մասով, եթե խոսենք նախնական արձագանքի մասին:

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հաղորդագրության մեջ չկար ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրի լուծման հնարավորության մասին հատվածը:

- Սա եզակի դեպք չէ: Մենք ունեցել ենք նմանօրինակ բազմաթիվ դեպքեր, երբ Հայաստանի պաշտոնատար անձինք, հատկապես երկրի գործադիր ղեկավարը, որը աչքի է ընկնում առանձնահատուկ ոչ պրոֆեսիոնալիզմով և դիլետանտիզմի ամենաբարձր մակարդակով, սկզբում գրառումներ են կատարում իրենց ֆեյսբուքյան էջերում, որոնք մեծ հաշվով պաշտոնական լրահոսի կարգավիճակ ունեն, հետո գրվածը ձևափոխում են, խմբագրում, երբեմն էլ անգամ ջնջում:

Այս դեպքը փաստացիորեն դրա արձանագրումն է: Նախ առաջինը՝ Մակրոնի՝ տեղի ունեցածի մասին արձագանքը պետք է դիտարկել շատ հաշվենկատ, իմաստուն և զուսպ համատեքստում հասկանալու համար, թե այդ հնարավորությունն արդյո՞ք կա, և այդ հնարավորության օգտագործման գործիքներն արդյո՞ք Հայաստանի համար դրական հետևանքներ կարող են ունենալ:

Այսինքն՝ ամեն արձագանքին չէ, որ պետք է ժամանակից շուտ շտապողական պատասխան տալ: Իհարկե, առաջարկը դրական համատեքստում է, բայց այն պետք է դեռ քննարկել, հետևաբար պետք չէ ամեն ինչ PR-ի վերածել և փորձել հեղինակության արժեթղթեր կամ հավանումներ հավաքել, ինչով տառապում է մեր երկրի ղեկավարը:

Անդրադառնալով, թե ինչու է հանվել ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրի լուծման հնարավորության մասին հատվածը, հավանաբար որոշ խորհրդատուներ, այնուամենայնիվ, հասկացել են, որ միգուցե պետք է գործընթացը պատշաճքննարկել, ներքին հնարավորություններն ու ռիսկերը գնահատել, հետո նոր հանրայնացնել, որովհետև, այնուամենայնիվ, Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ կոլեկտիվ և գործընկերային շփումների լայն պրիզմա ունի. Ֆրանսիայից բացի՝ մենք ունենք Ռուսաստան, ԱՄՆ, որոնց հետ պետք է քննարկել ու հասկանալ ամենաարդյունավետ, ամենախելացի և ոչ ռիսկային գործընթացը որն է՝ արդյո՞ք դա ՄԱԿ-ի անվտանգության ամբիոնն է, ԵԱՀԿ-ի կամ ենթադրենք ԵԽՎՎ-ի ձևաչափն է, որովհետև մենք Ադրբեջանի հետ նաև այդ կառույցների անդամ երկրներ ենք:

Կամ, միգուցե, ընդհանրապես միջազգային կառույցներին դիմել պետք չէ, խնդիրը պետք է ձևակերպել երկկողմ կամ եռակողմ ձևաչափերով:

Կարծում եմ ՝ այստեղ մենք հերթական անգամ ունեցանք դիլետանտիզմի և ոչ պրոֆեսիոնալիզմի շքահանդես, դրանով էր պայմանավորված այն, որ երկրի վարչապետը սկզբում գրում է ինչ-որ մի բան, հետո հասկանում է, որ դա պետք չէր գրել, և այն պարզապես հեռացնում է էջից:

- Ֆրանսիան ի՞նչ ձևաչափով և ինչպիսի՞ մասնակցություն կարող է ունենալ կոնֆլիկտի լուծման գործընթացում:

- Ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, ակտիվորեն ներգրավված էր արցախյան բանակցային գործընթացում:

Պատերազմը և հետպատերազմյան իրողություններն իրավիճակ փոխեցին, այսինքն՝ ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ֆրանսիան գործընթացից դուրս մնացին:

Իզուր չէ, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն Ռուսաստանից շատ տարբերվող հայտարարություններով հանդես եկան այն մասին, որ կոնֆլիկտը չի լուծվել, դեռ կա կարգավիճակի ու անվտանգության խնդիր, հետևաբար Արցախյան խնդիրը պետք է մտնի միջազգային իրավական ձևաչափ, և միայն դրա ներքո խնդրի հետ կապված լուծումների ճանապարհներ գտնել:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանային այս միջադեպին, հաշվի առնելով, որ Ֆրանսիան մի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով է ներգրավված, մյուս կողմից Հայաստանի հետ ունի ջերմ հարաբերություններ, այլընտրանք է առաջարկում:

Ֆրանսիան տարածաշրջանային ներգրավվածության իր ձևաչափը փորձում է մեծացնել, ավելացնել, որն այս կամ այն կերպ անդրադառնալու է արցախյան գործընթացի վրա, որի հիմնական, առաջինը համարվող միջնորդը Ռուսաստանն է: Այստեղ կա նաև երկրորդ միջնորդ համարվող երկիրը՝ Թուրքիան: Ֆրանսիան ակտիվության և ներգրավվածության խնդիր է լուծում, որպեսզի հետագայում իր դերակատարմամբ միգուցե նաև հակակշռի Թուրքիային, քանի որ թուրքական ախորժակը տարածաշրջանում շատ մեծ է: