ԱՄՆ չորս նախկին նախագահներն ու նախկին առաջին տիկնայք նկարահանվել են հանրային ծառայության գովազդում, որով կոչ էին անում կորոնավիրուսային պատվաստումներ իրականացնել: Տեսահոլովակում նկարահանվել են Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը, Բարաք Օբաման՝ բոլոր նախկին նախագահները՝ բացի Դոնալդ Թրամփից և նրա կնոջից:
Տեսանյութում ԱՄՆ նախկին ղեկավարները բացատրում են, թե ինչու արժե պատվաստվել: Օրինակ՝ Օբաման ասում է, որ ցանկանում է կրկին հանդիպել իր կնոջ մորը, իսկ Բուշ կրտսերը ասում է, որ ուզում է մեկնել Տեխասի Ռեյնջեր մարզադաշտ: Գովազդը նաև ցույց է տալիս, թե ինչպես են տեսանյութի մասնակիցները ստանում պատվաստանյութի իրենց բաժինը:
Ամերիկյան գիտական համայնքի մի շարք անդամներ և հասարակ քաղաքացիներ կարծում են, որ Թրամփը, իր մոտեցման պատճառով, պատասխանատու է ԱՄՆ-ում կորոնավիրուսից բազմաթիվ մահերի համար: COVID-19-ի հայտնաբերված դեպքերով երկիրը զբաղեցնում է առաջին տեղը: Համաճարակի սկզբից մինչ այժմ դեպքերի թիվը մոտենում է 30 միլիոնի: Գրեթե 550 հազար հիվանդ մահացել է: