copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:13 19-02-2021

ԱՄՆ-Ն ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ԿԻՐԱՌԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ 43 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԽՈՒԶԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են կիրառել Բելառուսի 43 քաղաքացիների նկատմամբ «բելառուսական ժողովրդավարությունը խաթարելու համար»: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ն նախկինի նման անհանգստացած է խաղաղ ցուցարարների նկատմամբ շարունակական դաժան ճնշմամբ: ... Մենք սատարում ենք Բելառուսի քաջ ժողովրդին և պաշտպանում ազատ և արդար ընտրությունների նրանց իրավունքը»,- ասել է Բլինքենը:

Պատժամիջոցների ենթարկված մարդկանց անունները չեն նշվել, բայց պետքարտուղարի հայտարարության մեջ ասվում է, որ «սև ցուցակում» են հայտնվել՝ արդարադատության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ,իրավապահ մարմինների ղեկավարնեը և շարքային աշխատակիցներ, որոնք բերման են ենթարկել և վիրավորել խաղաղ ցուցարարներին, դատավորներ և դատախազներ, որոնք դատապարտում են խաղաղ ցուցարարներին և լրագրողներին, բուհերի ղեկավարներ, որոնք սպառնացել են ուսանողներին ցույցերին մասնակցելու պատճառով:

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել այն բանից հետո, երբ Բելառուսում դատարանը դատապարտել է «Բելստատ» հեռուստաընկերության լրագրողներ Եկատերինա Անդրեևային և Դարյա Չուլցովային երկու տարվա ազատազրկման, իսկ անվտանգության աշխատակիցները խուզարկել են «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության, Բելառուսի լրագրողների ասոցիացիայի և անկախ արհմիության անդամներին:

Ընդհանուր առմամբ, պատժամիջոցներ են կիրառվել արդեն 66 մարդու նկատմամբ ՝ «բելառուսական ժողովրդավարությունը խաթարելու համար», այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի: