Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:05 01-02-2021

ՀԱՐԿ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՀԱՄԱՌՈՏ ԿԵՐՊՈՎ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՆԱԽԱՐԱՐ Վ․ ՔԵՐՈԲՅԱՆԻ ԱՅՑԻՆ. ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են.

«Սոցիալական առանձին կայքերում որոշակի տեղեկություններ են հրապարակվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ս.թ. հունվարի 22-ից 26-ն Իրան կատարած այցի վերաբերյալ, որոնք ունեն նաև քննադատական ուղղվածություն:

Դեսպանությունը մշտապես հետևում է նման հրապարակումներին և օգտակար է համարում քննադատական նկատառումներն ու առաջարկությունները՝ հաշվի առնելով դրանք դեսպանության աշխատանքները կազմակերպելիս:

Կարևոր ենք համարում նաև դեսպանության գործունեությամբ հետաքրքրված քաղաքացիների իրազեկվածությունը՝ մշտապես ձգտելով նրանց համար հասանելի դարձնել կատարվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:

Ըստ այդմ՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս համառոտ կերպով անդրադառնալ նախարար Քերոբյանի այցին և դրա ընթացքում իրականացված ծրագրային միջոցառումներին (թեև այցի օրերին դեսպանությունը պարբերաբար լուսաբանել է նախարարի գլխավորած պատվիրակության ունեցած հանդիպումները):

Նախարար Քերոբյանն ունեցել է հետևյալ հանդիպումները.

- ԻԻՀ գիտատեխնոլոգիական հարցերով փոխնախագահ Սորենա Սաթթարի

- ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնի

- ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիան

- ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմի

- ԻԻՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդ

- ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթի

- Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեի

- Սպահանի նահանգապետ Աբաս Ռեզայի

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական ծրագրերին և երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծվել է կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների համանախագահությամբ աշխատանքային խումբ:

Ստորագրվել են համագործակցության հուշագրեր:

Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի է ունեցել Թեհրանի հայ գործարարների հետ խորհրդաժողով, որին մասնակցել է հիսունից ավելի գործարար: ՀՀ էկոնոմիկայի նախարարը մանրամասն ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների վիճակը, առաջիկա անելիքները, այդ թվում կապված «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման, ՀՀ-ում արդյունաբերական ավանի ստեղծման և մի շարք այլ կարևոր ծրագրերի հետ:

Նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի և ունեցել տասնյակ առանձնազրույցներ գործարարների հետ:

Այցի վերջին օրն Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի հետ քննարկվել են գործարար առանձին խմբերի Հայաստան գործուղման, ցուցահանդեսների կազմակերպման և մի շարք այլ հարցեր:

Խիստ հագեցած աշխատանքային ծրագրի պայմաններում ՀՀ էկոնոմիկայի նախարարն ունեցել է մի շարք նախապես չծրագրված հանդիպումներ և այցեր, այդ թվում՝ «Մափնա», «Մամութ» ընկերություններ, «Շասթա» հոլդինգ և մի շարք այլ ընկերություններ և գործարաններ:

Ինչ վերաբերում է կաթնամթերքի արտադրության «Միհան» ընկերությանը, ցավում ենք, որ այցը չի կայացել (իրանական կողմին նախապես զգուշացվել է այցի չեղարկման մասին), սակայն հարկ ենք համարում նշել, որ ՀՀ դեսպանը մոտ օրերս պատրաստվում է այցելել հիշյալ ընկերություն և քննարկել Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հետ կապված խնդիրներ:

Դեսպանությունը ներկայումս ստանում է բազմաթիվ հարցեր և առաջարկություններ, որոնց հետ կապված ցուցաբերվում է պատշաճ և շահագրգիռ վերաբերմունք:

Ձեզ գուցե հետաքրքրի