Ինչպես են կոչվելու ստեղծվելիք 8 բուհերը
Անցած շաբաթ, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր մեկնել արձակուրդ, Կառավարության նիստի ժամանակ հերթական աննախադեպ ծրագիրը ներկայացվեց։ Մի այնպիսի ծրագիր, որ մարդ կարող է դա արտասանելիս շնչահեղձ լինել։ Բայց եկեք ամեն ինչին անդրադառնանք հերթով։ Սկսենք մի փոքրիկ նախաբանից։ Նախ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը վստահաբար հատուկ էր ընտրված, որովհետև ինչպես գիտենք, ժողովրդի մեծ առաջնորդը որոշակի բարդույթներ ունի՝ բարձրագույն կրթության հետ կապված, և անպայմանորեն մի որևէ կլանչոց հանելու էր այդ ծրագրի հերոսական ներկայացման ժամանակ։ Երկրորդ՝ այս ծրագիրը մեկ անգամ ևս բացահայտում է մեր կառավարության հաղթական բնույթը, ներքին ուժը, կամքը, հաղթելու գենետիկ կոդը․ ոչ մի պարագայում հաշվի չնստել իրականության հետ և պահանջել անհնարինը։ Իհարկե, այնպես է ստացվել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ թե համապետական, թե քաղաքային, թե համայնքային, մեզ վրա մի տեսակ վաճառում են իրենց նախնական մտքերը՝ որպես արդեն իրագործված ծրագրեր (ավտոմեքենաների գործարան, մետրոյի կայարանների համալիր, խաղաղության դարաշրջան, կոռուպցիայի հաղթահարում, տիեզերքի տարի ևն), և ճիշտն ասած՝ անհնարին այդ ծրագրերն ի վերջո չեն իրագործվում, բայց դրանից հաղթական գենետիկ կոդը չի փոխվում։ Մի խոսքով՝ եթե շատ չերկարեցնեմ նախաբանը, Կառավարությունը որոշել է հաշվի չառնել այն չնչին խոչընդոտը, որ այս տարի պետական բուհերում գրեթե դիմորդ չի եղել, թափուր են մնացել ոչ միայն վճարովի, այլև անվճար տեղերը, և բացել հինգից ութ նոր պետական բուհ։
Ընդհանրապես, եթե ճիշտ է այն խոսքը, որ լկտիությունը երկրորդ երջանկությունն է, ապա միանշանակորեն այս ծրագրի հեղինակները Հայաստանի ամենաերջանիկ անհատներն են, որովհետև ներկայիս պայմաններում նման ծրագիր հղանալուց ավելի լկտի բան մեկ էլ կլիներ այն, որ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված կապիտուլյացիայի հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին, Հայաստանը անակնկալ հարձակվեր Թուրքիայի վրա։ Կամ ոնց որ պատերազմից հետո պատմության ուսուցչին տանես, սարքես պաշտպանության նախարար, չէ, լավ, մի քիչ շեղվեցի․ սա ոնց որ արդեն եղել է։ Կարճ ասած՝ քանի որ փառք Աստծո, Թուրքիայի դեմ հարձակում չեղավ, ապա միանշանակ է, որ 8 նոր բուհերի նախագիծը դեռևս Հայաստանի ամենալկտի նախաձեռնությունն է։
Բայց ծրագիրը երկրորդ ութ թիվն էլ ունի։ Ուրեմն նման ֆանտազիա ունեցող հեղինակները ինչ-որ կողմնակի նյութերի ազդեցությունների տակ էլի են մի բան հորինել։ Կարելի է ենթադրել, որ արտադրական նպատակներով աճեցվող այդ նյութերի այս տարվա բերքը չափազանց լավն է եղել։ Ուրեմն առաջիկայում 21 միլիոն դրամով իր համար առանձին լիֆտ առնող Արայիկ Հարությունյանը որոշել է, որ 8 բուհ ստեղծելուց բացի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այնքան լավ է կազմակերպելու աշխատանքը, որ 8 տարի հետո այդ բուհերից մի քանիսը լինեն աշխարհի լավագույն 500 բուհերի ցուցակում։ Որպեսզի պարզ դառնա արտադրական կանեփի թնդությունը, ասեմ, որ ԵՊՀ-ն իր լավագույն շրջանում՝ Արամ Սիմոնյանի ժամանակ, հազիվ մտնում էր աշխարհի լավագույն 3000 բուհերի մեջ, իսկ Բժշկական համալսարանը չէր մտնում լավագույն 10,000-ի մեջ։
Ոչ մի կասկած չկա, որ Արցախի պաշտպանությունը մանրամասնորեն գծագրած և իրագործած իշխանությունը նույնքան մանրամասնորեն գծագրել է բարձրագույն կրթությամբ աշխարհը նվաճելու այս յուրահատուկ ծրագիրը, բայց որպեսզի թշնամիները հանկարծ չխոչընդոտեն (ճիշտն ասած՝ խաղաղության ներկայիս դարաշրջանում մի տեսակ չեմ կողմնորոշվում, թե մեր իշխանությունների թշնամիներն ովքեր են, երևի թե միայն ես եմ մնացել), խորամանկ ու խորաթափանց Արայիկ Հարությունյանը չհրապարակեց, թե ինչ ութ բուհեր են բացվելու։ Այսինքն՝ այդ ո՞ր մասնագիտություններն են, որ Երևանի պետական համալսարանը, Բժշկականը, Պոլիտեխնիկը, Մանկավարժականը, Տնտեսագիտականը, Ֆիզկուլտը, Թատերականը, Գեղարվեստի, Արդարադատության ու Կառավարման ակադեմիաները և մնացածները իրենց մասնաճյուղերով ու մնացած «թաշախուստով» չեն ապահովում։ Այո՜, հենց այստեղ է թաղված շան գլուխը․ Հայաստանում այնքան է իրավիճակ փոխվել, որ արդեն այդ իրավիճակի համար պետք են նոր կրթօջախներ բացել։ Փորձենք հասկանալ, թե ինչ մասնագիտություններ ու բուհեր են առաջիկայում բացվելու։
Առաջին և ամենակարևոր բուհը պետք է դառնա այն հաստատությունը, որը կադրեր կապահովի իշխող ուժի համար։ Քանի որ իշխանավորների ինտելեկտի մակարդակը չափազանց սպեցիֆիկ է, իսկ քպ-ականները չեն կարողանում հարմարվել եղած համալսարաններում, ապա նրանց գիտակրթական մի յուրօրինակ օջախ է պետք, բառիս ամենալայն իմաստով արքունիքի մի ինքնատիպ ձուլարան։ Միանշանակ է, որ այն պետք է կրի մեծ հեղափոխական, ժողովրդի մեծ առաջնորդ, իջևանցիների հայր Նիկոլ Փաշինյանի անունը։ Երևի թե այդ հաստատությունը համալսարան չկոչվի (հասկանալի պատճառներով), գուցե կոչվի [գյուղ]ակադեմիա կամ ավելի ճիշտ՝ հենց բաստիոն՝ Նիկոլ Փաշինյանի անվան քպ-ական վերնախավի ու ժողովրդավարության գիտակրթական բաստիոն, որտեղ ներկա ու ապագա կարկառուն քպ-ականներն ուսումնական հատուկ ծրագրերով կսովորեն․
1․ սինքրոն քվեարկություն,
2․ ինչ հայացքներով կարելի է նայել առաջնորդին և նրա ընտանիքի անդամներին, այդ անդամների բարեկամներին, խնամիներին, հարևաններին և պարզապես բնիկ ենոքավանցիներին,
3․ խորհրդարանում խմբակային հարձակման առանձնահատկությունները,
4․ ինչպես աննկատ անցնել շենքի բակով ու բարձրանալ տուն,
5․ մի քիչ ռուսերեն՝ Լադիմիր Լադիմիրովիչի բարկությանը չարժանանալու համար,
6․ մի քիչ անգլերեն՝ Տիգրան Մեծի միջոցով միջազգային բոլոր լուրջ քննարկումները հումորի երեկոյի վերածելու համար,
7․ տարաբնույթ հանդիպումների, քննարկումների ժամանակ, որոնց ընթացքում մատուցվում է անվճար ընդմիջում, հնարավորինս շատ բան ներս տալու առանձնահատկությունները,
8․ ինչպես խորհրդարանում հնարավորինս թաքցնել այն, որ արտադրական կանեփն այս տարի լավ բերք է տվել և ժողովրդի իշխանության ներկայացուցիչը մի քիչ համտեսել է այն։
9․ հայհոյանքագիտության ներածություն․ ինչ հայհոյանքներ են հասնում իսկական քպ-ականին և որ հայհոյանքներից նյարդայնանալ ու կանչել օգնության ևն։
Զուտ առարկայացանկի նկարագրությունից երևում է, որ այս բաստիոնը շատ արագ հայտնվելու է համաշխարհային ռեյտինգներում, ուղղակի մի բայց կա․ ենթադրելի է, որ այդ ռեյտինգները բուհական չեն լինի, այլ կլինեն երևի թե կինոյի ոլորտում, գուցե «Մարդկության վատագույն երազ» անվանակարգում։
Քանի որ հնարավոր չէ մի համեստ գրությամբ ամբողջությամբ ներկայացնել Հարությունյան-Դումանյան տանդեմի գիշատիչ ուղեղների ողջ խորությունը, մնացած բուհերին կանդրադառնամ թռուցիկ։
Նոր իրողությունների պայմաններում, երբ սահմանները բացվելու են, և թուրք ու ադրբեջանցի վարորդներն անցնելու են Հայաստանի միջով, պետք են լինելու մարդիկ, որոնք կսպասարկեն այդ վարորդներին։ Դա կլինի առանձին բուհ, որը կպատրաստի նորահայտ բարեկամներին դիմավորելու նրբությունները։ Այն կկոչվի Խաչատուր Սուքիասյանի անվան քյաբաբա-անկողնային հմտությունների համալսարան։
Չափազանց լուրջ խնդիր է մեծ առաջնորդի անձնական ոստիկանության աշխատակիցների հարցը․ ինչպես հայտնի է, նախկիններն այնպես են լափել ողջ կրթությունը, որ պարեկները մնացել են անուսում, նույնիսկ մեքենա վարել չեն սովորել։ Նրանց համար առանձին կգործի Դանիել Իոաննիսյանի անվան անգրագիտության վերացման կենտրոնը, որը մասամբ կֆինանսավորվի Ջորջ Սորոսի և մասամբ էլ Գագիկ Ծառուկյանի կողմից։
Այս ամենի մեջ ինչպե՞ս կարող է չլինել Նիկոլ Փաշինյանի զինակից, վաղ շրջանի հեղափոխական, ՔՊ կամավորական բրիգադի լեգենդար հրամանատար, լիֆտով շրջելու մեծ գիտակ, վիթխարի գլուխ Արայիկ Հարությունյանը։ Թե ինչ է սովորեցնելու բուհը, դեռևս պարզ չէ, բայց հայտնի է, որ այն շատ երկար անուն է ունենալու և կոչվելու է Արայիկ Հարությունյանի անվան ԱԳԼՃԿ փայտաճեմարան (փայտա-, որովհետև մեծ հեղափոխականը միայն քայլելով չեկավ Երևան, այլ ձեռքին փայտով)։ Լուրեր կան, որ քպ-ական պատգամավորների վրա տեղադրված գազաբալոնները ստուգվելու են այդ կենտրոնում անձամբ հեղափոխության հանճարի կողմից։
Ինչպես հայտնի է, հեղափոխական Հայաստանին անհրաժեշտ են նոր ոճի դատավորներ, դատախազներ, քննիչներ և Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ապահովող այլ իրավաբաններ։ Իհարկե, նրանց ավելի ճիշտ է անվանել իրավաբանիկներ, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Այդ բացը լրացնելու համար հրատապորեն ստեղծվելու է Ստյոպա և Սեդա Սաֆարյանների անվան արդարադատության հիշատակի թանգարան-ինստիտուտ, որը կունենա արագընթաց դասընթաց՝ մեկ-երկու ամիս, իսկ շրջանավարտները միանգամից կկարողանան դառնալ այն, ինչ կուզի Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ դատավորից մինչև ԲԴԽ նախագահ։
Ինչպես կարող են այս համատարած կրթագրոհի մեջ տեղ չունենա Աննա Հակոբյանը՝ հայկական հեղափոխության Մարիամը, սուրբ հեղափոխածինը։ Պարզապես դժվար է նրա հետ համաձայնեցնել դասընթացի բովանդակությունը։ Հայտնի է պարզապես, որ այն պետք է կապ ունենա հիմնադրամների, վարսահարդարման-մատնահարդարման-գլուխահարդարման և անպայմանորեն սելֆիի հետ։
Քննարկվում է նաև նրա եղբոր՝ երկրի գլխավոր աներձագի՝ Հրաչյա Հակոբյանի անվան մաքսային գործի և ավիամոդելավորման առանձնահատկություններն ուսուցանող կենտրոն ստեղծելու գաղափարը։
Եվ վերջին հաստատությունը, որ երևի միջին դիրք կունենա բուհերի և ուսումնարանների միջև, կլինի Նիկոլ Փաշինյանի անվան Աշոտիկի անվան ռազմագիտության, գարեջրագործության, բրուտագործության և նորաձևության ակադեմիան։
Եվ ամենակարևորը․ նորաբաց բոլոր բուհերի ղեկավար կլինի մեծ առաջնորդի սրտի ռեկտոր, աշխարհահռչակ աստվածաբան ու անմոռանալի հայագետ Հովհաննես Հովհաննիսյանը, և դա անպայման կամրագրվի նաև համապատասխան օրենսդրությամբ ու կանոնադրություններով։