Փորձենք գնահատել մեր և երբեմնի բախտակիցների պատմական օրինակները և պարզել՝ ՀՀ-ում հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում։
Հայաստանում հետընտրական մեծ ցույցեր են եղել 1996-ին, 2003-ին և 2008-ին։
1996-ի նախագահի ընտրություններից հետո Վազգեն Մանուկյանը ժողովրդին ասաց՝ «Եթե 10 րոպեից չգամ՝ եկեք իմ հետևից», ու մտավ ԱԺ շենք։ Ցուցարարները երկար չսպասեցին, կոտրեցին ԱԺ դարպասներն ու ներխուժեցին ԱԺ շենք, ծեծեցին ԱԺ նախագահին ու փոխնախագահին։ Հետո ցուցարարների նկատմամբ կիրառվեց բռնություն, ու հետընտրական կրքերն այդքանով հանդարտվեցին։
1999-ի մայիսի 30-ի ԱԺ ընտրություններից հետո մեծ քանակով ժողովուրդ հավաքվեց Ազատության հրապարակում, որոնք համաձայն չէին արդյունքների հետ։ Սակայն երկրապահներն ու ուժայինները շատ արագ ցրեցին հավաքված ժողովրդին։ Այս անգամ հետընտրական ցույցերը չհասցրեցին սկսվել։
2003-ի ընտրություններից հետո բողոքի ցույցեր եղան, արդյունքները բողոքարկվեցին ՍԴ։ ՍԴ-ն վճռի 6-րդ կետով խորհուրդ տվեց ՀՀ իշխանություններին 1 տարի անց վստահության հանրաքվե անցկացնել։ 2004-ի ապրիլի 12-ին ցուցարարները փակեցին Բաղրամյան փողոցը։ Գիշերը ցույցը ցրվեց, ու այդքանով էլ ավարտվեց այս հետընտրական պայքարը։
2008-ի նախագահի ընտրությունները նույնպես հետընտրական զարգացումներ ունեցան, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը չճանաչեց արդյունքները։ Մի քանի օր Ազատության հրապարակը լիքն էր ցուցարարներով, բազմաթիվ վրաններ էին խփվել այստեղ։ Իշխանությունները գրոհի անցան մարտի 1-ին, ժողովուրդը դիմադրեց, 10 հոգի զոհվեց։ Դրանից հետո արտակարգ դրություն հաստատվեց, ցույցերն արգելվեցին, նույնիսկ ԶԼՄ-ների աշխատանքն էր կասեցվել 20 օրով։
2008-ից հետո հետընտրական մեծ ցույցեր չեն եղել։ Նույնիսկ եթե ընդդիմադիրները համաձայն չէին արդյունքի հետ, ժողովրդին ցույցի չէին հանում։ 2018-ին ՔՊ-ն մի քանի հոգով քայլերթ սկսեց Գյումրիից՝ պատրանք ստեղծելով, թե հեղափոխություն է սկսում։ Սերժ Սարգսյանի իշխանությունը որևէ կերպ չդիմադրեց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սակավաթիվ ցույցերին։ Օրինակ՝ 2018-ի ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում գիշերած ցուցարարներին կարելի էր մատների վրա հաշվել։ Սակայն իշխանությունը չցրեց ցույցն ու չբացեց քաղաքի կարևոր խաչմերուկներից մեկը։ Ցուցարարները, տեսնելով, որ իշխանությունը չի փորձում ցրել ցույցերը, ոգևորվեցին ու սկսեցին զանգվածային անկարգությունները։
Թավշյա հեղափոխությունից հետո ևս հետընտրական ցույցեր են եղել։ 2021-ի ընտրություններից հետո ԱԺ անցած ընդդիմադիր ուժերը փողոցային ակտիվ պայքար էին վարում, տևական ժամանակ բոյկոտում էին ԱԺ նիստերը, պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, արտահերթ ընտրություններ և այլն։
Նկատենք, որ հետընտրական ցույցերով ռեալ իշխանափոխություններ են եղել մեր երբեմնի բախտակից երկրներում, մասնավորապես՝ Վրաստանում և Ուկրաինայում։ Ընդդիմադիր ուժերն այդտեղ չեն ճանաչել ընտրությունների արդյունքները, ժողովրդին դուրս են բերել փողոց և պայքարով հասել են իշխանափոխության, իրապես փոխել են քաղաքական կուրսը, ընտրել եվրոպական ապագան, անկախությունն ու ժողովրդավարությունը, այսինքն՝ իրապես հեղափոխություն են արել։
ՀՀ-ում այդպիսի զարգացում չի եղել։ 2017-ի ընտրությունների արդյունքները չեն բոյկոտվել։ Փաշինյանի բողոքը միայն Սերժ Սարգսյանի դեմ էր, որը երրորդ անգամ էր ուզում երկրի ղեկավար դառնալ։ Եվ Թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ քաղաքականությունը արմատապես չփոխվեց, հակառակը՝ ավելի խորացավ կախվածությունը Կրեմլից։ Նույնիսկ Փաշինյանն է հետագայում խոստովանել, որ 2018-ին ինքը ֆորպոստի վարչապետ էր։
Հայկական և բախտակիցների փորձը դիտարկելով՝ փորձենք եզրակացություններ անել ՀՀ-ում հետընտրական ցույցերով իշխանափոխության հնարավորության մասին։
Մեր փորձից կարելի է եզրակացնել, որ հնարավոր է իշխանափոխություն հետընտրական զարգացումների արդյունքում, երբ գործող իշխանությունը չի ուզում դիմադրել, կամավոր կամ հարկադրաբար հանձնվում է, զիջում տեղը, ասում՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», ու գնում տուն։
Ներկայում Նիկոլ Փաշինյանը չի ուզում հանձնվել, այդ մասին նույնիսկ ակնարկ չկա։ Հետևապես՝ հայկական փորձն այս հարցում կիրառելի չէ։
Մեր երբեմնի բախտակիցների՝ Վրաստանի, Ուկրաինայի փորձը հուշում է, որ հետընտրական ցույցերով հնարավոր է իշխանափոխության հասնել, եթե ցուցարարները պարզեն անկախության, ժողովրդավարության համար պայքարի դրոշ, նպատակ հռչակեն ազատվել ռուսական ազդեցությունից, դուրս հրավիրել ռուսական զորքերը, դեսովետիզացում անել, միանալ ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, իրապես անկախ ու ժողովրդավար պետություն դառնալ։ Այս պարագայում տեսականորեն հնարավոր է հասնել իշխանափոխության։ Սակայն մեր դեպքում մեծ ժողովրդականություն վայելող ուժերը ռուսամետ են։ Ուստի՝ բախտակիցների փորձը ևս այս հարցում կիրառելի չէ։
Կարճ ասած՝ ՀՀ-ում հետընտրական ցույցերով իշխանափոխություն անել հնարավոր չէ, քանի որ Փաշինյանը չի ուզում տեղը զիջել իրենից ավելի երիտասարդներին, իսկ ընդդիմադիր առաջատար ուժերը ռուսական պարտիայի մեջ են։
Թաթուլ Մկրտչյան