latest_news
Ներքին Տեսանյութ 8 месяцев назад - 17:00 10-09-2025

Ծիծեռնակաբերդում վանդալիզմ է իրականացվում․ այն պետք է անհապաղ դադարեցվի․ Արգամ Այվազյան

Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում իրականացվող վերանորոգման աշխատանքները մտահոգություններ են առաջացրել հասարակության շրջանում։ Հասարակական քննարկումների կենտրոնում է հուշարձանի պահպանման հարցը։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց հուշարձանագետ, ակադեմիկոս, հայագետ, նախիջևանագետ, մշակութաբան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի հետ, ով տարիներ շարունակ ուսումնասիրել և փաստագրել է հայկական մշակութային ժառանգությունը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդում՝ վերջին երեք ամիսների ընթացքում, չի կարելի համարել շինարարի մոտեցում որևէ կառույցի վերանորոգման հարցում, առավել ևս՝ պետական պահպանության տակ գտնվող և համայն հայության համար սրբավայր համարվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի»,– նշեց Այվազյանը։

Մասնագետը մատնանշում է, որ վերանորոգման գործընթացում յուրաքանչյուր քայլ պետք է հիմնված լինի մասնագիտական վերահսկողության վրա։ Նա նաև ընդգծում է, որ մասնավոր հատվածի ներգրավվածությունը կարող է վտանգավոր լինել, եթե բացակայում է անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածությունը։

«Զարմանալի է նաև Ցեղասպանության թանգարանի տնօրինության անտարբերությունը, կարելի է ասել՝ աչքակապությունը։ Փաստորեն այդ վերանորոգման աշխատանքների պատվիրատուն Ցեղասպանության թանգարանն է։ Գրեթե ամեն օր, եթե ոչ ամեն օր, ապա գոնե երկու օրը մեկ տեսել են, թե շինարարներն ինչ աշխատանք են կատարում այնտեղ։ Ինչպե՞ս կարելի է, մարդ Աստծո, տեսնել, որ էլեկտրական մեքենաներով, զուբիլներով քանդում են քարերը, ամբողջ երեք սյուների բոլոր սալիկները հանում են։ Նույնիսկ աստիճանների վերևից քարերն ընկել են և կոտրել նաև աստիճանները։ Սա ինչ վերաբերմունք է։ Սա վանդալիզմի փաստ է, որը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում»,– մատնանշեց Այվազյանը։

Այվազյանի խոսքով՝ հասարակության արձագանքը որոշիչ դեր ունի՝ կանխելու հնարավոր անդառնալի վնասները։

«Ինձ համար շատ ցավալի է նաև, որ նախագծի աշխատանքների վերահսկողության կազմում ընդգրկված է հուշարձանի ճարտարապետը՝ Սաշուր Քալաշյանը։ Մարդ Աստծո, եթե այդ շինարարական կազմակերպությունը հենց սկզբից սկսել էր աշխատել, գոնե առաջին մի քանի օրերին պարոն Քալաշյանը պարտավոր էր լինել տեղում, տեսնել, թե ինչ են անում և անմիջապես դադարեցնել աշխատանքները։ Եթե չի եղել, ավելի վատ իր համար։ Նա հարցազրույց տվեց և նշեց, որ սխալ են արել, սխալ են աշխատել։ Լավ, պարոն Քալաշյան, ուզում եմ հարցնել՝ ո՞ւմ եք ասում, որ սխալ են արել։ Չէ՞ որ պատասխանատուներից մեկն էլ Դուք եք։ Ձեր նախագծած հուշարձանն է եղել, և գումարած դրան՝ այդ վերանորոգման աշխատանքների վերահսկող խմբի անդամներից ու պատասխանատուներից մեկն էլ Դուք եք»,– ասաց Այվազյանը։

«Ամեն հուշարձան մեր անցյալի պատմության փաստերից մեկն է։ Եթե մենք ինքներս մեր տարածքում գտնվող հուշարձաններին այսպես ենք վերաբերվում, ապա ինչպե՞ս ենք արձանագրելու ուրիշ երկրներում՝ Ադրբեջանի, Վրաստանի և այլ երկրների տարածքում եղած հուշարձանների խաթարումները»,– եզրափակեց Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Էլեն Դանիելյան