copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 20:14 11-09-2025

Մեր հասարակությունում «Դիտորդի էֆեկտի» և դրանից բխող «պատասխանատվության դիֆուզիայի» դրսևորումներից է «անտարբերությունը». Հրաչուհի Միրզոյան

Ռազմավարական հաղորդակցությունների և անձի բրենդինգի մասնագետ Հրաչուհի Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սպանություններն ու հաղորդակցության (բաց թողնվող) հնարավորությունները

ԱՄՆ-ում տեղի ունեցած սպանությունները «պատասխանատվության դիֆուզիայի» հերթական դրսևորումն են։ Ի դեպ, այս հոգեբանական ֆենոմենի նկարագրության համար ևս մի նմանատիպ դեպք է հիմք դարձել, էլի ԱՄՆ-ում՝ 1964-ին Քեթի Ջենովեսի հետ։

Հոգեբանական այս դրսևորումը մենք նաև շատ ուղիղ տեսնում ենք մեր հասարակությունում՝ հատկապես հանրային հաղորդակցության մեջ։ Բայց մինչև դա՝ մի քիչ հոգեբանությունից։

«Պատասխանատվության դիֆուզիան» նկարագրել են Ջոն Դարլին և Բիբբ Լատանեն։ Նրանց հետազոտության հիմքը մարդու «անգործունակության»՝ երբեմն հանկարծակի, երբեմն անընդհատ, ռեակցիան է՝ այնպիսի իրադարձությունների ժամանակ, երբ նման վարքագիծը սպասելի չէ։ Սա ավելի ընդարձակ թեմայի «Դիտորդի էֆեկտ» կոչվող հոգեբանական երևույթի դրսևորում է՝ համաձայն որի, որքան շատ են «դիտորդները», այնքան ավելի խուսափողական է նրանց վարքագիծը։ Կարճ ասած՝ «մեր ի՞նչ գործն է, մտնեքն մատի ու մատանու արանքը» կամ «թող ուրիշները խոսեն/գործեն, ինչու ես պետք է անեմ»։

Մեր հասարակությունում «Դիտորդի էֆեկտի» և դրանից բխող «պատասխանատվության դիֆուզիայի» դրսևորումներից է այն երևույթը, որը մենք անվանում ենք «անտարբերություն»։

Մարդը երկիմաստ իրավիճակներում հասարակությունից (օրինակ՝ պատերազմի, արցախցիների, քաղաքականության, եկեղեցու շուրջ կատարվողի) ազդակներ է փնտրում՝ հասկանալու համար, թե ինչպես գործի/արձագանքի։ Սոցիալական հաստատման ֆենոմենն էլ այստեղ դառնում է որոշիչ․ եթե քննադատվելու վախը գերակայում է ըմբռնված լինելու ձգտմանը (ինչն էլ վիճակագրորեն ավելի հաճախ է տեղի ունենում) մարդն ուղղակի չի արձագանքում։ Ինչպես կարելի է հասկանալ, սա «անտարբեր» լինելու մասին չի խոսում։

Սա ոչ միայն վարքագծային պատերն է, այլ նաև կոմունիկացիոն։ Անհստակ իրավիճակներում մարդն ավելի հակված է նայել, թե ուրիշներն ինչ են խոսում/գրում, նոր միայն արձագանքել (հաճախ ուշացած, սա էլ այլ կոմունիկացիոն թեմա է) կամ ոչ։

Սրա «իրական կյանքի» դրսևորումն այն է, որ սոցցանցերում գրառումների առաջին 5 դրական կամ բացասական մեկնաբանությունները կամ դրանց բացակայությունն են որոշում՝ ուրիշները կարձագանքեն, թե ոչ։

Ի՞նչ պետք է նման իրավիճակում անի հաղորդակցության մասնագետը։

Բառի բուն իմաստով հրահրի երկխոսություն՝ կոնկրետ ուղերձներով՝ մանավանդ, երբ խոսքը սոցցանցերի մասին է։ Ասածս այն է, որ նույնիսկ նման իրավիճակները կարելի է օգտագործել՝ որպես որակյալ և տեղին հաղորդակցության առիթ։

Ամենից շատ դիտված