Ներքին 1 տարի առաջ - 16:08 07-07-2025

Գրառման հեղինակները վերապատրաստման կամ կրթվելու դասընթացներ անցնելու շատ լուրջ կարիք ունեն․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անդրադարձ Քննչական կոմիտեի և ՆԳ նախարարության կողմից Տիգրան Ուլուբաբյանին կալանավորելու և ինձ թիրախավորելու վերաբերյալ հրապարակմանը

2025 թ․ հուլիսի 4-ին Քննչական կոմիտեն, իսկ դրանից առաջ նաև Ոստիկանությունը, հանդես են եկել հրապարակումներով՝ պնդելով, թե իբր համատեղ ջանքերով բացահայտել են Լոռու մարզում տեղի ունեցած ավազակության դեպքը, որին, ըստ իրենց, որպես օժանդակող ներգրավված է եղել նաև Տիգրան Ուլուբաբյանը, ով հետագայում կալանավորվել է։ Հավելել են, որ ես ամիսներ առաջ հավաք էի կազմակերպել՝ մեջբերում եմ. «Պաշտպանյալս հանիրավի է կասկածվում ավազակության մեջ» կարգախոսով։

Կարծում եմ՝ գրառման հեղինակները վերապատրաստման կամ կրթվելու դասընթացներ անցնելու շատ լուրջ կարիք ունեն։

Հիմնավորեմ՝ ըստ կետերի։

1. Նախ՝ Տիգրան Ուլուբաբյանը երբևէ իմ պաշտպանյալը չի եղել։ Այնպիսի տպավորություն է, որ չեք տիրապետում քրեական դատավարության տարրական հիմունքներին։ Ուլուբաբյանը երբևէ չի ունեցել մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ այն պահին, երբ ես հանդես էի գալիս որպես նրա ներկայացուցիչ։ Ես երբևէ դիմում չեմ ներկայացրել քննիչին՝ որպես նրա պաշտպան ներգրավվելու համար։ Այդ պահին նրան ընդհանրապես մեղադրանք չէր առաջադրվել։ Այսինքն՝ ես եղել և մնում եմ Տիգրանի՝ որպես խոշտանգման վարույթով տուժողի ներկայացուցիչ, ոչ թե վերջինիս՝ որպես մեղադրյալի պաշտպան։ Հետևաբար, Տիգրանը դատավարական իմաստով պաշտպանյալս համարվել չի կարող։

2. Այն, որ այդ պահին ձեռք բերված փաստական տվյալներով Տիգրան Ուլուբաբյանը հանիրավի էր կասկածվում ավազակության մեջ, ասել եմ ոչ ես կամ ոչ այնքան ես, որքան հենց դուք։ Հիշեցնեմ, օրինակ, Լոռու մարզային վարչության պետի ցուցմունքը խոշտանգման վարույթի շրջանակում, ըստ որի՝ եթե իրենց կասկածը չփարատվեր, ապա Տիգրանը կձերբակալվեր։ Սակայն մի քանի ժամ ոստիկանությունում գտնվելուց (և իրականում՝ ծեծի ենթարկվելուց) հետո նա ազատ է արձակվել։ Հիշեցնեմ նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանն անգամ հետագայում բեկանել է Տիգրանի բնակարանում խուզարկություն կատարելու որոշումը՝ արձանագրելով, որ դրա համար բավարար տվյալներ չկային։

3. Դուք իրոք այդ աստիճան անհասկացո՞ղ եք։
Այո, ես կազմակերպել եմ հավաք։ Բայց ոչ այն բանի համար, որ Տիգրանը որևէ արարքում հանիրավի կասկածվում է, այլ այն պատճառով, որ նա խոշտանգման էր ենթարկվել։ Բավական է խեղաթյուրել իրականությունը։ Այդ հավաքը եղել է Խոշտանգումների վարչության շենքի դիմաց՝ հենց այդ անօրինությունը բարձրաձայնելու նպատակով։

4. Ո՞րն է հրապարակման մեջ իմ՝ շատ ծանր պահի, իմ տվյալները նշելու, հավաքը հիշատակելու և այն անուղղակի քննադատելու իմաստը։

Փորձու՞մ եք խոշտանգումը արդարացնել, թե՞ ինձ կոտրել։ Եթե այդպես է, ապա վաղը ուղղակի առաջարկում եմ հիսուն-վաթսուն բերետավոր ուղարկեք քրեակատարողական հիմնարկներ ու մեկ-մեկ բոլորին ջարդեք։ Բացի այդ՝ դուք անմեղության կանխավարկածի մասին երբևէ լսե՞լ եք և այն իրապես ընկալե՞լ եք, թե՞ ուղղակի պատճենում եք ու դնում հրապարակման վերջում՝ առանց հասկանալու։

5. Ավելի լավ կլիներ, եթե ձեր այդ «համատեղ ջանքերով» խոշտանգման դեպքը բացահայտեիք, այլ ոչ ամբաղ-զամբաղ հրապարակումներ կատարեիք։ Այդ հրապարակումը ոչ միայն զազրելի խեղաթյուրում է իրականությունը, այլ նաև ակնհայտ փորձ է շեղելու հասարակական ուշադրությունը՝ սեփական անգործությունից և ապօրինություններից։

6. Ինչ վերաբերում է ներկայումս Տիգրանին առաջադրված մեղադրանքին և նրան կալանավորելու փաստին, ապա վերստին նշեմ, որ այդ վարույթով ես Տիգրանի պաշտպան չեմ հանդիսանում, ուստի գործի նյութերին և փաստերին չեմ տիրապետում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով նախաքննական մարմինների գործելաոճն ու ընդհանուր մակարդակը, ենթադրում եմ, որ իրականությունը կրկին խեղաթյուրված է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում