Դիվանագետ, ԱՄՆ-ում և Մեքսիկայում ՀՀ դեսպան, ԱԳՆ նախկին փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը այսօր հոդված է հրապարակել հեղինակավոր
Newsweek պարբերականում։
Oragir.News-ը հոդվածը ստորև ներկայացնում է թարգմանաբար․
Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ ստանձնեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների սլաքը ուղղելով Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, Չինաստանի և այլ կարևոր հարցերի շուրջ։ Նույնիսկ նախքան պաշտոն ստանձնելը՝ Թրամփի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր Գազայում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Հնարավոր է, որ որոշ մարդկանց համար զարմանալի լինի, բայց Հարավային Կովկասում սպասումները և լարվածությունը նույնքան բարձր մակարդակի վրա են։ Սա պայմանավորված է նրանով, որ Ջո Բայդենի կառավարման շրջանում Ադրբեջանը իրականացրել է մի շարք ագրեսիվ գործողություններ, որոնք ավարտվեցին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ինքնավար տարածքի ոչնչացմամբ և այնտեղ ապրող 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանմամբ։ Օրեր անց տեղի ունեցած ՀԱՄԱՍ-ի ներխուժումն Իսրայել և դրան հաջորդած իրադարձությունների շղթան, (ներառյալ անցյալ ամիս Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը) գրավեցին աշխարհի ուշադրությունը: Նույնիսկ այժմ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այլուր, Ադրբեջանը, կարծես պատրաստվում է նոր հարձակում իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Այս ամիս տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է ժողովրդավարական Հայաստանին ֆաշիստական գաղափարախոսություն ունենալու և տարածաշրջանի համար սպառնալիք հանդիսանալու մեջ։
Նա ասել է, որ ֆաշիզմը պետք է ոչնչացվի և սպառնացել, որ այն կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ Ադրբեջանը, այլ տարբերակ չկա։ Սա լուրջ մտահոգություններ է առաջացրել Հայաստանում, որին Ալիևը հաճախ անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Ալիևի քողարկված նպատակը Սյունիքի մարզը (հայտնի նաև որպես Զանգեզուրի միջանցք) գրավելն է և Թուրքիայի հետ ցամաքային ճանապարհ հաստատելը որպես իր մերձավոր դաշնակից։ Այս ամիս Ալիևը ասել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի։ Նա նաև ավելացրել է, որ որքան շուտ Հայաստանը դա հասկանա, այնքան լավ կլինի։ Ալիևը զգուշացրել է, որ Հայաստանը չպետք է հանդիսանա որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Հայերի համար Բայդենի վարչակազմի անտարբերությունը այս ամենի նկատմամբ մեծ հիասթափություն է առաջացրել։ Ղարաբաղից բռնի տեղահանվածներին անտեսելը և Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը հստակորեն խրախուսել են Ալիևին, ինչը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ավելի ուժեղ մոտեցում ԱՄՆ նոր վարչակազմի կողմից։ Սա առաջնորդության պահ է, և Թրամփի վարչակազմը կարող է ուղղել այս իրավիճակը։ Ալիևին և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային պետք է հստակ ներկայացնել, որ Հայաստանի դեմ ագրեսիան չի մնալու անպատասխան։ Թրամփի վարչակազմը նաև պետք է առաջնահերթություն տա հայ բռնի տեղահանված փախստականներին տուն վերադառնալու իրավունքին՝ ապահովելով նրանց անվտանգությունը և արդարությունը։ Առանց վճռական գործողությունների, Հարավային Կովկասը կշարունակի մնալ անկայունության և չլուծված խնդիրների թեժ օջախ։ Արցախը պարզապես աշխարհագրական միավոր չէ, այն հարուստ պատմությամբ և վաղ քրիստոնեական ժառանգությամբ տարածք է, որը ժամանակին մշակութային և քաղաքական կարևորագույն կենտրոն է եղել։ Նրա մայրաքաղաքը աչքի էր ընկնում ժամանակակից կառույցներով, պատմական վանքերով և ինքնիշխան խորհրդարանով, սակայն ներխուժումից օրեր անց Ադրբեջանը քանդեց այդ ամենը։ Տարածաշրջանը դարձավ վարչական միավոր, որտեղից բնիկ բնակչությանը հեռացրին, և այն վերաբնակեցվեց ադրբեջանցիների կողմից։ Այս էթնիկ զտման գործընթացը տարածաշրջանում վերացրեց գրեթե երեքհազարամյա պատմություն ունեցող հայոց քաղաքակրթությունը։ Ադրբեջանի գործողությունները տապալեցին տարիներ շարունակ իրականացված դիվանագիտական ջանքերը, այդ թվում՝ ԱՄՆ-ի ղեկավարած ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, որոնք նպատակ ունեին ստեղծել համերաշխություն հայերի և ադրբեջանցիների միջև և գտնել խաղաղ լուծում։ Ի հակադրություն դրա՝ Ալիևը պնդում է, որ Արցախյան հարցը հիմա «լուծված է» ուժով։ Այս կերպ նա անտեսում է հայ ժողովրդի պատմական կապը տարածաշրջանի հետ և հաշվի չի առնում տեղի ունեցած խորը հումանիտար ճգնաժամը՝ հանդիսանալով վտանգավոր օրինակ, որ հակամարտությունները կարող են լուծվել ուժի միջոցով։ Միջազգային հանրության լռությունը նույնպես խրախուսում է Ադրբեջանին, բացի այդ գերտերությունների և ՄԱԿ-ի կողմից չեն իրականացվել անհրաժեշտ քայլեր, որի հետևանքով էլ միջազգային իրավունքի խախտումները մնացել են անպատասխան։ Նույնքան մտահոգիչ է այն, որ Ադրբեջանը բանտարկել է Արցախի քաղաքական ղեկավարներին, որոնց նախկինում խաղաղության բանակցություններ իրականացնելիս համարում էին որպես վստահելի գործընկերներ։ Այս անիրավացիորեն կալանավորված անձանցից մեկը Ռուբեն Վարդանյանը՝ ով հայտնի բարեգործ-գործիչ է։ Այս հետապնդումները նպատակ ունեն տարածաշրջանում վերացնել հայկական ներկայացուցչությունը, ինչն էլ ավելի է դժվարացնում համաձայնության հասնելը։ Ադրբեջանի հետագա ագրեսիաները կանխելուց բացի, Թրամփի վարչակազմը պետք է ձեռնարկի նաև հետևյալ քայլերը։
1. Պահանջել անհապաղ ազատ արձակել Արցախի կալանավորված ղեկավարներին և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքների խախտման համար։ Փոխարենը հունվարի 17-ին նախկին նախագահ Ռուբեն Վարդանյանը և մյուս 16 անձինք դատական հարցաքննության են ենթարկվում «պատերազմ վարելու» և այլ շինծու մեղադրանքներով, տալով ընդամենը մի քանի օր իրենց պաշտպանությանը պատրաստվելու համար։ Այս գործիչներին թիրախավորելը և նրանց նկատմամբ նման վերաբերմունքը ավելի է դժվարեցնում խաղաղության հասնելու ջանքերը և վտանգավոր նախադեպ ստեղծում՝ հակամարտության գոտիներում փոքրամասնություն կազմող համայնքների համար:
2. Անհրաժեշտ է հակամարտության գոտիներում աջակցություն տրամադրել հայ փախստականների վերադարձին՝ երաշխավորելով նրանց անվտանգությունը և ինքնավարությունը։ Միջազգային խաղաղապահ ուժերի կամ այլ պաշտպանական մեխանիզմների շնորհիվ պետք է ապահովել, որ վերադարձող բնակիչները պաշտպանված լինեն ագրեսիայից:
3. Անհրաժեշտ է վերահաստատել ԱՄՆ-ի դերը տարածաշրջանում՝ վերականգնելով դիվանագիտական կապեր Հայաստանի և Ադրբեջանի միջև և ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա՝ ստիպելով հարգել միջազգային նորմերը: Առանց ԱՄՆ-ի ներգրավվածության, Հարավային Կովկասը կմնա խոցելի հետագա հակամարտությունների և ավտորիտարիզմի ընդլայնման համար:
Պատժամիջոցներ պետք է սահմանվեն նաև Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ բնակչությանը տեղահանելու համար, ինչպես նաև այն ընկերություններին որոնք շահագործում են Արցախի բնական ռեսուրսները։ Այս քայլերը ի ցույց կդնեն, որ միջազգային հանրությունը չի հանդուրժում մարդու իրավունքների նկատմամբ իրականացվող նման խախտումները։
Շատերը դեռ հավատում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն կարելի է հասնել։ Այնուամենայնիվ բանակցությունները մնում են խորապես միակողմանի, Ադրբեջանը իր ձեռքում պահելով հաղթանակի խաղաթուղթը, Հայաստանից պահանջում է անհնարին զիջումներ՝ մինչև իսկ Սահմանադրության փոփոխում։ Մինչ այժմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը, որն առաջնորդվում էր Պետդեպարտամենտի քարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից, պահում էր բանակցությունների դինամիկան։ Բայց 2025 թվականի տեսլականը անկանխատեսելի է, իսկ ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակը փոփոխվում է ինչը նվազեցնում է հաջողության հնարավորությունները։ Սա եզակի հնարավորություն է, երբ Թրամփի վարչակազմը կարող է կրկին ակտիվացնել գործընթացը, ապահովել երկարատև համաձայնագրի ձևավորում՝ փոխելով տարածաշրջանի ապագան։Սա վրեժխնդրության կոչ չէ, այլ արդարության կոչ, որը հիմնված է տեղահանված հայության իրավունքների և ժառանգության վերականգնման վրա։ ԱՄՆ-ն կհանդիսանա օրինակ՝արագ և արդյունավետ կերպով լուծելով Արցախյան այս ճգնաժամը, քանի որ իրավիճակը պահանջում է անհապաղ արձագանք։ Նոր վարչակազմը կարող է կառուցել կայունության ուղի՝ լսելի դարձնելով տեղահանված հայության խնդիրները՝ պաշտպանելով նրանց իրավունքները։
Գրիգոր Հովհաննիսյան