Երեկ երեկոյան տեղի ունեցած ՔՊ վարչության նիստի արդյունքներով պարզ դարձավ, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցությունից՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ «Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նույնպես այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։ «Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։ Իր կողմից արտահոսք արված տեղեկությունը գաղտնագրված է և օրենքով սահմանված կարգով գաղտնիության թույլտվություն ունեցող պաշտոնյաներն ու պատգամավորներն իրավունք չունեն դա հրապարակել»,- ասել էր նա։
Հատկանշական է, որ Աղազարյանի արդեն նախկին թիմակիցները նրան մեղադրում են պետական գաղտնիքի արտահոսք կատարելու մեջ, սակայն այս հայտարարություններին իրավական գործընթաց չի հետևում։
Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան
Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ ՔՊ-ի երեկվա հայտարարության մեջ նշվում էր, որ Աղազարյանը կուսակցական ու պետական գաղտնիքի արտահոսք է կազմակերպել, ինչպես նաև առկա էին բարոյականության հետ կապված ինչ-որ հարցեր․
/Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան/«Ես իհարկե համաձայն եմ, որ հանրային բարոյականության տեսանկյունից Հովիկ Աղազարյանի կամ ցանկացած այլ ՔՊ-ականի վարքագիծը պարսավելի է, բայց անհասկանալի էր հատկապես այդ հատվածը։ Ինչ վերաբերում է գաղտնիքներին, ապա նման հայտարարությանը զուգորդված էր պետք է լիներ քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված որոշակի գործիքակազմ։ Օրինակ՝ մենք հենց երեկ նկատեցինք, որ վարորդները իրենց գործադուլ անելու իրավունքից էին օգտվել, չգիտեմ՝ ընթացակարգերը պահպանվե՞լ էին, թե՞ ոչ, սա այլ հարց է, բայց միանգամից հանցագործության մասին հաղորդում եղավ, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր»-ը երեկ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու վերաբերյալ ոչինչ չհայտնեց։ Սա շատ տարօրինակ է ու ավելի շատ շանտաժի տպավորություն է թողնում»,- նշեց նա։
Ռուբեն Մելիքյանը ՔՊ-ի հաղորդագրությունն ավելի շատ համարում է որպես նախազգուշացում՝ ուղղված Հովիկ Աղազարյանին։ «Ես կարծում եմ, որ սա ավելի շատ շանտաժի բնույթ էր կրում և նպատակ էր հետապնդում արգելափակել Հովիկ Աղազարյանի կողմից իրեն հայտնի տեղեկությունների հրապարակումը։ Այսինքն՝ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի Աղազարյանը ՔՊ-ի ու նրա տարբեր անդամների կատարած հանցագործությունների մասին իրեն հայտնի տեղեկությունները հանրությանը չփոխանցի։ Որքանով ես հասկացա՝ Հովիկ Աղազարյանը դա շատ լավ հասկացավ, և Ազգային ժողովի նիստերի դահլիճում ունեցած ելույթի ժամանակ հենց դա էր ակնարկում, որ ինքը չի պատրաստվում նման տեղեկություններ հրապարակել»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով՝ սա հերթական անգամ փաստում է, որ իրավական տրամաբանությունից դուրս ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում։
Oragir.News-ի հարցին՝ ՔՊ-ի այս հայտարարությունները իրավապահների կողմից պե՞տք է քննության առարկա դառնա՝ Մելիքյանը պատասխանեց՝ եթե վերջիններս նման հանձնարարություն ստանան, անպայման կիրագործեն։ Նրա խոսքով՝ իրականում մամուլի հաղորդագրությունն ինքնին բավարար է, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվի։
«Մյուս կողմից՝ այսքան ժամանակ մենք նկատել ենք, որ այդ դրույթը գործում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ես չեմ տեսել որևէ իրավիճակ, երբ մամուլի միջոցով հանցագործության մասին խոսվի և քրեական վարույթ նախաձեռնվի, եթե դա չի կատարվում հատուկ այդ նպատակով իրականացվող տեղեկատվական արշավի շրջանակներում։ Կարող ենք հիշել հայտնի գաղտնալսումները, որոնց հիման վրա վարույթներ նախաձեռնվեցին, օրինակ՝ վերջերս արդարացված Նարեկ Թևոսյանի գործով, Ավետիք Չալաբյանի գործով և այլն»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան