Չնայած Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար մեծ գաղտիք չէ, որ ՔՊ-ում որոշումները հիմնականում կայացվում են միանձնյա՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, այնուամենայնիվ իշխանականները հանրությանը փորձում են վստահեցնել, որ կուսակցությունում առկա է ներքին ժողովրդավարություն և որոշումներն ընդունվում են երկատև քննարկումների ու ներկուսակցական կոնսենսուսի արդյունքում։ Այս համատեքստում հանրությունը պարբերաբար իրազեկվում է, որ ՔՊ-ն վարչության նիստեր է գումարել, որոնց արդյունքներով այս կամ այն կարևորագույն հարցերի վերաբերյալ «կարևորագույն որոշումներ են կայացվել»։
ՔՊ վարչության հերթական նիստն էլ երեկ էր, որի ընթացքում «որոշվեց» կառավարությանը որպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը, իսկ ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել, որպեսզի վերջինս ԲԴԽ անդամի թեկնածուի պաշտոնի համար քննարկի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ Վերջինս Արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հավակնորդներից մեկն էր, սակայն ՔՊ-ականների ընտրությունն ավելի ուշ կանգ առավ Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի վրա։ Հավանաբար իշխանությունները իրենց հավատարիմ պաշտպանին ձեռնունայն չթողնել, որպեսզի վերջինս չհամալրի ընդդիմության շարքերը։
Նկատենք, որ եթե հայաստանյան իրողություններին անծանոթ ներքին ու արտաքին շրջանակներն որոշեն մեր երկրի մասին տպավորություն կազմել բացառապես ՔՊ վարչության կողմից կայացրած որոշումներին ծանոթանալու միջոցով, ապա նրանց մոտ մեծ հավանականությամբ տպավորություն կստեղծվի, որ այդ դրանք ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ իշխող քաղաքական թիմի ընդունած որոշումներն են։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու է Փաշինյանը ՔՊ վարչությանը, որը հիմնականում բաղկացած է տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներից՝ Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան, Արմեն Փամբուխչյան, Ռուբեն Ռուբեն Ռուբինյան և այլն, մասնակից դարձնում իր որոշումներին՝ փորձելով արտաքուստ վերջիններիս հետ պատասխանատվություն կիսել։
Հայաստանի վարչապետը հավանաբար ինքն էլ է սկսել հավատալ իր այն պնդմանը, թե մեր երկիրը «ժողովրդավարության բաստիոն» է, ուստի աշխարհին փորձում է համոզել, որ ժողովրդավարական երկրների օրինակով Հայաստանում նույնպես կարևորագուն որոշումները կայացվում են ներկուսակցական քննարկումների արդյունքում։ Փաշինյանը սակայն հաշվի չի առնում, որ ժողովրդավարական երկրներում բոլոր որոշումներն են կայացվում կոլեգիալ սկզբունքով։ Ընթերցողին ցանկանում ենք հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ Արցախը կապիտուլյացիայի ենթարկվեց և հայկական երկրորդ հանրապետության տարածքում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ավելի ուշ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, իսկ արդեն այս հոկտեմբերին Կազանում վերջինս մասնակցեց BRICS-ի գագաթաժողովին և այլն։ Բոլոր այս դեպքերում Նիկոլ Փաշինյանը որոշումները կայացրել է միանձնյա՝ առանց ՔՊ վարչության նիստեր հրավիրելու, թեպետ օրինակ վարչապետ ընտրվելուց առաջ վստահեցնում էր, որ Արցախի հարցով ժողովրդի թիկունքում որոշումներ չի կայացնելու։
Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած Հայաստանը չափազանց հեռու է ժողովրդավարության բաստիոն կոչվելուց, իսկ ՔՊ վարչության անդամների հետ պատասխանատվություն կիսելու միջոցով կառավարության ղեկավարը փորձում է պարզապես ժողովրդավարության իմիտացիա ստեղծել, հիմնականում արտաքին լսարանի առաջ։ Բացի այդ, Փաշինյանն այս կերպ խախտում է էթիկայի կանոններն ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերում նաև իր թիմակիցների նկատմամբ, ովքեր ամեն անգամ դեմքի լուրջ արտահայտությամբ մասնակցում են ՔՊ-ի վարչության նիստերին, իրենց համոզում, որ իրենք էլ մասնակից դարձել որոշումների կայացմանը, սակայն դրանք իրականում կայացվել են մի մարդու կողմից, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։
Նիկոլ Փաշինյանի մեղքն այս հարցում իրականում այնքան էլ մեծ չէ, քանզի նույն ՔՊ-ականներն են թույլ տվել, որ առաջնորդն իրենց նման վերաբերմունքի արժանացնի։ Հիշենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին Փաշինյանի թիմակիցների մեծ մասը նախագահ Արմեն Սարգսյանի օրինակով մամուլից էր տեղեկացել, ու դրանից հետո բոլոր նրանք, ովքեր նման գործելակերպն անթույլատրելի էին համարում, լքեցին իշխող կուսակցության շարքերը, մնացողներն էլ փաստեցին, որ Փաշինյանը կարող է իրենց փոխարեն որոշումներ կայացնել և լավագույն դեպքում իրենց տեղեկացնել դրանց մասին։
Կարծում ենք, որ ՔՊ վարչության նիստերը Հայաստանում կայացվող որոշումների վրա շատ ավելի քիչ ազդեցություն կարող են ունենալ, քան Նիկոլ Փաշինյանի ընտանքի անդամները, որոնց հետ ընթրիքի ժամանակ Փաշինյանը կարող է կարևորագույն հարցեր քննարկել ու նրանց կարծիքները հաշվի առնելով որոշումներ կայացնել։
Դավիթ Գույումջյան