Նիկոլ Փաշինյանը և իր իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները նախորդ տարեվերջից դիտարկում են երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և վերարտադրվելու հնարավորությունը։ Հենց այս նպատակով 2023-ի դեկտեմբերից մեկնարկեց ընդդիմադիր ՏԻՄ-երը զավթելու օպերացիան, որի առաջին արարը Ալավերդիում էր, իսկ այս օրերին այն նոր թափ է ստացել հանրապետության 2-րդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում, որտեղ 2021-ին կրած պարտությունն առ այսօր մնացել է ՔՊ-ի կոկորդին։
Իշխանական կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է, որ այժմ հասունացել է վերարտադրվելու լավագույն պահը, ուստի անհրաժեշտ է այն բաց չթողնել և օր առաջ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ։ Իշխանականներին նման լավատեսություն է ներշնչել նախևառաջ «Սրբազան շարժման» տապալումը, ինչի հետևանքով տիտղոսային ընդդիմությունն այսօր ջախջախված վիճակում է, վերջինիս համակիրների շրջանում տիրում են անկումային տրամադրություններ, իսկ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անկացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ Փաշինյանն այս պահին Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է՝ 20%, իսկ հաջորդող ընդիմմադիր գործիչների վարկանիշը տատանվում է 2-4%-ի սահմաններում։
Հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանը կօգտվի՞ ներկայումս իր համար ստեղծված բարենպաստ իրավիճակից ու կգնա՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնցում մեծ հավանականությամբ կվերարտադրվի ու կպահպանի իր իշխանությունը ևս 5 տարով՝ մինչև 2029 թվականը։ Այս համատեքստում քաղաքական և վերլուծական շրջանակների կողմից առաջ է քաշվում իրադարձությունների զարգացման 2 հիմնական վարկած․
Առաջին վարկածով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ լուծարի գործող խորհրդարանը, ինչն անելու համար նա ունի բավարար թվով մանդատներ, և արտահերթ ընտրություններ անցկացնի, որտեղ կվերարտադրվի։ Նման եզրահանգում կատարելիս հիմնվում ենք նախևառաջ Հայաստանում տիրող տրամադրությունների, ինչպես նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության արդյունքների վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետազոտության արդյունքներով Փաշինյանը ունի շուրջ 20% վարկանիշ, ինչը մեծ հաշվով կասկածի տակ չեն առնում անգամ նրա ընդդիմախոսները, իսկ համապետական ընտրություններում այն պրոյեկտելու դեպքում, վերջինս 45-50% ձայն կստանա ու վերստին ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն կունենա։
Ըննդիմության ներկայիս ջախջախված վիճակը նույնպես Փաշինյանին կարող է դրդել արտահերթ ընտրությունների գնալ, քանի որ գործող խորհրդարանական ընդդիմությունը լավագույն դեպքում կարող է պահպանել իր ներկայիս մանդատների միայն մի մասը կամ առհասարակ կորցնել դրանք, իսկ արտախորհրդարանական իրական ընդդիմադիր ուժերի մեծ մասը պատրաստ չեն ընտրությունները։ Այս իրավիճակում ընտրություններ անցկացնելու դեպքում հեշտությամբ կարող են ԱԺ-ում հայտնվել Նիկոլ Փաշինյանի գրպանային ուժերը, ովքեր կզբաղեցնեն Սահմանադրությամբ ընդդիմությանը բաժին հասնող տեղերի մի մասը, իսկ անհրաժեշտության դեպքում էլ կնպաստեն կառավարության ղեկավարի վերարտադրմանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ու ադրբեջանական կողմի պահանջով ՀՀ Սահմանադրության փոփոխության համատեքստում նույնպես նոր ԱԺ-ի ձևավորումը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ ներկայիս խորհրդարանն այլևս լեգիտիմ չէ ու վաղուց չի արտահայտում հանրության իրական տրամադրությունները։ Սակայն, դատելով Բաքվի հռետորաբանությունից, վերջինս կարծես թե միտված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել, թեպետ բավականին ջերմ մթնոլորտում վերջերս կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից և 2 առաջնորդներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակներից հետո հակառակ ուղղությամբ որոշակի ակնկալիքներ էին ձևավորվել։ Այս առումով գնդակը Ալիևի դաշտում է, և ցանկության դեպքում վերջինս կարող է որոշակիորեն արագացնել ՀՀ-ում արտահերթ գործընթացների մեկնարկը։
Երկրորդ վարկածով Նիկոլ Փաշինյանը կարող է խուսափել արտահերթ ընտրությունների անցկացումից, քանի որ շատ լավ գիտակցում է, որ թեպետ ամենատարբեր հարցումներով ինքն այս պահին ամենաբաձր վարկանիշն ունի, սակայն ներկայիս իրավիճակում քաղաքացիների մեծամասնությունը քաղաքական ուժերից ոչ մեկին չի վստահում, ինչի հետևանքներն ընտրական գործընթացներում կարող են անկանխատեսելի և շատ վտանգավոր լինել։ Ասվածի վկայությունը Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների արդյունքներն էին, որոնցում ընդդիմությունն ավելի շատ մանդատներ էր ստացել և միայն քաղաքական անասնագողությամբ իշխանությանը հաջողվեց իր ձեռքում պահել մայրաքաղաքը։
Այս իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումն առավելապես կախված արտաքին այն դերակատարներից, ովքեր պատրաստ կլինեն Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու երաշխիքներ տալ, իսկ հետընտրական զարգացումների դեպքում էլ աչք փակեն նրա գործղությունների վրա։ Հիշելով հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում խաղաղ ցուցարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման համատեքսռում ԱՄՆ-ի արձագանքը (ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ցուցարարներին էր մեղադրել՝ նշելով, որ նրանք ոչ բոլոր դեպքերում են խաղաղ եղել)՝ կարող ենք ենթադրել, որ իրավիճակի սրման դեպքում Նիկոլ Փաշինյանին նման երաշխիքներ կտրամադրվեն։
Այսպիսով՝ չնայած այժմ Նիկոլ Փաշինյանի համար իսկապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու և վերարտադրվելու լավագույն պահն է, որը կարող է չափազանց կարճ տևել ու այլևս չկրկնվել, սակայն Փաշինյանի կառավարման հետևանքով Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ իր վերաբերյալ որոշումները, այդ թվում ներքաղաքական համատեքստում, կայացվում են ՀՀ-ի սահմաններից դուրս ու մեր երկրին լավագույն դեպքում տեղեկացնում են այդ մասին։ Կարճ ասած՝ Հայաստանում հնարավոր արտահերթ ընտրությունների հարցը նույնպես որոշվելու է այլ մայրաքաղաքներում ու դրանք տեղի կունենան միայն համապատասխան կոնսենսուսի առկայության պարագայում։
Դավիթ Գույումջյան