Պետություն չունեցող էթնոսը դեղատոմսը, վճիռը, քաղաքական տեքստը և շատ այլ բաներ գրում է այն լեզվով, որի տիրապետության կամ դոմինանտության տակ գոյատևում է։ Երբ արդեն երգն ու աղոթքն են գրում օտար կամ աղավաղված լեզվով, նշանակում է՝ այդ էթնոսը ձուլման, ուծացման ընթացքի մեջ է։
Ջո Բայդենի նամակի թարգմանության մեջ, որը հրապարակվել էր երեկ ՀՀ վարչապետի պաշտոնական էջում, տեղ էր գտել կոպիտ սխալ՝ «Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել…»։ Մանկական եվրատեսիլում ՀՀ-ն ներկայացնող երգի բառերում «է» օժանդակ բայի փոխարեն հնչում է բարբառային «ա»-ն։ Երկու դեպքն էլ հանրային մեծ արձագանք է ստացել։ Ինչու են այսպիսի աղմկահարույց սխալներ անում։ Եվ ո՞վ է սրա գլխավոր պատասխանատուն։
Մարդկանց վրդովվեցնում է այն, որ ԱՄՆ նախագահի կարևոր նամակը թարգմանողը վտանգավոր սխալ արել։ Ոմանք նույնիսկ միտում են նկատում, որով վարչապետը ցույց է տալիս, թե չգիտի, որ Միացյալ Նահանգները պետություն է։ Քաղաքական տեքստում սխալը կարող է անդրադառնալ պետության, ժողովրդի վրա, ուստի՝ աղետալի է։ Մանկական եվրատեսիլում ներկայացվող երգը նույնպես վրդովվեցրել է բազմաթիվ քաղաքացիների։ Մարդիկ վիրավորվել են, որ իրենց պետությունը ներկայացնող երգի խոսքում հայերենն աղավաղված է, տարրական նորմը խախտված է, տպավորություն ստեղծելով, թե ՀՀ-ում պետական լեզու չկա, ՀՀ-ն դեռ պետություն չի դարձել, էթնոսի ձևավորման փուլում է։ Հանրային վրդովմունքի տակ նկատելի է, որ մարդիկ հայերենի այսպիսի խախտումներն ու աղավաղումները իրական սպառնալիք են համարում, մահվան հոտ է գալիս։
Թեմային դիպուկ է
անդրադարձել լեզվաբան Նարինե Դիլբարյանը։ «Ինչպես պետության սահմանները չեն պաշտպանվում, այնպես էլ մայրենիի սահմանները», ասել է նա։ Լեզվաբաններն ու լեզվի իրավունքների պաշտպանության ջատագովները տարակուսած հարց են տալիս՝ իսկ որտե՞ղ է Լեզվի կոմիտեն, ինչու՞ է անգործության մատնված, ո՞վ պետք է ուշադրություն դարձնի լեզվի պաշտպանության խնդիրներին։
Լեզվի կոմիտեի դիրքորոշումն անհայտ է։ Նախագահ Սիրանուշ Դվոյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, հիմք տալով հանդիմանանքի, որ անպատասխանատու կերպով մսխում է հարկատուների միջոցները։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն է Սիրանուշ Դվոյանին կարգադրել՝ արհամարհել հայերենի խնդիրները, չպատասխանել քաղաքացիների և լրատվամիջոցների ահազանգերին։ Կարո՞ղ ենք ասել, որ Դվոյանը ևս մարմնավորում է Թավշյա հեղափոխությունը, աղետալի իրավիճակ ստեղծելով իր իրավասության դաշտում։
Այս կառույցում բարձիթողի իրավիճակ էր նաև անցյալում։ Անկախության առաջին տարիներին Լեզվի պետական տեսչության առաջին պետ Վալերի Միրզոյանի ջանքերը ջուրն են ընկել։ Կառույցի հաջորդ ղեկավարները ոչ թե մատների արանքով են նայել լեզվի հարցերին, այլ լրիվ անտարբերության մատնել, թուլացել և վայելել հարկատուների միջոցները, թքած ունենալով հայերենի պաշտպանության վրա, ստեղծելով մահացու ռիսկեր։ Լևոն Գալստյանը, Լավրենտի Միրզոյանը, Սերգո Երիցյանն ու Դավիթ Գյուրջինյանը վարել են ջայլամի քաղաքականություն։ Սիրանուշ Դվոյանը նրանցից էապես չի տարբերվում։ Նույն բարձիթողի իրավիճակն է, նույն արհամարհանքը լեզվի իրավունքների խախտման, հայերենի աղավաղման փաստերի նկատմամբ։ Շենքերի ճակատները լիքն են օտարալեզու վահանակներով, որոշ հիմնարկների ճակատներին հայերեն տառ չկա։ Պետական, քաղաքական գործիչների գավառական խոսույթը մահվան տեսիլ է հիշեցնում, կարծես՝ հայ ժողովուրդը դեգրադացվել, իջել է էթնոսի ձևավորման ստորին մակարդակին, չունի գրական, գիտակարգային լեզու, քաղաքական գիտակցություն ու շուտով կբարձրանա ծառը։
Սիրանուշ Դվոյանը մոտ մեկ տարի պաշտոնավարման ընթացքում հրապարակավ սկզբունքային դիրքորոշում չի հայտնել հայերենի պաշտպանության վերաբերյալ որևէ կոնկրետ հարցում։ Լեզվի կոմիտեի նախագահի տևական անգործությունը կասկած է հարուցում, որ այս կառույցը անցել է թշնամիների կողմը և միտումնավոր է աչք փակում հայերենի դիրքերի ուղղությամբ հարձակումների վրա։ Եթե նրան համեմատենք դիրքապահ զինվորի հետ, ապա Սիրանուշ Դվոյանի անգործությունը հնարավորություն է տալիս թշնամուն անխոչընդոտ գործել այս ուղղությամբ, վստահ լինելով, որ դիրքապահը չի կրակի։ Ցանկացած զինվոր կարող է դիպուկ բառ գտնել բնորոշելու այս վարքը։
Կարճ ասած՝ լեզվական, մշակութային էքսպանսիաների ու հոգևոր անվտանգության մարտահրավերների պարագայում Սիրանուշ Դվոյանի անգործությունն աղետալի է։ Ու եթե մի օր ՀՀ իշխանությունները փորձեն հասկանալ աղետի արմատները, ապա դրանք կգտնեն ոչ թե սոցիալ հոգեբանության մեջ, այլ Սիրանուշ Դվոյանի անգործության, և գուցե հետադարձ պատասխանատվության ենթարկեն, ինչպես ներկայում մեղադրանք են առաջադրվում նախկինների դեմ, որոնք չարաշահումներ են արել, մսխել հարկատուների միջոցներն ու չեն կատարել իրենց պաշտոնական պարտականությունները։
Թաթուլ Մկրտչյան