Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:30 23-10-2024

Հայաստանը պե՞տք է անդամակցի ԲՐԻԿՍ-ին․ տնտեսագետի կարծիքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի ունենում ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթաժողովը, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը, թեպետ Հայաստանը չի անդամակցում այս կազմակերպությանը և հայտարարում է, որ անդամակցելու մտադրություն չունի։ Հայաստանի նման դիրքորոշումը զարմանալի է, քանի որ վերջինս անդամակցում է ՌԴ-ի առաջնորդած մյուս ինտեգրացիոն կառույցներին, մասնավորապես ԵԱՏՄ-ին, ուստի տրամաբանական կլիներ, ԲՐԻԿՍ-ին նույնպես անդամակցեր կամ դուրս գար նաև մյուսներից։

Հիշեցնենք, որ այժմ ԲՐԻԿՍ–ի կազմում ընդգրկված է 9 երկիր՝ Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը, ԱՄԷ–ն, Ռուսաստանը, Եթովպիան, Հարավային Աֆրիկան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ներկայումս շուրջ 34 երկիր այս կազմակերպությանն անդամակցելու ցանկություն է հայտնել։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն այլընտրանք չունի և ԲՐԻԿՍ-ին անդամակցելը ժամանակի հրամայականն է։ Նրա խոսքով՝ ԲՐԻԿՍ-ը ոչ մի երկրի կամ կառույցի դեմ չի գործում՝ ի տարբերություն տարբեր կազմակերպությունների։

«ԲՐԻԿՍ-ը կոչված է դառնալու բազմաբևեռ աշխարհի դրայվերը, որովհետև հիմնականում զարգացող երկրների համախումբ է, բայց այդ երկրների մեջ, ինչպես տեսնում եք, կա նաև համաշխարհային տնտեսության լոկոմոտիվը՝ Չինաստանը և նոր ինդուստրիալ երկրներից Բրազիլիան, որը դժվարությամբ բավականին առաջընթաց ունի, նաև Հնդկաստանը։ Սրանք երկրներ են, առանց որոնց համաշխարհային տնտեսությունը պատկերացնելն անհնար է ու անհեթեթ է լուրջ զարգացման հավակնելը։ Հայաստանի Հանրապետությունը բնականաբար դրա կարիքը ունի, և որքան էլ մենք ձգտենք տարբեր երկրների հետ սերտ համագործակցության, որն անհրաժեշտություն է, ԲՐԻԿՍ-ի երկրների հետ համագործակցությունը երբեք չպետք է դիտարկել որևէ այլ երկրի հետ համագործակցության հաշվին կամ դրա փոխարեն։ Հայաստանը պետք է շարունակի բոլորի հետ համագործակցել, ավելին ասեմ՝ բոլոր հնարավոր ձևաչափերին մասնակցելով առաջ տանի իր ազգային պետական շահերը»,- կարծում է նա։

Թաթուլ Մանասերյանը կիսում է այն տեսակետը, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը Հայաստանին ավելի լայն հնարավորություններ կընձեռնի, քանի որ մեր երկիրն արդեն իսկ անդամակցում է ՌԴ-ի առաջնորդած մյուս կազմակերպություններին։

«Գիտեք, որ ԵԱՏՄ անդամ Ղազախստանը և Բելառուսը նույնպես ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել, Ռուսաստանը հիմնադիր անդամ է։ Տրամաբանությունը հուշում է, որ մենք չենք կարող մեկուսանալ տարածաշրջանային և գլոբալ զարգացումներից։ Հետո, որպես տնտեսագետ, Ձեզ ասեմ, որ առաջին հնգյակում հենց ԲՐԻՍԿ-ի անդամ երկրների հետ է մեր առևտրատնտեսկան հարաբերությունները զարգանում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ, Հնդկաստանն է արդեն մեծ տեղ զբաղեցնում Հայաստանի հետ առևտրատնտեսական ու նաև ռազմավարական բնույթի հարաբերություններում։ Ուստի կարծում եմ՝ այս ամենի համատեքստում դժվար թե մի խելացի մարդ կգտնվի, ով կասի՝ պետք չէ համագործակցել ու անդամակցել»,- ասաց նա։

Տնտեսագետի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը շատ խոհեմ քայլ արած կլինի, եթե ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ ներկայացնի։ Նա համոզված է, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու։ «Անգամ եթե հիմա ինչ-ինչ պատճառներով հապաղում ենք, ապա կարծում եմ, որ դա կենսական անհրաժեշտություն է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից