Ո՞վ տապալեց լոնդոնյան հանդիպումը. զուտ անգլիական վարկած
copy image url

Ո՞վ տապալեց լոնդոնյան հանդիպումը. զուտ անգլիական վարկած

Ներքին Միտք 9 ամիս առաջ - 11:30 20-07-2024
Անգլիացի քաղաքական գործիչները սուտ չեն խոսում։ Դա ազնվական բարոյական սկզբունք է, որը սրբորեն պահպանում են Միացյալ Թագավորության քաղաքական համայնքում։ Միաժամանակ անգլիացիներն ամենախորհրդապահն են։ Արտաքին հարաբերություններում նրանք գաղտնի են պահում պայմանավորվածությունները, չեն հանրայնացնում նույնիսկ բանակցային մանրուքները։

Հուլիսի 18-ին Փաշինյանն ու Ալիևը միմյանց հրապարակավ մեղադրեցին Լոնդոնում հանդիպելու առաջարկը մերժելու մեջ։ Հանրության մի մասը կարծում է, որ ստում է Փաշինյանը, իսկ բազմաթիվ մարդիկ համոզված են, որ Ալիևն է ստում։

Նախ նկատենք, որ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ալիևը ստելու ունակ են։ Ալիևի պարագայում առկա է ադրբեջանա-թուրքական կեղծարարությունն ու նենգությունը։ Իսկ Փաշինյանին ստախոսության մեջ հանդիմանում են Մոսկվան, Բաքուն, ընդդիմադիր ու հանրային բազմաթիվ գործիչներ։ Այդ մեղադրանքների մեծ մասին Փաշինյանը չի անդրադառնում, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ նա, իրոք, ստախոս է։ Սուտն առավել ցավոտ է ընդունում ժողովուրդը։ Փաշինյանին ընտրածների մի մասը խաբված է զգում, քանի որ ՔՊ-ն ոչ միայն չի կատարել խոստումների մի մասը, այլև արել է հակառակը։ Ի դեպ՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խնդիրներից մեկը ստի դեմ պայքարն է, որ սուտը վերանա առաջին հերթին քաղաքական խոսույթից։

Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպումը կազմակերպվելու էր հյուրընկալող կողմի՝ բարձր միջնորդությամբ։ Անգլիացիները հայտնի են նաև իրենց օգտապաշտությամբ (Utilitarianism), որն անգլիական քաղաքական համայնքում ամենահիմնարար տեսություններից է, որտեղ կարևորը հետևականությունն է և արդյունքը։ Հայ-ադրբեջանական կարգավորման ակնկալվող արդյունքն այն է, որ ռուսները դուրս կմղվեն մեր տարածաշրջանից։ Այս առումով՝ կար ռիսկ, որ հայ-ադրբեջանական լոնդոնյան հանդիպումը արդյունք չէր տալու։

Արդյունք չէր լինի, եթե Լոնդոնը չկարողանար առաջընթաց արձանագրել հայ-ադրբեջանական բանակցություններում։ Իսկ առաջընթացի տեղ այսօր, իրականում չկա, որովհետև Ալիևն ամեն կերպ փորձում է հասնել իր նախապայմանների կատարմանը, որոնք ՀՀ-ն այսօր մերժում է։ Իսկ Փաշինյանը չի ուզում դուրս հրավիրել ռուսներին, քանի որ 2018-ին ռուսների միջնորդությամբ ու աջակցությամբ իշխանության գալու ժամանակ խոստացել է անփոփոխ թողնել հայ-ռուսական օրակարգը։ Եթե անգլիացին պաշտպաներ Փաշինյանին, որը ՀՀ-ում ռուսական ազդեցությունը պահպանելու ջատագով է, ապա ՄԹ-ն կկորցներ ռուսական համաշխարհային հավակնությունների դեմ ամենասկզբունքային պայքարողի դիրքն աշխարհում։ Այս բարդ իրավիճակում անգլիացին պետք է այնպես աներ, որ ոչ ոք հիմք չունենար կասկածելու, որ Լոնդոնը խուսափել է հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպելուց։

Քանի որ անգլիացիները ծայրահեղ խորհրդապահ են, նաև պահանջում են, որ կողմերը չհանրայնացնեն մանրամասները, ապա հանրությունը մի քանի տասնամյակ հետո միայն կարող է ստույգ իմանալ, թե իրականում ով տապալեց հուլիսի 18-ի հանդիպումը։ Մինչ այդ կարող ենք բավարարվել ենթադրություններով, թե ի՞նչ տեղի ունեցավ Լոնդոնում այդ օրը։ Շրջանառվող բազմաթիվ վարկածներից մեկը զուտ անգլիական է։ Ենթադրվում է, թե Լոնդոնում հայ-ադբեջանական հանդիպման օրակարգի վերաբերյալ հայ-անգլիա-ադրբեջանական եռակողմ նախնական քննարկումներում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը թյուրիմացաբար կամ միտումնավոր պարզ չի ասել, թե ինչ օրակարգով են պատրաստ հանդիպելու։ Եվ այս անորոշությունը թյուրըմբռնում ու տարընթերցում է առաջացրել և Բաքվին առիթ տվել հայտարարելու, թե Փաշինյանը խուսափում է հանդիպումից։

Այսպիսով՝ Լոնդոնում հայ-ադրբեջանական հանդիպման տապալումից հետո աշխարհում ոչինչ չփոխվեց։ Անգլիացին մնաց մաքուր, ինչպես կար։ Իսկ հայ և ադրբեջանցի պաշտոնյաները ոչ ոքի չզարմացրին միմյանց ստախոսության մեջ մեղադրելով։ Այդպես նաև վերահաստատեցին, որ ոչ միայն հեռու են խաղաղությունից, այլև դեմ են մեծ քաղաքական օրակարգին ու մնում են ռուսական ուղեծրում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված