Երևան +18°
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 1 շաբաթ առաջ - 22:30 24-04-2024

Երբ ՀՀ ղեկավարն է Մեծ եղեռն ասում, Թուրքիան երբեք ցեղասպանությունը չի ճանաչի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ 1915 թվականի հենց այս օրը Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, մեկնարկեցին հայ մտավորականության զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ստամբուլի նահանգապետարանը հերթական անգամ արգելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանրային միջոցառումների անցկացումը։ Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակի կողմից կազմակերպված միջոցառումը նախատեսվում էր անցկացնել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում։

Այս արգելքը քննադատության է ենթարկվել տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ներառյալ՝ Մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD), որն ամեն տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Oragir.News-ի հետ զրույցում պոլսահայ լրագրող և գրող Վերջիհան Զիֆլիօղլուն անդրադարձավ այս որոշմանը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Թուրքիայում վերջին տարիներին շատ բաներ են փոխվել ու այժմ երկրում բոլորովին այլ մթնոլորտ է տիրում։ Նա ասաց, որ ներկայումս երկրի իշխանությունները խոչընդոտում են նաև մայիսի 1-ի՝ Աշխատանքի և համերաշխության օրվան նվիրված միջոցառումների անցկացումը՝ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։

Զիֆլիօղլուն շեշտում է՝ այն կազմակերպությունները, որոնք նախկինում կազմակերպում էին Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները, արդեն Թուրքիայում չեն։ «Երբ 2015 թվականին միջոցառումները թույլատրվել էին, Թուրքիայում բոլորովին այլ մթնոլորտ էր։ Այն ժամանակ ընթանում էր քրդական կարգավորման գործընթացը, և այդ մթնոլորտը բոլորովին տարբերվում էր ներկայիս մթնոլորտից։ Բացի այդ, 2015-ը խորհրդանշական տարեթիվ էր, բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր Թուրքիայի վրա, ուստի այն ժամանակ այս միջոցառումներն արգելելն ավելի դժվար կլիներ, քան հիմա»,- ասաց նա։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ չնայած այս արգելքին, Ստամբուլում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ անցկացվելո՞ւ են, ինչին նա դրական պատասխանեց։

Զիֆլիօղլուն հայտնեց, որ իր տեղեկություններով Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից մի շարք եկեղեցիներում զոհերի ոգեկոչման արարողություններ են անցկացվել, ինչպես նաև կլինեն մի քանի փոքր միջոցառումներ, որոնց հիմնականում կմասնակցեն լիբերալ հայացներ ունեցող գործիչներ և մտավորականներ։ «Նման միջոցառումներ են լինելու, սակայն Թաքսիմի, կամ Քադըքյոյի հրապարակներում որևէ միջոցառում չի նախատեսվում»,- նշեց նա։

Մեր հարցին, թե Հայոց ցեղասպանության հարցում այժմ ինչպիսի՞ վերաբերմունք ունի թուրք հասարակությունը, և հնարավոր է, որ օրերից մի օր վերջինս, ինչպես նաև Թուրքիայի իշխանությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ Վերջիհան Զիֆլիօղլուն պատասխանեց, որ Թուրքիայի հասարակությունը շատ է փոխվել, սկսել է ցեղասպանության վերաբերյալ հարցուփորձ անել, սակայն չենք կարող խոսել այն մասին, որ վերջինս 100 տոկոսով ճանաչում է ցեղասպանությունը։ Նրա խոսքով՝ հասարակության 80-90%-ը հասկանում է, թե ինչ է կատարվել և ավելի մեղմ են տրամադրված՝ գոնե խոսելու ընթացքում։

Ինչ վերաբերում է Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը, ապա Վերջիհան Զիֆլիօղլուն այս համատեքստում ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարի ցեղասպանություն եզրույթի փոխարեն օգտագործել է Մեծ եղեռն բառակապակցությունը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակում անհնար է պատկերացնելը, որ օրերից մի օր Թուրքիայում որևէ մեկը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Սա շատ բարդ հարց է: Եթե Հայաստան պետության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, ով միևնույն ժամանակ լրագրող է, ինքն է աչք փակում իր ժողովրդի տառապանքների վրա, ապա ինչպես կարող ենք ուրիշներից կարեկցանք ակնկալել։ Այս իրավիճակը շատ ցավալի չէ՞»,- ասաց պոլսահայ լրագրողը։

Զիֆլիօղլուի համոզմամբ՝ ընդհանուր առմամբ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը 2015 թվականին ավարտվել է, իսկ Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ ճանապարհի վրա է։

Այս համատեքստում նա չի կարծում, որ միջազգային հանրությունն այնպիսի դիրքորոշում կորդեգրի, որը կհակասի Թուրքիայի պաշտոնական թեզերին։ Ըստ նրա՝ այս հարցում կարևոր դեր ունի նաև տնտեսական բաղադրիչը։

Պոլսահայ լրագրողը հավելեց նաև, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև Գերմանիայի և Իսրայելի օրինակը։ «Հայաստանը, որպես պետություն, երբեք չի կարողանում խոսել Գերմանիայի դերի մասին։ Ուստի 1915 թվականն արդեն այլ փուլ է մտել։ Այս համատեքստում Հայաստանն ու սփյուռքը կարծես տարբեր ճանապարհներով են ընթանալու»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
22:48 Հավերժ 19․ Ոսկե Գևն այսօր կդառնար 23 տարեկան
18:50 Անգեղակոթում պայթյունից վիրավորված 14-ամյա տղայի վերջույթները վիրահատել են. մանրամասներ
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
22:24 Վաղը Շիրակի մարզից պարեկային ծառայողների կտեղափոխեն Կիրանց
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
22:30 Հանցագործություն․ ոստիկանները Կիրանցում մարդկանց տեղաշարժն ապօրինաբար են սահմանափակել