Պատմում են, որ հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանի վերարկուի աստառը կարմիր էր, և մարտի դուրս գալուց առաջ նա շրջում էր վերակուն և կարմիր կողմը դեպի դուրս էր հագնում։ Ասում են՝ այդպես էր վարվում, որովհետև չէր ուզում, որ վիրավորնվելու դեպքում մյուսները տեսնեն իր արյունը։ Հայրենիքի քաջ մարտիկը չէր պատրաստվում լքել մարտի դաշտը անգամ արնաքամ լինելիս․․․
Այսօր նշանավոր ռազմական գործիչ Դանիել Բեկ-Փիրումյանի ծննդյան օրն է։
Դանիել Բեկ-Փիրումյանն արտակարգ համեստ մարդ էր, սակայն նրա խիզախությունները չէին կարող ուշադրության չարժանանալ։ Նրա տաղանդն ի հայտ էր եկել դեռ Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ Էրզրումի օպերացիայի ընթացքում։ Ցարական բանակի կազմում նա անմիջական մասնակցություն էր ունեցել օպերացիայի կազմակերպմանը։
Հենց այն ժամանակ նա ստանում է «Էրզրումի առյուծ» մականունը։ Ավելի ուշ Բեկ-Փիրումյանը արժանանում է Ցարական Ռուսաստանի բարձրագույն պարգևներից մեկին՝ Գեորգիևյան Ոսկե Խաչին։
Հետաքրքիր է, որ Սարդարապատում Բեկ-Փիրումյանների գերդաստանի միաժամանակ վեց ներկայացուցիչ է եղել մարտի դաշտում։ Այնտեղ էին հրամանատարի երկու որդիները, նրա զարմիկ Պողոս Բեկ-Փիրումովը՝ որդու հետ, և մյուս հորեղբորորդին՝ Հովսեփը։ Նրանք հայրենիքին տվել էին ամեն ինչ և պատրաստ էին նվիրաբերել անգամ իրենց զավակներին։
Սարդարապատի ճակատամարտը սկսելու որոշումը ինքը՝ Բեկ-Փիրումյանն է ընդունել, չնայած ղեկավարությունը հրամայել էր անել ճիշտ հակառակը։ Հենց Դանիել Բեկ-Փիրումյանի անմիջական ջանքերով է հնարավոր եղել կազմակերպել Սարդարապատի ռազմաճակատի գիծը և արժանի հակահարված տալ թուրք զավթիչներին:
Սարդարապատի գլխավոր ճակատում մայիսի 27-ի առավոտյան ժամը 9-ին հայկական հրետանին շուրջ կես ժամ հուժկու համազարկեր հասցրեց հակառակորդի դիրքերին, հատկապես 440 և 449 բարձունքներում, ճնշելով նրա հրետանու և գնդացրային ջոկատների կրակը։ Կենտրոնական ուղղության հայկական ուժերն այնուհետև անցան դիրքային հարձակման՝ վճռական գրոհի համար սպասելով աջից զորաշարժ կատարող ուժերի թիկունքից հարձակմանը։ Դանիել Բեկ-Փիրումյանը, այդ կարևոր պահին զորքին ոգևորելու նպատակով, իր զինվորական համազգեստի կարմիր աստառը շրջում է դեպի դուրս, այդպես շրջված էլ հագնում է համազգեստը և նետվում առաջին գիծ՝ անձամբ ղեկավարելով վճռորոշ մարտը։ Այդ ընթացքում Խզնաուզի հայկական ջոկատը, թուրքական ձախ թևը կեսօրին շրջանցելուց հետո, կտրուկ թեքվում է դեպի հարավ՝ դուրս գալով 440 և 449 բարձունքների թիկունքը։
Մարտավարական այս փայլուն զորաշարժից հետո հարձակման են անցնում արդեն Սարդարապատի ջոկատի կենտրոնական ուղղության հիմնական ուժերը և Երզնկայի գնդի աջակցությամբ ժամը 14-ին մոտ վերջապես կարողանում են գրավել այդ և հարակից այլ բարձունքները։ «...Շղթաները (հայ զինվորների) ոտքի ելան և «ուռա» գոռալով առաջ վազեցին, իսկ թուրքերը խուճապի մատնվեցին, որովհետև նրանց թիկունքն անցած ջոկատը կրակ էր բացել պաշարակիր սայլերի և թիկունքի վրա։ Քիչ անց թուրքերը փախուստի դիմեցին՝ լքելով ամբողջ ռազմամթերքը, վիրավորներին ու սպանվածներին... Ճակատամարտը շահված էր, Հայաստանը՝ փրկված»,- գրում է ճակատամարտի մասնակիցներից մեկը՝ Ալեքսանդր Շնեուրը։
Տաղանդավոր զորահրամանատարի պատմությունը ողբերգական ավարտ ունեցավ 1921թ․-ի վերջին։ 1920թ․-ին նա որդու հետ միասին գերի ընկավ թուրքերին, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո մոտակայքում գնդակահարվեց բոլշևիկների կողմից։