Երևան +23°
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 22:20 25-08-2023

Ակնայի ճանապարհի գործարկումը կլինի հայկական Արցախի վերջը․ արցախցի

Ութ ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախում իրավիճակը վերջին 10 օրում էլ ավելի է սրվել։ Առաջին անհրաժեշտության պարագներից բացի նաև հացի խնդիր է առաջացել։ Մարդիկ ամբողջ գիշեր հացի հերթ են կանգնում՝ հույսով, որ կհողջողվի գոնե 1 կամ 2 հաց տուն տանել։

Արցախում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է արցախցի Գոհար Հայրապետյանի հետ։

«Հացի խնդիրը մոտ 10 օր է՝ սրացել է, և օրեցօր վիճակը վատթարանում է: Օրինակ, եթե 10 օր առաջ ժամերով հերթ կանգնլուց հետո կարող էինք վերցնել այնքան հաց, որքան պետք էր ընտանիքի համար, ապա այսօր՝ ամբողջ գիշերը հերթում սպասելուց հետո, կարող ենք ձեռք բերել 1 կամ 2 հաց: Արցախում այսօր հիմնական ուտելիքը հացն է, կարտոֆիլը, վարունգը, լոլիկը,սակայն ոչ բոլորն են կարողանում դա ձեռք բերել, քանի որ շրջափակման հետևանքով հազարավոր ընտանիքներ կորցրել են իրենց եկամուտի աղբյուրը, ուստի չեն կարող 500 դրամով կարտոֆիլ գնել, 800-1000 դրամով՝ լոլիկ և վարունգ։ Հատկապես սուր է խնդիրը բազմանդամ և փոքր երեխաներ ունեցող ընտանիքներում»,-պատմում է Գոհար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ արցախցին ամեն օր սպասում է լույսի, հնարավորության՝ հանգիստ ու խաղաղ ապրելու իր հողում, իր տանը:

«Մենք շատ լավ ենք գիտակցում այն դժվարություններն ու ցավը, որը մեզ կուղեկցի ամբողջ կյանքում՝ մեր հողը պարտադրված լքելուց հետո: Այս դժվարությանը զուգահեռ ամեն օր առերեսվում ենք Հայաստանի և Արցախի իշխանությունների անգործությանը, վիճակն էլ ավելի սրող ու աղետը խորացնող հայտարարություններին ու քայլերին»,-ընդգծեց Գոհար Հայրապետյանը։

Անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին՝ արցախցի աղջիկն ասաց․

«Մենք հոգնել ենք այդ ներքին խմորումներից, ինտրիգներից, երևի դա է մեզ վերջնականապես հուսալքում, որ մեր պետական այրերը, նախկին ու ներկա, փոխանակ մեկը մյուսին թիկունք լինեն ու միասնաբար որոշեն՝ ինչպես դուրս բերեն ժողովրդին այս ճահճից, մեկը մյուսին մեղադրանքներ հնչեցնելով, զրպարտելով, իրենց մյուսներից վեր դասելով և դատարկախոսելով կամ ստելով են զբաղված: Դա, իհարկե, ամենավատ ձևով է ժողովրդի վրա անդրադառնում: Օրինակ՝ որոշում է կայացվում, որ համապատասխան մարմինը պետք է վերահսկի գնաճն ու առգրավի գերբարձր գնով վաճառվող ապրանքն ու մատչելի գներով իրացնի սպառողին, բայց կարգը լավագույն դեպքումգործում է 1-2 օր կամ մնում է թղթի վրա: Կառավարությունը չի ջանում աշխատել արտադրողի հետ, ամբողջ մեղադրանքն ընկած է վաճառողի վրա: Օրինակ, խաղողն այստեղ վաճառվում է 1500-1700 դրամով, որը վաճառողն արտադրողից ձեռք է բերում 1300-1500 դրամով:Մսի իրացման վերաբերյալ էր վերջերս նման մի որշում կայացվել (պետությունը արտադրողին սուբսիդավորում է գնի որոշ չափը), քանի որ գները հասել էին 7-8 հազար դրամի, հիմա 4 հազարով է իրացվում, դա էլ շատ բարձր գին է և հասանելի ոչ բոլորին: Նախքան շրջափակումը կարելի էր գնել 2200-2800 դրամով: Լավ կլիներ, որ մեր իշխանությունները, լծվեին ժողովրդի հոգսերի թեթևացմանը, եղած ռեսուրսների ճշգրիտ կառավարմանը, որպեսզի հնարավորինս երկար դիմանանք այս անմարդկային պայմաններում, այլ ոչ թե իրավիճակն ավելի բարդացնեն»։

Արցախցի Գոհար Հայրապետյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Ակնայի ճանապարհի գործարկմանը, նշեց․

«Ակնայի ճանապարհի գործարկումը կլինի հայկական Արցախի վերջը: Եթե այդպիսի որոշում կայացվեց ու ընդունվեց, հայն այստեղ անելիք չունի, թող ընդունողները մնան այստեղ ու ապրեն իրենց ընտանիքներով, բայց վստահ եմ, որ առաջինն են ճողոպրելու: Մենք այսքան չենք պայքարել, որ թուրքից սնունդ ստանանք կամ դեղորայք և այլն, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, հետևաբար Հայաստանից պետք է ստանանք մեր կենսագործունեությունն ապահովող բոլոր ապրանքներն ու պարագաները, ինչպես և նշված է նոյեմբերի 9-ի չարաբաստիկ համաձայնագրի մեջ: Ականայով ապրանքների տեղափոխումը մեզ վերջնականապես կկտրի մայր Հայաստանից, ինչը մեզ համար բացարձակ անընդունելի է»,-եզրափակեց արցախցի Գոհար Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված