Փաշինյանը չի կարող տանել, որ սփյուռքահայը կարող է վիճարկել իր քաղաքականությունը․ Մուրադ Փափազյան
copy image url

Փաշինյանը չի կարող տանել, որ սփյուռքահայը կարող է վիճարկել իր քաղաքականությունը․ Մուրադ Փափազյան

Ներքին 1 տարի առաջ - 10:00 22-08-2023
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մեկնաբանությունը նախօրեին կայացած դատական նիստից հետո․

«Երևանի Դատարանը Հայաստանի Անվտանգության Ծառայություններին (ԱԱԾ) երկու շաբաթ ժամանակ է տվել՝ ներկայացնելու այն պատճառները, որոնց հիման վրա արգելվել է իմ մուտքը Հայրենիք:

Օգոստոսի 21-ի նիստին մեծ հույզերով էի սպասում։ Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստան մուտքի իմ արգելքը ահաւոր տխրությունով ապրեցի։ Գիտեմ, որ այս որոշումը կայացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով չի կարող տանել, որ սփյուռքահայ անձնավորություն մը կարող է վիճարկել իր վարած քաղաքականությունն այսօր։ Ես մի քանի անգամ արտահայտվել եմ՝ ընդգծելով մեր տարաձայնությունները՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու և Թուրքիային բացվելու վերաբերյալ։ Ես խիստ դատապարտեցի Նիկոլ Փաշինյանի կողմից իր բարձր հանձնակատարի միջոցով սփյուռքը թուլացնելու նպատակով իրականացվող խառնակիչ աշխատանքը: Այն սփյուռքը, որը ղեկավարել և ղեկավարում է պայքարը հանուն ցեղասպանության միջազգային ճանաչման, հանուն Հայաստանի անվտանգության և Արցախի անկախության։ Ո՞ւմ է ձեռնտու այս քաղաքականությունը:

Ես նաև եղել և մնում եմ մեր ազգային պայքարի նվիրված յանձնառու գործիչ:

Փաշինյան եկավ իշխանության՝ ծածանելով ազատության և ժողովրդավարության դրոշները, բայց փաստորեն ոտնահարեց նրանց արժեքները և դրսևորեց ավտորիտարիզմ՝ պարտադրելով այս որոշումը։

Նիստում դատավորը հաստատեց, որ Անվտանգության Ծառայությունները (ԱԱԾ) չեն ներկայացրել իրենց եզրակացությունները, որ իմ հեռացման պատճառը չի փոխանցվել դատարան: Վերջինս Անվտանգության Ծառայություններին երկու շաբաթ ժամանակ է տվել՝ ներկայացնելու և պատճառաբանելու համար իմ արգելքը:

Մենք մեկ տարի է բացատրություն ենք պահանջում, բայց նրանք ընկան անհասկանալի հակասությունների մեջ։ Ի հարկե պատճառ չկա: Ոչ մի պատճառ: Ոչինչ, բացի քաղաքական տարաձայնություններից, ինչ որ անընդունելի է ժողովրդավարական երկրում:

Իմ փափագն էր անձամբ ներկայանալ դատարան՝ պաշտպանվելու համար։ Փաստաբաններս միջնորդություն ներկայացրին այս իմաստով, սակայն դատավորը մերժեց՝ համարելով, որ իմ անվտանգությունը երաշխավորված չէ։

Իմ ապահովությո՞ւնը: Այո, ճիշտ է, իմ անվտանգությունը Թուրքիայում և Ադրբեջանում երաշխավորված չէ։ Բայց Հայաստանում ո՞վ է խաթարելու Հայաստանն ու Արցախը պաշտպանող մարդու անվտանգությունը։ Մարդ, ով պաշտպանում է Հայաստանը, բայց քննադատում է ռեժիմը. Ուրեմն ես Հայաստանում այնքան վտանգի մե՞ջ եմ, որ դատավորը համարի, որ պետությունն ի վիճակի չէ ապահովել իմ անվտանգությունը... Ուստի դատավորը որոշեց, որ ես կարող եմ մասնակցել դատական ​​նիստին տեսազրույցի միջոցով։

Երկու շաբաթից մենք կունենանք դատավարության թվականը։ Հանուն Հայաստանի արժանապատվության, ես ուզում եմ շահել այս դատավարությունը և վերականգնել վերադառնալու իմ իրավունքը։ Բայց եթե ականատես լինենք արդարադատության պարոդիայի, ապա չեմ վարանի իշխանություններին տանել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Կհանդիպենք երկու շաբաթից»: