Երևան +15°
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 20:02 11-08-2023

Սեքս աշխատա՞նք, թե՞ պոռնկություն․ մի ահազանգի հետքերով

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Oragir.News-ն օրեր առաջ անդրադարձել է մի պատմության, որի մասին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը նշում էր, թե քննիչը առգրավել է տրանս անձի կողմից սեքս աշխատանքով հավաքած 27 հազար դոլարը և հրաժարվում է վերադարձնել։

Այս ահազանգի առնչությամբ մենք պարզաբանում ենք խնդրել ՔԿ նախագահի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանից։ Նա նախ նշեց, որ գումարի առգրավումը, նախաձեռնված վարույթը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ տվյալ անձի՝ որևէ համայնքի ներկայացուցիչ լինելու, դրա բերումով իր կարգավիճակի հետ։

«Անհեթեթություն է այդ երկու հանգամանքները միմյանց հետ կապելու, դրանց ներքո ինչ-որ խտրականության էլեմենտներ տեսնելու, և այդ առումով քննչական կոմիտեի քննիչներին թիրախավորելը ոչ մի իրական հիմք չունի»։

Ինչ վերաբերում է գումարի առգրավմանը, Աբրահամյանն ասաց, որ դա տեղի է ունեցել «Տելեգրամ» ալիքների միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրիի շրջանառության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող հսկայածավալ մի վարույթի շրջանակներում և պայմանավորված է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը տվյալ անձի հնարավոր առնչության, այնպես էլ նշված գումարների ծագումնաբանությունն այդ շրջանակներում ստուգելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ։ Այն իրողությունը, որ դա որևէ կապ չունի տվյալ անձի կողմնորոշումների հետ, փաստվում է նաև նրանով, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քննվող նշված ահռելի ծավալի վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել 90 հասցեներում, այդ թվում նաև նշված բնակարանում, և այդ վարույթով անցնում են մեծ քանակությամբ անձինք։ Այդ վարույթով բոլոր դրվագներով ակտիվ քննությունը ներկայումս շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական գործողություններ։ Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ որևէ տիպի շահարկումներից»։

Աբրահամյանին ուղղած մեր հարցը, թե եթե տվյալ հասցեում թմրանյութ չի հայտնաբերվել, ապա ինչու է առգարվվել գումարը, այդպես էլ մնաց անպատասխան։

Ինչևէ, մեր ընթերցողներից շատերը հարց էին ուղղել, թե ինչ ասել է «սեքս աշխատանք», և ինչով է այն տարբերվում «պոռնկությունից», որի սահմանումը տրված է ՀՀ քրեական օրենսգրքով և որի համար պատիժ է սահմանվում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։

Լիլիթ Մարտիրոսյանը, ի պատասխան մեր հարցին, ասաց, որ ինքն առհասարակ դեմ է «պոռնկություն» կամ «պոռնիկ» բառերին։

«Ճիշտ է՝ դա կապվում է Աստվածաշնչի հետ, բայց ինձ համար այդ բառն ընդունելի չէ։ Մենք օգտագործում ենք «սեքս աշխատանք» կամ «սեքս աշխատող» բառերը։ «Սեքս աշխատողը» այն անձն է, որը ծառայություն է մատուցում՝ ինչպես ուզում է՝ տնօրինելով իր մարմինը, իր մարմնի հետ ինչ ուզում, անում է, ինձ համար ընդունելի չէ նաև «մարմնավաճառ» բառը, քանի որ իրենք չեն վաճառում իրենց մարմինը, իրենք ծառայություն են մատուցում ինչ-որ բանի դիմաց։ Այսինքն, սեքս աշխատողը կարող է բնակարանի կամ մեքենայի դիմաց սեքս ծառայություն մատուցել, կամ էլ գումարի։ Այսինքն, չի վաճառում, այլ ծառայություն է մատուցում, ինչպես բոլոր մյուս ոլորտների մասնագետները։ Այո՛, ՀՀ Վարչական օրենսգրքում կա հոդված, որով շատ մարդիկ պատասխաանտվության են ենթարկվում, ինչի՞ համար, որ մարդիկ իրենց մարմինը ինչպես ուզում՝ տնօրինո՞ւմ են։ ԼԳԲՏ համայնքին էլ ինչպես ուզում, անվանում, ասում են՝ արվամոլներ, հիվանդներ։ Հասարակությանը հետաքրքիր էլ չէ՝ ինչպես խոսել մարդու հետ, ոչ չվիրավորեն։ Եթե մարդուն ասում ես «դու պուտանկա ես», ինքը վիրավորվում է, դրա համար էլ մենք ասում ենք «սեքս աշխատող», ու մի օր դա աշխատանք է համարվելու»։

Փաստաբան Կարեն Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրինակ եվրոպական երկրներում անգամ սեքս աշխատողների արհմիություններ կան, իսկ մեր տիպի երկրներում՝ այդ ամենը ոչ միայն բարոյական, այլև օրենքի ուժով էլ է վերահսկվում ու սահմանափակվում, այսինքն, նույն պոռնիկներին հաշվառում են, վարչական տույժերի են ենթարկում, դրանից հետո զսպող որևէ մեխանիզմ չկա, որ 3 անգամ անելուց հետո տանեն մեկուսարան։

«Բայց թե ինչ է իրենից ներկայացնում պոռնկությունը, սահմանում է նոր Քրեական օրենսգրքի 3-րդ գլուխը, որը կիրառելիէ նաև վարչական օրենսգրքի կիրառության հետ։ Ըստ այդմ՝ պոռնկություն է համարվում անձի կողմից այլ անձի հետ վարձատրության, այլ հատուցման կամ դրանց խոստման դիմաց պարբերաբար կամ նման դիտավորությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը։ Այստեղ բանալի բառերը «պարբերաբար» և «վարձատության դիմաց» բառերն են։ Պոռնկությունն այն երևույթն է, որն ուղղված է սեռական կրքերին հագուրդ տալուն, ինչը դրսևորվում է ֆիզիոլոգիական բավարարվածությամբ։ Եթե այն ամենը, ինչ այստեղ նկարագրված է, առկա է, ապա սա համարվում է պոռնկություն»։

Փաստաբանն ընդգծեց, որ իրականում «սեքս աշխատանք» տերմինը կիրառելի է այն երկրների համար, որտեղ այդ ամենն օրինականացված է։

«Այսինքն, սա հակաիրավական չի համարվում։ Օրինակ, երկու տարի առաջ էլ Ֆրանսիայում սեքս աշխատողների արհմիությունը գործադուլ էր հայտարարել, որովհետև հարկերն էին բաձրացրել։ Այսինքն, այնտեղ, այո, դա կարող է որակվել, որպես սեքս աշխատանք, իսկ մեր չափանիշներով դա պոռնկություն է»։