«Նեմեսիսի» հերոսները․ Արամ Երկանյան
copy image url

«Նեմեսիսի» հերոսները․ Արամ Երկանյան

Ներքին 1 տարի առաջ - 20:22 08-05-2023
Ապրիլի 25-ին մայրաքաղաք Երևանի սրտում հանդիսավոր բացվեց «Նեմեսիս» հուշակոթողը, որը հավերժացնում է հայ վրիժառուների հիշատակը։



Այս իրադարձությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Արձանի հանդիսավոր բացումից օրեր անց Անկարան պահանջել է ապամոնտաժել հուշարձանը։ Թուրքական կողմն առանց նախապես ծանուցելու չեղարկել է հայկական Flyone Armenia ավիաընկերությանը տրամադրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար։ Չավուշօղլուն որոշումը պատճառաբանել է «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշակոթողի բացմամբ և այն անվանել «սադրանք»։

Ավելի ուշ՝ Չեխիայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ արձանի կանգնեցումը Երևանում համարում է սխալ որոշում։

1919 թ․ հունվարին Ստամբուլում սկսվեց Անտանտի կողմից կազմակերպված դատավարությունը Երիտթուրքերի կառավարության դեմ։ Աննախադեպ ոճրագործության գլխավոր մեղավորներն ու կազմակերպիչները դատավարությանը ներկա չէին․ բարեհաջող ճողոպրել էին։ Չնայած դրան՝ 1919 թ․ ապրիլի 2-ին գլխավոր դատախազը ներկայացրեց մեղադրանքը։ Դատարանն ապացուցված համարեց բոլոր մեղադրանքները և հեռակա մահվան դատապարտեց երիտթուրք պարագլուխներ Էնվերին, Թալեաթին, Ջեմալին, Նազըմին և մյուսներին։ Սակայն դատարանի որոշումը մնաց անկատար․․․

Նույն թվականին Երևանում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց իրագործել «Նեմեսիս» գործողությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովությունը հանձնարարավեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին։ Նշվել էր Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։



Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության հերոսներին։

«Նեմեսիսի» առաջին գործողությունն իրականացվեց 1920 թ․։ Հունիսի 19-ին Թիֆլիսում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և խորհրդարանի խոսնակի օգնական Հասան Բեկ Ագաևին՝ Շուշիի և Բաքվի հայերի ջարդերի հիմնական կազմակերպչին։

Վրեժխնդրության ու պատմական արդարության վերահաստատման մեկնարկը տրված էր․․․

«Մեր մեռելները հեռու հեռու-հեռու անապատի մեջ են և մեզնից ծաղիկ չեն սպասում, այլ ոճրապարտ գանգերի արյունը»,- այսպիսին էր հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Արամ Երկանյանի հավատամքը։

Դեռ պատանեկան տարիներից վրեժխնդրության արյունը եռում էր Արամի երակներում։ 1911 թվականին պատանին ձեռքն է վերցնում Վենետիկի Մխիթարյանների հրատարակած պատկերազարդ գիրքը՝ 1894-1896 թվականների և 1909 թվականի Ադանայի հայկական ջարդերի մասին։ Դիտելով ջարդերի սահմռկեցուցիչ պատկերները՝ նա երդվում է, որ կդառնա վրիժառու, և պահում է իր երդումը։



Արամ Երկանյանը «Նեմեսիս» գործողության ամենակտիվ մասնակիցն է։ Նա ամենից շատ գործողություններն է իրականացրել՝ հաճախ հանդես գալով կուսակից ընկերների հետ, իսկ երբեմն միայնակ։ Նրա ձեռքով են իրականացվել նաև Մուսավաթ կուսակցության անդամ Ղասիմբեկովու սպանությունը։ Արշավիր Շիրակյանի հետ կազմակերպել են Տրապիզոնի վիլայեթի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիի սպանությունը, որը հրամայել էր Տրապիզոնում 15․000 հայ երեխաների ծովում խեղդել, ապա «Թեշքիլաթ մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրի սպանությունը։

Թիֆլիսից Բեռլին, աշխարհի ցանկացած անկյուն հասանելի էր հայ վրիժառուի համար, միայն թե նվիրյալն իրագործեր իր՝ դեռ պատանեկան տարիներին տված խոստում-երդումը։

Հատկանշական է, որ «Նեմեսիսը» երբեք էլ չվերածվեց ահաբեկչական կազմակերպության, և նրա անդամներն էլ մնացին մարդկային իրենց բարձունքում։ Նրանցից որևէ մեկի ձեռքով երբևէ անմեղ արյուն չի հեղվել։ Հայտնի է, որ Բեռլինում հերթական գործողության ժամանակ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը իրենց թիրախների՝ Բեհաեդդին Շաքիին և Ջեմալ Ազմիի հետ հայտնաբերում են նաև Թալեաթի կնոջը։ Վրիժառուները ամեն ինչ անում են, որ չվնասեն կնոջը, քանի որ նրա անունը վրիժառուների ցուցակում չկար։ Փաստ է, որ այդ արարքով նրանք հենց իրենց են վտանգում։ Նրանց հետ չի պահում անգամ այն փաստը, որ Թալեաթի կինը վկա է դառնում, անգամ այդ միջոցին Շիրակյանին բռնած կնոջ վրա Երկանյանը ատրճանակ է պահում, սակայն հավատարիմ մնալով իր բարձր արժեքներին՝ դարձյալ չի կրակում։

Կյանքի վերջին տարիները խիզախ հայորդին անցկացրել է Ռումինիայում, ապա Արգենտինայում։ Ցավոք, նրան ապրելու կարճ կյանք էր տրված․ միգուցե որովհետև արդեն իրագործել էր իր առաքելությունն այս երկրային կյանքում։

Նա ապրեց ընդամենը 34 տարի․․․

Ամենից շատ դիտված