Պոպուլիզմով իրական փաստերը չես փոխի․ տնտեսագետը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի վրդովմունքի մասին
copy image url

Պոպուլիզմով իրական փաստերը չես փոխի․ տնտեսագետը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի վրդովմունքի մասին

Ներքին 2 տարի առաջ - 23:00 14-02-2023
«Երկնիշ տնտեսական աճն ինքնին դրական երևույթ է, բայց շատ ավելի կարևոր են մի քանի այլ հանգամանքներ, որոնք կապված են տնտեսության կայուն զարգացման հետ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ՀՀ Էկոնոմիկայի նախարարի հայտնած վրդովմունքին, թե ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիր լինելով՝ ռեյտինգային ընկերություններից Fitch-ը Հայաստանի կապիտալն անկայուն է համարել։

«Հիմա նեղանալ կամ փորձել պոպուլիստական եղանակով իրենց վերագրել տնտեսական աճը՝ ճիշտ չէ։ Փաստերն ինքնին խոսուն են, և այդ փաստերի դեմ պոպուլիզմով պայքարել չես կարող։ Պետք է հաշվի առնել, թե ինչով էր պայմանավորված այդ տնտեսական աճը։ Այսինքն, այստեղ պետք է հասկանանք, թե որ մասն է մեր տնտեսական իրական ներուժի հաշվին, իսկ որ մասն արտաքին պատահական գործոնի»,- ասաց նա։

Փորձագետը ցավով արձանագրում է, որ տարբեր գնահատականներով Հայաստանի տնտեսության աճի մոտ 3/4-ը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի ունեցած տնտեսական դրական ազդեցությամբ։

«Դա երևում է նաև վիճակագրությամբ։ Այսինքն, մեր տնտեսության աճի իրական ներուժը․ տոկոս է։ Մնացածն արտաքին պատահական գործոնի ազդեցությունն է։ Դա երևում է, երբ մենք տեսնում ենք տնտեսական աճ կառուցվածքին։ Այդ լրացուցիչ մեծ պահանջարկը, որ եղավ նախորդ տարվա փետրվարից ու շարունակվեց մինչև տարեվերջ, պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով և պահանջարկի ավելացմամբ։ Հիմնական ոլորտները, որ կրել են այս ազդեցությունը` մեր տնտեսության ոչ արտահանելի հատվածն է, առևտուրը, ծառայությունների ոլորտը, ֆինանսական-բանկային ոլորտը, բնակարանաշինության ոլորտը։ Այստեղ նաև անհրաժեշտ է արձանագրել, որ Ռուսաստանից միայն ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգով Հայաստան փոխանցված դրամական միջոցները շեշտակի են աճել՝ մոտ 4․2 անգամ՝ 2022 թվականին 3․6 մլրդ դոլարով աճ է գրանցվել՝ 2021 թվականի համեմատ։ Դա, պատկերավոր ասած, մեր ՀՆԱ-ի միջին ցուցանիշի մոտ 20 տոկոսն է կազմում»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ աճել է նաև արտաքին առևտուրը նույնպես շեշտակի աճ է գրանցել՝ մոտ 70-80 տոկոս։

«Հիմնական ուղղությունը նորից Ռուսատանն է։ Այս դեպքում մենք հիմնականում ներկրում ենք երրորդ երկրներից և արտահանել ենք դեպի Ռուսաստան։ Այսինքն, հիմնական մասը վերարտահանում է եղել և ոչ թե մեր սեփական արտադրության արտահանման։ Նաև շատ կարևոր է արձանագրել, որ այս պատահականության գործոնը, որ հանգեցրել է այդ շեշտակի տնտեսական աճին, ժամանակավոր է»,- ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ նաև միջազգային կազմակերպություններն են դա փաստում, որ այդ գործոնի չլինելու դեպքում մեր երկիրն էական ու լուրջ դժվարությունների առաջ է կանգնելու։ Ըստ նրա՝ նախ այդպիսի բարձր ցուցանիշ չի լինելու, երկրորդ՝ այդ նույն գումարներն ինչպես ներհոսել են երկիր, այնպես էլ արտահոսելու են երկրից։

«Իսկ այսօրվա Կառավարությունն այդ աճն ամբողջությամբ իրեն է վերագրում։ Փորձում է նորից դրական ֆոնն ապահովել, բայց իրականությունն այն է, ինչ ասացի։ Իսկ չլինելու դեպքում միշտ էլ կարելի է մի մեղավոր ու մի պատճառ գտնել։ Օրինակ՝ Քովիդի ժամանակ՝ մինչև 44-օրյա պատերազմը, երբ մենք ունեցանք 2․5 անգամ ավելի մեծ անկում, դա էլ բացատրում էին թե դե ինչ անենք, Քովիդ համավարակն է։ Եվ դա այն պարագայում, երբ դրա դեմ պայքարի ձախողումը հենց իրենց մեղքով էր։ Այդ Քովիդն ազդեց ամբողջ աշխարհի վրա, նաև տարածաշրջանի։ Բայց քանի որ այս ապիկար Կառավարությունն սկզբից մատների արանքով ու քամահրանքով էր նայում այդ ամեն ինչին, դրա համար էլ մենք տնտեսական շեշտակի անկում գրանցեցինք՝ 2․5 անգամ ավելի, քան համաշխարհային կամ տարածարջանի տնտեսության անկումն էր։ Երկրներ կային, որ շատ ավելի քիչ կորուստներով են դուրս եկել այդ իրավիճակից, երկրներ էլ կային, ինչպես օրինակ Հայաստանը, որ շեշտակի ավելի բարձր կորուստներ գրանցեց՝ և՛ մարդկանց կյանքի և տնտեսական ու սոցիալական ցուցանիշների առումով»,- ասաց նա։

Այս առումով, փորձագետը խորհուրդ է տալիս մեծ ոգևորություն չապրել տնտեսական մեծ աճից՝ հետագայում հիասթափություն չապրելու համար։

«Տնտեսական աճի այդ ցուցանիշն իրական ներուժի վերածելու հարց կա։ Այսինքն, որպեսզի այդ դրամական ներհոսքը կապիտալացվի, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր՝ դրանք ներդրումներ վերածելու ուղղությամբ։ Իսկ մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում։ Եվ ապագայում էլ, մեր երկրի համար խորացող աշխարհաքաղաքական այս զարգացումներն ուղղակի ազդում են նաև այդ ներդրումային միջավայրի վրա։ Իրականում, մենք տեսնում ենք, որ այս իշխանության օրոք ներդրումների աճը չնչին է և անհամեմատ քիչ է ներդրումների տնտեսական աճը՝ մեկ այլ մակրոտնտեսական ցուցանիշի համեմատ։ Այսինքն, դա պետական պարտքն է, որն աճել է շեշտակի ավելի բարձր։ Պարզապես արձանագրենք, որ տնտեսական այդ աճն այս իշխանության գործողություններից կախված չէ»,- ասաց նա։