Իրանը պատրաստ է փորձագիտական մակարդակով ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել՝ ապաշրջափակման հարցի շուրջ, եթե Վաշինգտոնը հրապարակայնորեն հայտարարի Թեհրանի հետ համաձայնության հասնելու մտադրության մասին և քայլեր ձեռնարկի վստահությունը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին Iran թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ Թեհրանը դեռևս պատասխան չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնին Իրանի հետ համաձայնություն պետք չէ։ Արաղչին նշել է, որ Իրանը պահանջում է ԱՄՆ-ից հստակ հայտարարել՝ արդյոք ցանկանում է համաձայնության հասնել Թեհրանի հետ, ինչպես նաև ակնկալում է վստահության վերականգնմանն ուղղված համալիր քայլեր։
Նախարարը նշել է, որ Իրանը ճկուն է իր առաջարկած ծրագրի իրականացման ժամկետների հարցում։ Նրա խոսքով՝ Թեհրանի համար էականը ոչ թե ժամկետներն են, այլ ներկայացված պահանջների կատարումը։
Արաղչիի խոսքով՝ Իրանի առաջարկը նախատեսում է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումը ամերիկյան կողմի պահանջների կատարումից հետո երկրորդ օրը։ Դրանց թվում է նաև ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ վերջին սահմանափակումների չեղարկումը։
«Մեր պահանջը հստակ է․ Հորմուզի նեղուցը բացելու համար պետք է կատարվեն մեր ներկայացրած յոթ պայմանները։ Իհարկե, եթե ամերիկացիներն ունենան իրենց առաջարկներն ու պատկերացումները այդ պայմանների իրականացման մեխանիզմների վերաբերյալ, մենք պատրաստ ենք երկխոսության»,- նշել է նա։
Արաղչին հավելել է, որ կողմերը կարող են քննարկել պայմանավորվածությունները փաստաթղթավորելու ձևաչափն ու փոխադարձ ընդունելի համաձայնության հասնելու ուղիները։ Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է բանակցել նաև փորձագիտական մակարդակով՝ քննարկելով պայմանների իրականացման մանրամասները։
Նախարարը հիշեցրել է, որ Իսլամաբադի հուշագիրը նախատեսում էր Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մեկնարկը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց 60 օր անց։ Սակայն, նրա խոսքով, հուշագիրն այլևս բանակցային սեղանին չէ, թեև դրանում ամրագրված սկզբունքները կարող են հիմք դառնալ Վաշինգտոնի հետ հնարավոր համաձայնության համար։