Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 11-ի ամփոփ լուրերը:
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Զվարթնոց օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ահազանգ է ստացվել ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն՝ հայտնելով, որ Կրասնոյարսկ-Երևան թիվ 111 չվերթի օդանավում քաղաքացի է մահացել։ Ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները պարզել են, որ թռիչքի ժամանակ հանկարծամահ է եղել Լոռու մարզի բնակիչ, 84-ամյա Անետա Ս.-ն։ Դեպքի փաստով Քննչական կոմիտեի Զվարթնոց օդանավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հասարակական գործիչ, ռեփեր և պրոդյուսեր Դավիթ Աղաջանյանը այսօր՝ նոյեմբերի 11-ին, ինստագրամյան էջում ուշագրավ տեսանյութ էր հրապարակել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտից։ Տեսանյութում նա նկատել էր աշխատակիցների, որոնք ազգությամբ թուրք մասնագետներ են։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Armsport.am-ը կապ է հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդակցության բաժնի հետ։ ՖՖԿ-ից հայտնել են, որ նշված անձինք ներգրավված են ՈւԵՖԱ-ի հեռարձակման անձնակազմում․ «Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նկարահանման բացառիկ իրավունքը տասնյակ տարիներ պատկանում է ՈւԵՖԱ-ին։ Խաղերի նկարահանումն իրականացնում է անմիջապես ՈւԵՖԱ-ի խումբը, որի կազմում արդեն երկար տարիներ ընդգրկված են նաև ազգությամբ թուրք աշխատակիցներ»։ Հիշեցնենք, որ արդեն վաղը՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ազգային հավաքականը Հանրապետական մարզադաշտում Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում հյուրընկալելու է Կիպրոսի ընտրանուն։
Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սահմանափակ կազմով նիստի բացմանն արդեն հասցրել է հայտարարել, որ որպես 2026 թվականի նախագահող երկիր՝ պատրաստել և կազմակերպության բոլոր անդամների հետ համաձայնեցրել են հանդիպման օրակարգը։ Պուտինի ներկայացմամբ՝ քննարկումների առանցքում լինելու են գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը, անցնող տարվա գործունեության ամփոփումն ու համագործակցության նոր առանցքային որոշումների ընդունումը։ Թեև Ռուսաստանի ղեկավարը վստահեցնում է, որ օրակարգը համաձայնեցված է բոլորի հետ, գագաթնաժողովն ընթանում է Երևան-Մոսկվա բավականին լարված դիվանագիտական ֆոնին, ինչն այս հանդիպման շուրջ ստեղծում է լրացուցիչ քաղաքական ինտրիգ։
Էկոնոմիկայի նախարարությունը նոր ծրագիր է սկսել 63-ից 72 տարեկան քաղաքացիների համար․ նրանց առաջարկվում է մինչև 2 միլիոն դրամ՝ սեփական բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու համար։ Խոսքը հյուրատների, ջերմոցների կամ ավտոտեխսպասարկման կետերի մասին է, իսկ առաջնահերթությունը տրվելու է սահմանամերձ ու լեռնային բնակավայրերին։ Գումարն անմիջապես փոխանցվելու է ապրանքներ ու սարքավորումներ մատակարարող ընկերություններին։ Բացի այդ, ֆինանսավորման հասնելու է միայն 200 ընտրված մասնակից, որոնք ստիպված են լինելու անցնել միջազգային փորձագետների խիստ դասընթացներով, բացել ԱՁ և պարտադիր աշխատել առնվազն 12 ամիս՝ պետության ամբողջական վերահսկողության տակ։ Հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է և տևելու է մինչև դեկտեմբերի 15-ը։
Երևանի կենտրոնում շնչելն արդեն վտանգավոր է դառնում առողջության համար։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ նախորդ շաբաթ մայրաքաղաքի սրտում կրկին գրանցվել են փոշու և ազոտի երկօքսիդի զգալի գերազանցումներ։ Մինչ այլ թաղամասերում ցուցանիշները դեռ տեղավորվում են թույլատրելի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանի բնակիչները օրեր շարունակ ստիպված են եղել շնչել աղտոտված օդ։
Եգիպտոսի իշխանությունները հաստատել են զբոսաշրջիկների համար թղթային միգրացիոն քարտերի կիրառումից հրաժարվելու ծրագրերը։ Քաղաքացիական ավիացիայի նախարար Սամեհ ալ Հեֆնիի խոսքով՝ տեղացիների համար դրանք արդեն չեղարկվել են, և այժմ հերթն օտարերկրյա ուղևորներինն է, թեև կոնկրետ ժամկետները դեռ չեն հստակեցվել։ Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել անձնագրային վերահսկողության էլեկտրոնային դարպասների կիրառումը, ինչպես նաև քննարկվում է մինչև 96 ժամ տևողությամբ առանց վիզայի տարանցման ծրագրի ընդլայնման հնարավորությունը։
Տեսանյութ: